2021.10.08,

Նյուսրում

2021-ի Նոբելյան խաղաղության մրցանակակիրները լրագրողներ են

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հոկտեմբերի 8-ին Նոբելյան մրցանակի հանձնաժողովը հայտնեց, որ խաղաղության մրցանակի են արժանացել երկու լրագրողներ՝ ռուսաստանյան «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինյան «Rappler» պարբերականի հիմնադիր Մարիա Ռեսսան: 

Նոբելյան հանձնաժողովի ձևակերպմամբ՝ գնահատվել են նրանց «ջանքերը՝ պաշտպանելու արտահայտման ազատությունը, որը հիմարար պայման է դեմոկրատիայի ու տևական խաղաղության համար»։

Հայտարարության մեջ ասված է, որ Դմիտրի Մուրատովը, որը ղեկավարում է թերթը 1995-ից, չնայած իր թերթի թղթակիցների հասցեին հնչող սպառնալիքներն ու լրագրողների սպանությունները, չի հրաժարվել լրատվամիջոցի անկախ քաղաքականությունից և հետևողականորեն պաշտպանել է լրագրողների իրավունքները։ 

«Նովայա գազետա»-ն ստիպված աշխատում է լրատվամիջոցների վրա անկասելիորեն աճող ճնշման պայմաններում՝ հրապարակելով քննադատական նյութեր կոռուպցիայի, ոստիկանական բռնության, անօրինական ձերբակալությունների, ընտրությունների ժամանակ տեղի ունեցող մանիպուլյացիաների, թրոլերի գործարանների ու ռուսաստանյան զորքերի օգտագործման մասին։

Նոբելյան կոմիտեի հանձնաժողովի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսոնը նաև հիշեցրել է, որ այսօր լրանում է «Նովայա գազետա»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15 տարին։

Դմիտրի Մուրատովը մեկնաբանելով իր հաղթանակը, ասել է, որ մրցանակը բոլոր այն լրագրողներինն է, որոնք սպանվել են իրենց մասնագիտական գործունեության պատճառով՝ Իգոր Դոմնիկով, Յուրի Շիկոչիխին, Աննա Պոլիտկովսկայա, Ստաս Մարկելով, Անաստասիա Բաբուրովա, Նատալյա Էստեմիրովա։

«Կփորձենք օգնել այն բոլոր ռուսաստանցի լրագրողներին, որոնք հիմա համարվում են օտարեկրյա ագետներ, որոնց ստորացնում են և վռնդում երկրից», – ասել է Մուրատովն ու հայտարարել, որ մրցանակային գումարը փոխանցելու է երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամ։

Իսկ Ֆիլիպինուհի Մարիա Ռեսսան իր հայրենիքում խոսքի ազատության համար պայքարող սիմվոլ է։ Նրա հիմնադրած «Rappler» անգլալեզու լրատվական պարբերականը լուսաբանել է իշխանությունների չարաշահումները, բռնությունները և աճող ավտորիտարիզմը (հատկապես նախագահ Ռոդրիգո Դուարտեի հետ կապված սկանդալները)։

«Rappler»-ն արդեն տարիներ շարունակ ենթարկվում է հետապնդման։ Այն փորձում են փակել բազմաթիվ դատական հայցեր հարուցելով։ Այսօր էլ պարբարեկանի դեմ միանգամից 11 քրեական գործ է բացված՝ տարբեր մեղադրանքներով՝ զրպարտություն, հարկերից խուսափում, օտարերկյա ֆինասավորում և այլն։ 

Անձամբ Մարիա Ռեսսային սպառնում է վեց տարվա ազատազրկում, քանի որ Ֆիլիպիններում ինտերնետային անվտանգության օրենքները դարձել են գործիք, որով մեկուսացնում են անցանկանալի բովանդակության հեղինակներին։

Մարիա Ռեսսան, մեկնաբանելով իր հաղթանակն, ասել է. «Աշխարն առանց փաստերի նույնն է ինչ առանց ճշմարտության ու վստահության։ Հիմա լրագրող լինելու ամենալավ ժամանակն է։ Երբ դա դառնում է առավել վտանգավոր, նշանակում է, որ այս պահին դա ամենակարևոր գործն է»։ 

Լրագրողներին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումը բավականին անսպասելի որոշում էր, քանի որ հավակնորդների ցանկում էին քաղաքական գործիչներ (օրինակ, բանտում գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, բելառուսուհի Սվետլանա Տիխանովսկայան), ակտիվիստները (օրինակ, էկոակտիվիստ Գրետա Թունբերգը)։

Անգամ կար ենթադրություն, որ մրցանակի կարժանանան ոչ թե անհատ լրագրողներ, այլ «Լրագրողներ առանց սահմանների» լրագրողական կազմակերպությունը։ Հավակնորդների թիվն անցել էր երեք հարյուրը։

Այս մրցանակին կարող է հավակնել ցանկացած մարդ՝ անկախ զբաղմունքից, տարիքից ու փորձից։ Պայմանները պարտադրում են (դա գրված է Ալֆրեդ Նոբելի կտակում), որ թեկնածուն պետք է աջակցի խաղաղ բանակցություններին, ավանդ ունենա ժողովրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում և զինված ուժերի կրճատման կողմնակից լինի։ 

120 տարի առաջ ձևակերպված այս պայմաններին գումարվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ու միջազգային համագործակցության համատեքստը։

Խաղաղության մրցանակը միակն է, որը երբեք հետ չի կանչվում, անգամ երբ մրցանակակրի խաղաղասիրական գործունեությունը խաթարվում է որևէ անցանկալի ու վիճելի պտույտով։ Մրցանակը կազմում է մոտավորապես 1.14 մլն դոլար (10 մլն կրոն)։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *