2020.11.13,

Նյուսրում

Դատապարտելով ատելության խոսքը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Նոյեմբերի 12-ին, Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանից հանրությանն է ցուցադրվել մի տեսանյութ, որն ակնհայտորեն պարունակում է հայհոյանք և ատելության խոսք։

Տեսանյութում խոսում է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած կամավոր, ով մեղադրում է այս օրերին Երևանում անցկացվող ցույցի մասնակիցներին՝ քաղաքական խմորումների մաս դառնալու համար:

Նրա ամբողջ խոսքը կառուցված  է հայհոյանքի, վիրավորական արտահայտությունների, բռնության սպառնալիքի հիման վրա։ Կամավորը սպառնում է, որ դիրքերից իջնելուց հետո տեսանյութի տղաները հաշվեհարդար են տեսնելու այն անձանց հետ, ովքեր նոյեմբերի 10-ին ներխուժել և վնասել են Կառավարության և Ազգային ժողովի գույքը։

Այս տեսանյութից մի կտոր և նմանատիպ մի քանի տեսանյութեր եթեր են հեռարձակել նաև Հանրային հեռուստաընկերության լուրերի հիմնական թողարկման ժամանակ։ Սակայն տեսանյութերից ընտրված են այն կտորները, որոնք հայհոյանք և վիրավորական արտահայտություններ չեն պարունակում։

Այս խնդրով իր մտահոգություններն է արտահայտել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նշելով, որ սա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

«Քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ. նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը, կարող են հանգեցնել բռնության»,-ասել է Թաթոյանը:

Տեսանյութի ցուցադրումը դադարեցված է, քանի որ Հանրապետության հրապարակից ապամոնտաժվել է էկրանը:

«Նոր լեդ էկրանը տեղադրվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տարածելն է եղել։ Ինչ վերաբերում է վերոնշյալ տեսանյութին, ապա հավելյալ տեղեկացրեցին, որ ուղերձից հետո, իրենց անհայտ պատճառներով, սխալմունքի հետևանքով էկրանին է հայտնվել զինվորականի այդ տեսանյութը»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայտարարություն են տարածել նաև լրագրողական կազմակերպությունները։ Նրանք խստագույնս դատապարտել են երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

Կազմակերպությունները պահանջում են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը:

Իսկ մասնավոր լրատվամիջոցներից պահանջում են առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։

«Իշխանությունը պետք է նվազեցնի երկրի ներսում եղած թշնամանքը: Ափսոսում եմ, որ նման խոսքը տեղ է գտնում նաև Հանրային հեռուստատեսությունում։ Իշխանության վրա պատասխանատվություն է այժմ դրվում չօգտագործելու այդ հզոր միջոցը»,-նոյեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, իշխանությունը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի կառուցողական գործողությունների համար: 

«Ամբողջ հանրությանը պետք է միավորել կարեկցանքի շուրջ, անհրաժեշտ է նրանց օգնել, մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, պետք է հստակ գործողությունների պլան ունենալ, թե ինչպես օգնել փախստականներին։ Արցախից վերադարձող զինվորները լցված են ցասումով, նրանց ևս պետք է հնարավորություն տալ համախմբվել կարեկցանքի շուրջ»,-ասում է Նավասարդյանը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ ավելացնում է, որ այս իրավիճակում ատելության խոսքը վատթարացնում է իրադրությունը, մեծացնում երկպառակտումը. «Այսօր պետք է փորձել այս աղետն ավելի մեծ աղետ չդարձնել,  լրատվամիջոցները կարող են դառնալ երկխոսության հարթակ հասարակության ներսում»։ 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ քննարկման ժամանակ ասաց, որ եթե լրատվամիջոցներն այսօր չլինեին քարոզչամիջոցներ, այսօր զբաղված կլինեին մարդկանց խնդիրների ներկայացմամբ․ «Մեդիան  հանրության առջև ունի պատասխանատվություն, մեդիան պետք է թողնի խմբային շահերը, պիտակավորումը և գնա հասարակ քաղաքացու մոտ, պատմի նրանց պատմությունները»։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *