2020.09.23,

Նյուսրում

Կորեական սերիալները հայկական եթերում հաջողել են

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայկական հեռուստաընկերություններում սերիալների բազմազանություն է, հնդկականի հետ այժմ հավասար մրցակցության մեջ են կորեական սերիալները: 

Դրանք մի քանի տարի առաջ ունեին նույն որակն, ինչ Ասիայում դոմինանտ համարվող ճապոնական սերիալները: Ավելի ցածր գնի պատճառով փորձնական ցուցադրություններից հետո ապահովեցին  մեծ լսարան և գրավեցին ամբողջ ասիական շուկան: Վերջին տասը տարիներին կորեական արտադրանքը հաջողությամբ տարածվում է նաև Ամերիկայում, Եվրոպայում:

Կորեական սերիալները տարբեր երկրներում ձևավորեցին խմբեր, որոնք սկսեցին հետաքրքրվել կորեական մշակույթով, երաժշտությամբ և կինոարտադրությամբ:

«Արևի հետնորդները»

Կորեական սերիալների զգալի մասը նկարահանված են իրական պատմական փաստերի հիման վրա: Կան նաև հաջողած սերիալներ, որտեղ իրադարձություններն ու կերպարները մտացածին են, սակայն ներկայացված են պատմական որևէ ժամանակաշրջանում։ Այս սերիալներում շատ են ներպալատական խռովությունները, սադրանքները․ թագը պահելու պայքարը միայն արտաքին թշնամու դեմ չէ:

Իրական, թե մտացածին բոլոր պատմական սերիալներում ներկայացվում է պետության կառուցման խրթին ճանապարհը, որոշումներ կայացնողների անձնական շահերն ու հաշվարկները:

Հետաքրքիր են կառուցված նաև միջանձնային հարաբերությունները ծնողների, նախարարների, սպասավորների, ընկերների միջև, սահմանները կտրուկ են, բայց հարգալից, հիմնված ազնվության վրա:

Իսկ այ սերը գաղտնի, քողարկված և գրեթե միշտ դժվարություններով անցնող:

Տպավորությունն այնպիսին է, որ որևէ կարևոր դետալ՝ երկխոսություն, տեսարան դիտողին չի հասնում և նա դրան սպասում է հաջորդ էպիզոդներում: Իրադարձություններն արհեստականորեն ձգված չեն, ավելին՝ որոշ դեպքերում շատ արագ են զարգանում և անսպասելի ավարտ ունենում: 

Առաջին անգամ Հայաստանում կորեական սերիալ սկսել է ցուցադրել Երկիր մեդիա հեռուստաընկերությունը: «Ջումոնգ» պատմական դրաման, որն արդեն հասցրել էր մեծ լսարան ունենալ ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեծ դիտողականություն ունեցավ:

«Ջումոնգ»

Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանն ասում է, որ կորեականը գնով չի զիջում հնդկական սերիալներին, սակայն որակով և թեմայի հետաքրքրությամբ մի քանի անգամ գերազանցում է դրանց:

Հեռուստադիտողների արձագանքին հետևելով և պահելով հետաքրքրությունը ցուցադրվեց «Ջումոնգ»-ի տրամաբանական շարունակությունը, նրա որդու թագավորության տարիների մասին պատմող հաջորդ սերիալը:

Հիմա ֆինանսական խնդիրներով պայմանավորված հեռուստաընկերությունը չի կարողանում սերիալ գնել, սակայն, ըստ տնօրենի, հնարավորության դեպքում ընտրությունը կլինի կորեականը:

«Լսարանին հետաքրքիր են պատմական սերիալները, այնտեղ ներկայացված է պայքար հանուն հայրենիքի, պետականաշինության, մարդկային բարդ, բայց ազնիվ հարաբերություններ կան: Լավն է նկարահանման որակը, դերասանների խաղը, պատմական իրադարձություններին անդրադառնալու առանցքը և այլն»,-ասում է նա:

Որևէ երկրի սերիալ ուղիղ արտադրողից գնելը, ըստ Հակոբյանի, բավականին թանկ հաճույք է հեռուստաընկերության համար, հիմնական ճանապարհը ռուսական ընկերություններն են, որոնք ցուցադրման իրավունք գնելիս ձեռք են բերում նաև տարածաշրջանում իրացնելու իրավունք: 

Տեղական հեռուստաընկերություններն այսպես կարողանում են մատչելի գնել տարբեր երկրների արտադրության սերիալներ և ֆիլմեր: Կորեական սերիալները ևս այս ճանապարհով են գնվում, հիմնական ծախսը թարգամանությունն ու կրկնօրինակումն է:

Շանթ հեռուստաընկերությունն արդեն երրորդ կորեական սերիալն է ցուցադրում և պատրաստվում չորրորդին: 

«Հվարան» հեռուստասերիալի գլխավոր դերակատարները

«Մենք ուսումնասիրել ենք, որ Հայաստանում կորեական սերիալի լսարանը 12-13 տարեկանից մինչև 25 տարեկան մարդիկ են, նրանք լսում են կորեական երաժշտություն, ինտենսիվ հետևում դրամաներին: Մեր վերլուծությունների վրա հիմնվելով՝ արեցինք առաջին փորձը տեսնելու, թե կորեական սերիալները որքանով կաշխատեն հայկական եթերում»,-ասում են հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիմնականում երկու երկրների արտադրության սերիալները տարբեր լսարան ունեն, թեև բարձր տարիքի հեռուստադիտողները ևս հավանել են կորեական սերիալները, որովհետև փորձում են հստակ արժեքներ տարածել՝ բարություն, խաղաղություն, հարգանք մեծերի նկատմամբ:

«Կորեականները մյուս սերիալներից տարբեր են նաև իրենց արտադրական արժեքով: Oրինակ՝ KBS ընկերության արտադրած «Արևի հետնորդները» դրաման, որը աշխարհում ֆուրոր առաջացրեց, մեկ էպիզոդի նկարահանմանը հատկացրել է 1 մլն-ից մինչև 1,8 մլն դոլար, ինչը  մեծ գումար է սերիալի էպիզոդի արտադրության համար»,-ասում են Շանթից: 

Եվ քանի որ արդեն մեծ դիտողականություն ունեն, հեռուստաընկերությունը շարունակելու է նոր սերիալների ցուցադրությունը՝ եթերում դրանք բալանսավորելով հնդկական սերիալների հետ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *