Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
april-protest-mobile

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ընթացող «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» անունը ստացած բողոքի ցույցերի ու հանրահավաքների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել:

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները ապրիլի 19-ին հայտարարություն են տարածել, որում դատապարտել են լրագրողների նկատմամբ բռնությունները:

«ՀՀ ոստիկանությունից և նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների և օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաև ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում «Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ» թեմայով ասուլիսի ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասել է, որ «Եթե ոստիկան է խախտում լրագրողի իրավուքնները, ապա նա որպես կանոն անպատիժ է մնում»:

«Մի ծեծեք մեր լրագրողներին և ձեր ձեռքերը հեռու պահեք իրենցից»,- ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Խոսելով ոստիկանության հայտարարության մասին, որտեղ նրանք լրագրողներին կոչ էին արել «իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չխոչընդոտել ոստիկանության ծառայողներին՝ իրենց օրինական գործողությունները կատարելիս», Նունե Սարգսյանն ասել է «Ոստիկանության ֆունկցիան չէ բացարձակապես՝ մասնագիտական գնահատական տալ լրագրողի աշխատանքին: Արդյո՞ք ակտիվիստ են, թե՞ լրագրող, այդ պահին իրենք ինչպես պետք է  պահեն և որտեղ լինեն՝ դա բացարձակապես ոստիկանության պարտավորությունների, գործառույթների մեջ չմտնող բան է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող ֆեյբուքյան օգտատերեր կան, ովքեր քաղաքացիական լրագրողներ են և ավելացրել՝ «իրականում շատ հեղհեղուկ է դարձել, թե բեյջ ունեցողն է լրագրող, թե՞  քաղաքացին, որ տվյալ պահին ուղիղ եթեր է մտել և իր տասնյակ հազարավոր հետևորդներին տեղեկատվություն է հաղորդում: Տեղեկատվություն ստանալու իրավունքը մեր սահմանադրական իրավունքն է»:

Գեղամ Վարդանյան