2021.06.07,

Քննադատ

Կեղծ, խմբագրված, մասամբ կեղծ․․․ Ֆեյսբուքի վճիռները նաև Հայաստանում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հունիսի 1-ից մեր կայքի Ստուգված է բաժինը ներգրավվել է Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրում։

Ապատեղեկատվութան աճի մասին խոսակցություններն անընդհատ են ու ամենուր։ Ապատեղեկատվության տարածման հիմնական միջավայրը սոցիալական ցանցերն են։ Ու հենց խոշոր սոցիալական ցանցերն էլ պարտավորված միջոցներ են ձեռնարկում ապատեղեկատվությունը նվազեցնելու ուղղությամբ։ Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը այդ քայլերից մեկն է։

Ինչպես  է աշխատում ծրագիրը

Ֆեյսբուքը համագործակցում է փաստերը ստուգող անկախ կազմակերպությունների հետ։ Այս դեպքում որպես չափանիշ ընտրված է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավաստագրի առկայությունը։ Հայաստանից այս ցանցին անդամակցող կազմակերպություն դեռ չկա։ Այդ պատճառով էլ Հայաստանում ծրագիրն իրականացնելու համար ընտրվել է նման հավաստագիր ունեցող վրացական GRASS-ի «Փաստ-մետրը» (FactCheck Georgia

Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրությունների ու հետընտրական շրջանում՝ 2021-ի հունիս-հուլիս ամիսներին, Ֆեյսբուքում և Ինստագրամում հայերեն լեզվով տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մաս կազմող մեր media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրով կհամագործակցի «Փաստ-մետր»-ի հետ։ 

Ֆեյսբուքում հնարավոր ապատեղեկատվություն պարունակող նյութ հայտնաբերելուց հետո վիճելի նյութը մենք գնահատում ենք Ֆեյսբուքի հետևյալ վճիռներով՝ 

  • Կեղծ (False)
  • Խմբագրված (Altered)
  • Մասամբ կեղծ (Partly False)
  • Առանց համատեքստի (Missing Context)
  • Երգիծանք (Satire)
  • Ճշմարտություն (True)

Հրապարակված հոդվածների հիման վրա Ֆեյբուքը որոշակի սահմանափակումներ է սահմանում առաջին չորս վճռով (կեղծ, խմբագրված, մասամբ կեղծ, առանց համատեքստի) գնահատված բովանդակություն տարածող հրապարակողների (անհատական օգտատեր, Ֆեյսբուքի էջ) նկատմամբ։ 

Ավելի պարզ ասած՝ Ֆեյսբուքը սահմանափակում է արդեն ստուգված հրապարակումները տարածելու հնարավորությունը: Նույն հրապարակողների կողմից նոր խախտում հայտնաբերելու դեպքում, Ֆեյսբուքը հնարավոր է նրանց դեմ ձեռնարկի լրացուցիչ միջոցներ` տարածման կրճատում, գովազդի և դրամայնացման (մոնետիզացիայի) հնարավորությունների սահմանափակում և այլն:

Մեթոդաբանությունը

Մեր աշխատանքում օգտագործում ենք «Փաստ-մետրի» մեթոդաբանությունը։ Հիմնական սկզբունքներն են՝ օգնել ընթերցողին տեղյակ լինել ճշմարտությանը, աշխատել թափանցիկ, անհրաժեշտության դեպքում մի քանի անգամ ստուգել նյութը՝ սխալվելու հավանականությունը նվազեցնելու համար։

Վճիռների բողոքարկումը

Եթե հրապարակված նյութը Ֆեյսբուքում նշվում է (նման դեպքում Ֆեյսբուքյան գրառումը շղարշվում է, օրինակ, սխալ տեղեկություն պիտակով) փաստեր ստուգող կազմակերպության կողմից պատրաստված հոդվածի հիման վրա, ապա հնարավոր է ներկայացնել հրապարակված վճիռը վերանայելու պահանջ։ Երկու ճանապարհ կա՝ հրապարակողի կողմից նյութի ուղղում և վճռի բողոքարկում:

Սխալ տեղեկություն, որը շղարշվել է Ֆեյբուքում

Կարևոր է հիշել, որ պետք չէ ջնջել վիճելի նյութը, ո՛չ Ֆեյսբուքում հրապարակումը, ո՛չ կայքում տեղադրված տեղեկությունը։ Ջնջելու դեպքում Ֆեյսբուքի սահմանափակումները կմնան ուժի մեջ, «Փաստ-մետր»-ն ու media.am-ը հնարավորություն չեն ունենա բողոքարկման պահանջի հիման վրա փոխել կամ ուղղել արդեն կայացրած վճիռը: Անհրաժեշտ է ուշադիր կարդալ ուղեցույցը մինչև վճռի վերանայման պահանջ ներկայացնելը։

Կարևոր մանրամասներ

Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրն, իհարկե, ամբողջությամբ չի լուծում սոցիալական այդ ամենամեծ ցանցում ապատեղեկատվության խնդիրը։ 

Փաստեր ստուգող լրագրողները, օրինակ գոհ չեն, որ Ֆեյսբուքը թույլ չի տալիս ստուգել քաղաքական գործիչների խոսքը։ Ֆեյսբուքում ասում են, որ քաղաքական գործիչներին սահմանափակելու դեպքում մարդիկ ավելի քիչ հնարավորություն կունենան տեղեկանալու իրենց ընտրած պաշտոնյաների ասածներին և արդյունքում քաղաքական գործիչներն ավելի քիչ պատասխանատու կլինեն իրենց բառերի համար։

Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ֆեյսբուքը նախատեսում է վերանայել իր այդ սկզբունքը ու փաստերի ստուգման ծրագրի ազդեցությունը տարածել նաև քաղաքական գործիչների վրա։

Այդ փոփոխությունն այդքան արագ տեղի չի ունենա, որ ազդի Հայաստանում ընտրական ու հետընտրական գործընթացների վրա, սակայն հետագայում քաղաքական գործիչների գրառումները Ֆեյսբուքում ստուգելու թույլատվությունը իրոք կարող է ավելի պատասխանատու դարձնել նրանց։

Ստուգման ենթակա գրառումներ հայտնաբերելու համար ամենօրյա ռեժիմով աշխատում է մեր մոնիթորինգի թիմը։ Մենք կիրառում ենք նաև Ֆեյսբուքի մոնիթորինգի գործիքները։ Ընթերցողները կարող են ստուգման համար նյութեր ուղարկել մեր կայքի Կապ մեզ հետ բաժին՝  էլեկտրոնային փոստի վերնագրում գրելով «փաստերի ստուգում»։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *