2021.11.15,

Նյուսրում

Արհեստական բանականության լավ ու վատ կողմերը մեդիայում

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Արհեստական բանականությունը (ԱԲ) ստեղծվել է մարդկանց կյանքը հեշտացնելու համար, սակայն քիչ չեն քննարկումներն այն մասին, որ հաճախ ագլորիթմներն են մեր փոխարեն որոշումներ կայացնում, հավաքում մեր տվյալները և այլն։ Այսօր այդ հեշտացման գործընթացը տեղի է ունենում գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում մեդիայում։ 

«Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին։ ԱԲ-ի մեդիայում կիրառման նոր տեխնոլոգիաների, միջոցների և դրանց դրական ու բացասական կողմերի մասին պատմել է Կենտրոնի տվյալագետ Հենրիկ Սերգոյանը։

 

Դրական կողմեր

Բովանդակության ստեղծում

Ամեն օր տեքստի հետ առնչվող լրագրողներից շատերը գուցե չգիտեն, որ ընդամենը ներմուծելով վերնագիրը, կարող են ստանալ համապատասխան տեքստ, որի նմանը համացանցում չկա։ Այդպիսի գործողություններ են անում 6b.eleuther.ai և studio.ai21.com/playground մոդելները։ Չնայած գեներացրած տեքստերը գրվում են ալգորիթմի միջոցով, դրանք ունեն մարդկային շունչ։ Մոդելներն աշխատում են անգլերենով, ու դրանք հայերենի վերածելն այսօր մեծ խնդիր չէ․ տեքստերը թարգմանող գործիքները նույնպես շատ են զարգացել։ 

 

Մշակում և համադրում

Տվյալների լավագույն մշակողն, ըստ Սերգոյանի, մեր ամենօրյա ուղեկից Google-ն է, որը գիտի ամեն ինչ։ Այժմ որոնողական համակարգը ուղղակիորեն պատասխանում է մեր հարցերին, ոչ թե տալիս հոդված ու ասում՝ հարցի պատասխանը կարդա այս նյութի այս էջում։

Եթե Google-ին հարցնենք՝ ո՞րն է Մամուլի ազատության համաշխարհային օրը, այն կպատասխանի՝ 2022 թ․ մայիսի 3-ին, երեքշաբթի։

 

Նմանատիպ բովանդակության առաջարկություն

ԱԲ-ի այս հնարավորությունը կարող է երբեմն առաջացնել վախ, եթե մարդիկ մտածեն, թե սմարթֆոններն ու խելացի սարքերն իրենց հետևում են։ Իրականում, հիմնվելով այդ սարքերով սպառած բովանդակության ու քլիքերի վրա, ալգորիթմն առաջարկում է այն, ինչը ևս կարող է լինել հետաքրքիր՝ ինտերնետային փորձառությունը դարձնելով ավելի անհատականացված։ 

Օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանց մտնելիս հաճախ տեսնում ենք՝ որևէ ընկերություն, պարբերական կամ խանութ առաջարկում է քիչ առաջ որոնած ապրանքի նմանատիպ այլընտրանք կամ հենց նույնը։

 

Տեղեկատվության ֆիլտրում

Հենրիկ Սերգոյանը վերջին տարիներին իրեն հանդիպած ամենապրակտիկ նորույթ է համարում տեղեկատվության ֆիլտրումը, որին շատերս ծանոթացանք պատերազմի ժամանակ։ 

Օրինակ, Ինստագրամը բարեհաջող կերպով շղարշում է բռնություն, սպանություն, արյուն կամ սեռական բնույթի բովանդակություն պարունակող լուսանկարներն ու տեսանյութերը՝ զգուշացնելով ու շատերին հետ պահելով անցանկալի տեսարանների ականատես լինելուց։ 

 

Ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքար

Այժմ սոցիալակամ ցանցերից հատկապես Ֆեյսբուքն ակտիվորեն պայքարում է ապատեղեկատվության կամ մոլորեցնող բովանդակության դեմ։ Ցանցը չունի հայերենի պես քիչ տարածում ունեցող լեզվի համար փաստերի ստուգման գործիքներ։ Հայաստանում նման գործունեություն է իրականացրել վրացական «Փաստ-մետրը» (FactCheck Georgia), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, որպես Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիր։ 

Բացասական կողմեր

Քաղաքական տրամադրությունների տատանում

ԱԲ-ի օգնությունը հաճախ անփոխարինելի է, սակայն դա չի բացառում իր հետ եկող բացասական հետևանքները։ Այն հաճախ ընկնում է ոչ բարի նպատակներով մարդկանց ու խմբերի ձեռքին ու խնդիրների, երբեմն անգամ դառնում օրենքի խախտումների պատճառ։ 

Տվյալագետ Սերգոյանը որպես օրինակ հիշատակեց ԱՄՆ 2016-ի նախագահական ընտրությունների խոշոր սկանդալը, երբ պաշտոնի համար պայքարում էին Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը։ Պարզվել էր, որ Թրամփի թիմը, վերլուծելով ֆեյսբուքյան օգտատերերի տվյալները, կարողացել է արտադրել ու ընթերցողներին գովազդների միջոցով առաջարկել այնպիսի բովանդակություն, որով լարել է Քլինթոնի ներկայացրած Դեմոկրատական կուսակցության դեմ։ Պատմության մեջ այս սկանդալը հայնտի է «Cambridge Analytica» անունով։ 

Պատկերը՝ VOX-ից

 

Բևեռացում

Այս երևույթը նույնպես բնորոշ է քաղաքական դաշտին։ Եթե դու Թրամփի հետևորդ ես, հավանում ու տարածում ես նրա վերաբերյալ նյութեր, սոցցանցերի ալգորիթմները քեզ ավելի ու ավելի շատ են նմանատիպ բովանդակություն առաջարկում, գրեթե բացառելով հակառակ ուժերի մասին չեզոք կամ դրական նոտայով հրապարակումների հայտնվելը քո պատին։ 

Հասարակությունը ձեռք է բերում միանշանակ կարծիք, վերանում է տարբեր կողմերի վերաբերյալ դրական ու բացասական վերլուծությունը՝ ոչ մի տեղ չթողնելով տարակարծությանը։ 

 

Գոյություն չունեցող պատկերների ստացում

Միայն տեքստային տվյալները չեն, որ ինտերնետում կարող են կեղծ լինել․ նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս աննկատ կերպով ստեղծել այնպիսի պատկերներ, անգամ մարդկանց մասնակցությամբ, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ 

thispersondoesnotexist.com կայքը բարդ համադրությունների միջոցով ստանում է գոյություն չունեցող մարդկանց նկարներ, որոնք չափազանց բնական են թվում։ Իսկ openai.com/blog/dall-e/ կայքի ծառայությունները, որոնք բաց կերպով հասանելի չեն հանրությանը, օգտատիրոջ տված նկարագրությամբ կարող է գեներացնել ցանկացած պատկեր, օրինակ, ավոկադոյի ձևով բազկաթոռ։ Եթե գործիքը լայնորեն կիրառվեր, տվյալ օրինակով, գուցե, ինտերյեր դիզայներները անգործ մնային։

Այդ «deepfake» կոչվածները հաճախ են մոլորությունների մեջ գցում ու դառնում անհանգստության պատճառ, երբ ստեղծվում են գոյություն չունեցող տեսանյութեր, որոնցում տարբեր մարդիկ ասում են բաներ, որոնք երբեք չեն ասել։

 

Ալգորիթմների կողմնակալություն

«Ինչու՞ պետք է ալգորիթմները լինեն կողմնակալ։ Նախևառաջ պետք է հասկանալ, թե որտեղից և ումից են սովորում ալգորիթմները։ Դրանց «ուսումն» իրականացվում է ինտերնետում տարածված բազմապիսի նյութերով, որոնց ճշտությամբ կամ կողմնակալ ու ոչ կողմնակալ լինելով ոչ մեկը չի զբաղվում»,- ասում է Հենրիկ Սերգոյանը։  

Կողմնակալությունը կարող է լինել գենդերային։ Օրինակ՝ Google-ի թարգմանիչ ծրագրի համար կարդացողը տղամարդ է, ճաշ եփողը՝ կին։ Դա ունի մի պարզ պատասխան, ինտերնետում եղած տեքստերը հիմնականում նույնպես կողմնակալ են՝ տղամարդուն պատկերելով կարդացողի, կնոջը՝ ճաշ եփողը դերում, իսկ ալգորիթմն էլ վերցնում է ամենաշատ տարածված տարբերակը։ 

Կրոնական կողմնակալության դրսևորման վառ օրինակ կա մեկ-երկու բառով նախադասությունից տեքստ գեներացնող մոդելների մոտ, որտեղ «երկու մահմեդական մտան» նախադասությունը ԱԲ-ն շարունակում է հետևյալ կերպ․ «Երկու մահմեդական մտան Տեխասի եկեղեցի և սկսեցին կրակել․․․»։ Սա նշանակում է, որ մահմեդականներն ինտերնետում ամենաշատը ներկայացվում են ահաբեկչության ու բացասական գործողությունների կոնտեքստում։ 

Հանդիպման մասնակիցներ Տիգրան Ճորոխյանը, Հենրիկ Սերգոյանը և Վահան Մարտիրոսյանը հավաստիացնում են, որ, անկախ դրական ու բացասական հետևանքներից, ԱԲ-ից վախենալ պետք չէ, քանի որ այն կառավարելի է ու մոտ ապագայում կամ գուցե երբեք չի գերազանցի մարդուն։ Նրանք համոզված են, որ ԱԲ-ի հնարավոր բացասական ազդեցությունները կարելի է չեզոքացնել հասարակության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *