2019.01.24,

Նյուսրում

Փաշինյանը կեղծ լուրերի մասին․ «Ես չգիտեմ ինչ անել այս իրավիճակում»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Հայաստանում հեղափոխությունն իրականացել է սոցիալական ցանցերի միջոցով, որովհետև մեդիան իրենց «բլոկադայի» էր ենթարկել:

«Հիմա էլ՝ ես շարունակում եմ ուղիղ միացումներ անել իմ ֆեյսբուքի էջում, երբ բացահայտում եմ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին: Ինձ քննադատում են, որ մամուլի վրա ճնշում եմ գործադրում։ Դա շատ հետաքրքիր իրավիճակ է»,-նշել է վարչապետը:

Միևնույն ժամանակ նա հպարտացել է, որ Հայաստանը գնահատվել է որպես ազատ ինտերնետ ունեցող երկիր, և որ այդ ազատությունը հնարավորություն է տալիս թափանցիկության և տեղեկատվության փոխանակման․ «Բայց նաև մեծ դաշտ է բացում կեղծ, ֆեյք լուրերի համար և կարող է ազդել պատկերի վրա և մեր երկրում, և աշխարհում, բայց եթե անկեղծ լինենք՝ ես չգիտեմ ինչ անել այս իրավիճակում, եթե մեկը գիտի ինչ անել, դա լավ լուր է բոլորիս համար»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը տարօրինակ է համարում Փաշինյանի հայտարարությունը, քանի որ նախորդ տարիներին հայկական մեդիան Փաշինյանին և նրա գործունեությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել:

«Հայտարարության մեջ կարծում եմ ի նկատի ուներ հատկապես հեռուստատեսություններին, սակայն ԱԺ-ում նրա ելույթները, խոսքը եթեր են հեռարձակվել բոլոր հեռուստաալիքներով: Նրան լուսաբանել են գրեթե բոլոր թերթերը և մի անգամ իմ հարցին, թե ինչու «Հրապարակ»-ին հարցազրույց չի տալիս, ասել է, որ երբեմն-երբեմն ուզում եմ դադար վերցնել, քանի որ միացնում եմ համակարգիչս՝ ինձ եմ տեսնում, լսում եմ լուրերը՝ ես եմ»,- պատմում է թերթի խմբագիրը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ լրատվամիջոցներում կեղծ հրապարակումների մասին ֆեյսբուքյան ուղիղ միացումներին, Օհանյանն ասում է, որ ինքը վարչապետի էջում լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ լուրերի մասին հերքումներ չի տեսել. «Միակ դեպքը կապված է եղել խաշի հետ, նա ընդվզել է մեր հրապարակմանը, որ նախկին իշխանության հետ իրենց չհամեմատենք»:

«Հրապարակ»-ի խմբագիրը հույս ունի, որ նոր իշխանությունը իր պահվածքի, խոսքի, քայլերի վրիպումների դեպքում մամուլի արձագանքն անպատասխան չի թողի, և հիմնական գործիչները մամուլի դեմ պատերազմ չեն հայտարարի:

«Եվ կսկսեն պարզաբանումներ և հերքումներ տալ ոչ թե ֆեյսբուքյան լայվերով, այլ իրենց խոսնակների կամ հասարակայնության հետ կապերի բաժինների միջոցով: Նրանք պետք է հաշվի նստեն մամուլի հետ, կարդան և հետևություններ անեն»,- հավելում է Օհանյանը:

Այլ է Armtimes.com կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանի տեսակետն այս հարցում: Նա ամբողջապես կիսում է Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները և հարցադրումներով պատասխանում:

«Հիշու՞մ եք որևէ դեպք, որ Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին պատասխաներ, մամուլի ասուլիս հրավիրեր: Հիշու՞մ եք տարիներ առաջ ինչքան ճնշումներ եղան մամուլի վրա, «Ա1+»-ը փակվեց, մեր թերթի դեմ դատական գործեր հարուցվեցին»,-ասում է Բարսեղյանը:

Նա ասում է, որ իշխանության ժամանակ չի տեսել կամ լսել, որ մամուլի հանդեպ նման վերաբերմունք լինի. «Թեև հիմա բացվում են ֆեյք կայքեր, որոնք զբաղվում են վատորակ բովանդակություն ստեղծելով, իսկ որոշ արդեն ճանաչելի կայքեր՝ այդ կեղծ տեղեկությունները վերատարածելով»:

Ինչ վերաբերում է թափանցիկ աշխատանքին, Լուսինեն ասում է, որ իր բազմաթիվ հարցումներ նախորդ իշխանության տարիներին ուղղակի անպատասխան են մնացել, հիմա եթե կան խնդիրներ, ապա՝ միայն ժամկետների հետ կապված:

«Մեր քաղաքական լրագրողն օրերս իր ֆեյսբուքում գրառում էր արել, թե ինչու են իր հարցման պատասխանն ուշացնում: Լրագրողներն այսօր ուզում են ամեն ինչ արագ լինի, բայց պատկերացրեք քանի լրատվամիջոց կա, որոնք հարցում են ուղարկում, զանգահարում լրատվության պատասխանատուի հետախոսահամարին»,-բացատրում է կայքի խմբագիրը:

Ի վերջո, ըստ խմբագրի, պաշտոնյաներն էլ կարող են չհասցնել բոլորին պատասխանել սեղմ ժամկետներում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *