2021.01.24,

Նյուսրում

Մահացել է հարցազրույցի արքա Լարրի Քինգը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լարրի Քինգը հեռուստատեսային աստղ էր՝ այդ բառի ամենաճիշտ իմաստով։ Նա կարողացել է իր երկար պրոֆեսիոնալ կյանքի ընթացքում հեռուստահարցազրույցի ժանրը դարձնել գրավիչ, գայթակղիչ ու դիտարժան։

Լարրի Քինգը (Լոուրենս Հարվի Զեյգերը) իր կարիերան սկսել է Մայամիում, որտեղի ռադիոկայաններից մեկում աշխատել է որպես հավաքարար։ Մի օր հաղորդավարներից մեկը աշխատանքի չի գալիս, և Լարի Քինգին առաջարկում են նրան փոխարինել ու միանգամից եթեր դուրս գալ։ Պարզապես խնդրում են հրեական ազգանունը փոխարինել ավելի հեշտ արտաբերվող ու հնչեղ տարբերակով։

Հետո արդեն սկսվեց Լարրի Քինգի հեռուստատեսային ճանապարհը, որը տարբեր փուլերում տարբեր պտույտներ է գործել։ Նրան խոշոր գումարների շորթման մեղադրանք է առաջադրվել, կարիերան կանգ է առել, հետո նորից վերսկսվել է ու արդեն անկասելի գնացել դեպի վեր, երբ մեդիա մագնատ Թեդ Թյորները նրան առաջարկեց սեփական շոուն վարել նորաստեղծ CNN-ում։

25 տարվա ընթացքում Larry King Live-ը նույն ժամին, նույն ձևաչափով ու նույն վարողով անխափան եղել է եթերում, առանց որևէ փոփոխության։ Դրա շնորհիվ էլ շոուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Լարրի Քինգը արժանացել է բազմաթիվ լրագրողական մրցանակների, ունի սեփական աստղը Փառքի ծառուղում։ 

Նա հարցազրույց է վարել 50 հազար մարդու հետ, որոնց թվում են ԱՄՆ բոլոր նախագահները, սկսած Ջերարդ Ֆորդից։ Նրա հյուրերն էին տարբեր երկրների առաջնորդներ և ազդեցիկ մարդիկ՝ քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ։ Շոուի հաջողության կիզակետում (մինչև 2010 թվականը), այն դիտում էին ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ։

Նրա շոուին սպասում էին ու նրան ընդօրինակում։ 

Հարցազրույց վարելու Լարրի Քինգի ոճը միանգամից ճանաչելի ու համակրելի էր։ Նա հարցեր էր տալիս անբռնազբոս թեթևությամբ՝ շապիկի թևքերը միշտ ծալած, տաբատի ամրակներով ու պատրաստ ցանկացած պրովոկացիայի։

Հատկապես հետաքրքիր էին նրա հակիրճ ու դիպուկ հարցերը։ Լարրի Քինգը հավատում էր, որ լավագույն պատասխանի է արժանանում ամենակարճ ու ուղիղ տրված հարցը։

«Ես նորարար էի խոսակցական ժանրում թե՛ ռադիոյում, թե՛ կաբելային հեռուստատեսությունում։ Երբ դառնամ 90 տարեկան, կլինեմ առաջինը, ով կհեռարձակի իր շոուն Լուսնից»,- ասել էր Քինգը։

Նա վախճանվեց 87 տարեկանում, հավանսբար կորոնավիրուսից։ 

Իր վերջին հարցազրույցներից մեկում նա հույս է հայտնել, որ իր աշխատանքով հարստացրել, զվարճացրել ու ոգևորել է լսարանին։

Նունե Հախվերդյան
Լարի Քինգի լուսանկարը ԱՄՆ ազգային արխիվից


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *