2020.04.08,

Նյուսրում

Կորոնավիրուսն ու հեռուստաընկերությունների հեռավար աշխատանքը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Կորոնավիրուսը և արտակարգ դրությունը փոխել են հեռուստաընկերությունների աշխատաոճն ու բովանդակությունը։ 

Ինքնամեկուսացման պայմաններում հեռուստաընկերությունների համար դժվարացել է հյուրեր գտնելն ու հրավիրելը տաղավար, առավել ևս անհնարին դարձել թոք շոուների, տարբեր ծրագրերի, սեփական սերիալների նկարահանումները։ 

Հեշտ չէ նաև ստուդիաներից ու որոշ կառույցների պատերից դուրս նկարահանումներ իրականացնելը։ Հեռուստաընկերությունները դրանք նվազագույնի են հասցրել։ 

Հեռուստաընկերությունների կողմից մատուցվող բովանդակությունը նույնպես փոփոխության է ենթարկվել՝ գլխավոր թեման COVID-19-նն է և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Այս ամենը հեռուստաընկերություններին ստիպել է կարճ ժամկետում անցնել հեռավար գործելաոճի, օգտագործել օնլայն հարթակներն ու գործիքները։  

«Արմենիա»

«Արմենիա» հեռուստաընկերությունն այս շրջանում ավելի շատ է ուղիղ միացումներ անում՝ պարետատնից, կառավարության նիստից ու Ազգային ժողովից։ 

Հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ բավականին կրճատել են դրսի նկարահանումները։ Ճիշտ է, մարզային և Արցախի թղթակիցները նույնպես ռեպորտաժներ են պատրաստում, սակայն, ընդհանուր առմամբ, դրանք քիչ են։ 

«Պետական պաշտոնյաներին գտնելը նույնպես բարդացել է։ Նրանք աշխատավայրում սովորաբար չեն լինում, և մենք աշխատում ենք հեռախոսազանգերով լրացնել մեր հարցազրույցների բացը։ Հաճախակի օգտագործում ենք նաև նրանց սոցցանցային գրառումները»,-ասում է նա։ 

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում «Արմենիա»-ն նոր ձևաչափ է սկսել օգտագործել «Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները մեզ համար փոքրիկ ստենդափներ են անում իրենց բնակության վայրերում, ներկայացնում իրավիճակը, պատմում իրենց խնդիրների և դրանց լուծումների մասին։ Ամեն օր մենք ունենում ենք մի քանի այդպիսի սյուժեներ՝ աշխարհի տարբեր մասերից»։

Հեռուստաընկերությունը պարբերաբար փորձում է լուրեր փոխանցել նաև մեկուսացված անձանց մասին նրանց հետ կապ են հաստատում,  հարցազրույցներ անում, նրանց ուղարկած վիդեոներով ռեպորտաժ պատրաստում, բայց խստորեն պահպանելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը։ 

Նման մի ռեպորտաժ իրենց համար պատրաստել էր մի աղջիկ, որը Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում 14-օրյա կարանտինի մեջ էր։ Իսկ պաշտպանության նախարարության խոսնակի տեսանյութը մեկուսացված զինվորների մասին եթեր հեռարձակեցին՝ դեմքերը փակած, քանի որ նրանց համաձայնությունը չունեին։ 

Օնլայն հարցազրույցները դարձել են այսօրվա հեռուստատեսության մի մասը։ Եթե նախկինում առցանց միացումները չէին օգտագործում՝ կադրի ու ձայնի վատ որակի պատճառով, այսօր, Գնել Նալբանդյանի խոսքով, ստիպված են «Այլ ելք չկա, օգտագործում ենք նաև պաշտոնյաների լայվերը»։ 

Այս պայմաններում «Արմենիա»-ն փորձում է լսարանին հնարավորինս տեղյակ պահել Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Իհարկե, լուրերի բազմազանությունը դժվար է ապահովել։ 

«Մեր եթերի մոտ 70-80 տոկոսը, ցավոք, կորոնավիրուս է՝ դրանով են սկսվում մեր բոլոր լրատվական թողարկումները։ Քանի որ մարզական միջոցառումներ չկան, մարզական բլոկ էլ չունենք։ Եղանակի տեսությունը անփոփոխ է»։ 

Հեռուստաընկերությունը դադարեցրել է նաև սերիալների նկարահանումները, իսկ այդ ժամանակը պետք է լցնել ինչ-որ արտադրանքով։ Հեռուստաընկերություններն այս առումով նաև բարդ խնդիրների առջև են կանգնում` պատմում է Նալբանդյանը։ 

Հանրային հեռուստատեսություն

Արտակարգ դրության առաջին օրվանից Հանրային հեռուստաընկերությունն անցավ աշխատանքի արտակարգ ռեժիմի, եթերացանցը փոփոխվեց։ 

Հանրայինը առաջինը սկսեց եթեր հեռարձակել հեռավար դասեր։ Եթերում ավելացան մանկապատանեկան հաղորդումները, հեռուստաֆիլմերն ու ֆիլմերը։ 

«Բառացիորեն մեկ օրվա ընթացքում հեռուստաընկերությունում պատրաստվեց նոր տաղավար»,-ասում է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Տիգրան Դանիելյանը։ 

Առաջին ալիքի լրատվական ծառայությունն այժմ էլ աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով բացի յուրաքանչյուր երկու ժամը մեկ ուղիղ եթերներից, հեռարձակվում են նաև կառավարության անդամների ասուլիսները։ 

Հանրայինի թիմը ապահովում է միասնական տեղեկատվական կենտրոնի բոլոր ուղիղ եթերները և բաց ալիքով դրանք վերահեռարձակելու հնարավորություն տալիս մյուս լրատվամիջոցներին։ 

Արտակարգ դրության հաստատումից հետո հեռուստաընկերության գրեթե բոլոր տաղավարային և արտատաղավարային նկարահանումները դադարեցվել են։ 

Այս պահին արտատաղավարային նկարահանումներ են իրականացնում բացառապես լրատվական ծառայության աշխատակիցները։ 

Տիգրան Դանիելյանն ասում է, որ հարցազրույցների պարագայում երբեմն լինում են դժվարություններ, որոշ պարագաներում լրագրողները դիմում են ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանը՝ հեռավար հարցազրույցներ կազմակերպելու համար։ 

Այնուամենայնիվ, Առաջին ալիքը պահպանել է ուղիղ եթերում «Առավոտ լուսո» նախագիծը՝ կրճատված եթերաժամով, բայց ավելի խտացված տեղեկատվական և ճանաչողական մոտեցմամբ։ 

Մարտի 30-ին եթեր վերադարձավ «Կապրենք, կտեսնենք» հաղորդումը։ Թեև հաղորդավարներն ինքնամեկուսացված են, բայց չորս հաղորդավարները շաբաթական չորս օր տարբեր թեմաներ են քննարկում՝  հյուրերին հյուրընկալելով օնլայն տիրույթում և պատասխանելով դիտորդների հարցերին։ 

Հանրայինի նոր նախագծերից է նաև «Արտակարգ համերգ»-ը, որը երկուշաբթիից ուրբաթ Առաջինի ուղիղ եթերում է։ 

Յուրաքանչյուր նկարահանումից առաջ՝ հեռուստաընկերության օգտագործվող բոլոր հատվածներն ախտահանվում են։ Ինչպես ստեղծագործական թիմին, այնպես էլ համերգի մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ ախտահանիչ միջոցներ, բոլորն անցնում են բուժզննում, ջերմաչափվում են, որից հետո միայն սկսվում են նկարահանումները։ Համերգին բնականաբար հանդիսատես չկա, իսկ տաղավարում այդ պահին աշխատողների թիվը չի գերազանցում 15-ը։ 

Այս օրերին հեռուստաընկերության անձնակազմի զգալի մասն աշխատում է տնից։ 

Լրատվականի լրագրողներից բացի, հեռուստաընկերության ղեկավար անձնակազմը ամեն օր աշխատում է արտակարգ ռեժիմով՝ կազմակերպելով անխափան եթեր։ 

Այլ հաղորդումների ստեղծագործական խմբերի մեծ մասն այս պահին աշխատում են առցանց գործիքներ ներդնելու և իրենց հաղորդումները հեռավար կերպով կազմակերպելու և եթեր հեռարձակելու ուղղությամբ։ 

Առցանց գործիքների օգտագործմամբ եթերի գրաֆիկական լուծումների, մի շարք մոնտաժային աշխատանքների դեպքում մասնագետներն աշխատում են տնից։ 

Հեռուստաընկերության եթերային բաժնի աշխատակիցները  24/7 ռեժիմով են շարունակում իրենց աշխատանքը։ 

Հեռուստաընկերության թիմն անում է ամեն ինչ՝ հանրությանը օպերատիվ և որակյալ լրատվությամբ ու հաղորդումներով ապահովելու համար։ 

«Արմնյուզ»

«Եթե հենց հիմա միացնեք Արմնյուզ, ամենաշատը 7 րոպեում կիմանաք կորոնավիրուսի մասին թարմացվող առաջնային լրատվությունը՝ բովանդակային առումով մենք առաջին հերթին փորձեցինք սա ապահովել»,- ասում է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանը։ 

Նրա խոսքով՝ անմիջապես փոխեցին իրենց վազող տողը՝ գույնը ընթացիկ կապույտից դարձնելով կարմիր և անվանափոխեցին՝ հակիրճ լուրերի փոխարեն՝ կորոնավիրուս։ 

Վարչապետի կողմից արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո էլ լոգոյի վրա հայտնվեց ՄՆԱ՛ ՏԱՆԸ գրառումը։ 

«Բովանդակային առումով մեր եթերում շեշտակի ավելացան նաև կորոնավիրուսին վերաբերող ուղիղ միացումները, հարցազրույցները, քննարկումներն ու վերլուծությունները։ Փոխվեցին նաև մեր գլխագրերը՝ թարմացվող լուսանկարների և վիդեոների միջոցով փորձեցինք հեռուստատեսություն բերել այն տրամադրությունը, ինչը տիրում էր Հայաստանում և արտերկրում»,-ասում է Նարեկ Նիկողոսյանը։ 

Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը նրանց էլ ստիպեցին մի քանի օրվա ընթացքում անցնել գրեթե ամբողջապես հեռավար աշխատանքի։ Տեխնիկական առումով մեծ խնդիրներ չունեցան 

«Բարեբախտաբար, նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն տալիս են հեռուստաեթերը ամբողջապես տնից հեռարձակել։ Եթե կարողանում ես ապահովել ինֆորմացիոն անվտանգությունը, մնացածը արդեն վարժվելու հարց է։ Մեր թիմը արագ լուծեց այդ խնդիրները և կարծես թե հարմարվեց»։ 

Հեռուստաընկերությունում կանգնեցին երկընտրանքի առաջ՝ բավարարել հեռուստադիտողների այս օրերին էլ ավելի մեծացող լրատվական պահանջները, մյուս կողմից էլ՝ ապահովել աշխատակիցների և հյուրերի առողջությունը։ 

«Իհարկե եղան անհարմարություններ, սակայն ինչպես ժամանակակից աշխարհի բնակիչների մեծ մասը, մենք էլ արագ վարժվեցինք օնլայն աշխատելու նրբություններին։ Արդյունքում գնացինք հեռավար աշխատանքի, բայց մեզ մոտ չտուժեցին ոչ աշխատակիցները, ոչ աշխատանքի բովանդակությունը, ոչ էլ որակը։ Իսկ դրսի նկարահանումները պարզապես հասցվեցին նվազագույնի. հիմնական աշխատանքը տնից է կատարվում»,-ասում է հեռուստաընկերության տնօրենը։ 

Նա ասում է, որ իրենց հեռուստատաղավարների դռները փակ են։ Առաջին օրերին հյուրերի մի ստվար մասը չէր տիրապետում ինտերնետային գործիքներին, սակայն Արմնյուզի պրոդյուսերները արագ կապ էին հաստատում հյուրերի հետ, օգնում էին օնլայն միանալ հարցազրուցավարին։ Այս պահին արդեն հարցազրույցներ կազմակերպելու հետ կապված խնդիրներ չկան։ 

Տնից աշխատող բոլոր լրագրողները խմբագրի հետ օնլայն շփումներ են ունենում՝ պատրաստում են իրենց ռեպորտաժները, նկարահանվում և ձայնագրում են տանը՝ համակարգիչներով, աուդիովիզուալ կոնտենտը փոխանցում են տանը աշխատող հնչյունային ռեժիսորներին և մոնտաժողներին, նրանք էլ իրենց տնից վերջնական արտադրանքը փոխանցում են եթերի։ 

«Մեծ հաշվով Արմնյուզում այսօր իրենց աշխատավայրում են միայն եթերայինի աշխատակիցները։ Իհարկե սա էլ էր հնարավոր հեռավար կազմակերպել, սակայն հեռուստատեսային անվտանգության կանոններով դա չի խրախուսում։ Կարելի է ասել՝ այս մարդիկ էլ ըստ իրենց աշխատանքային գրաֆիկի ինքնամեկուսանում են իրենց աշխատասենյակներում»,-ասում է Նարեկ Նիկողոսյանը։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *