2018.04.19,

Նյուսրում

Լրագրող Տիրայր Մուրադյանը հարձակման է ենթարկվել

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնում, մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության է ենթարկվել Sut.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանը։

Քաղաքացիական հագուստով անձինք, երբ լրագրողը լուսանկարել է նրանց, հարձակվել են և ձեռքերի հարվածներով վնասվածքներ հասցրել Մուրադյանին։ Ընդ որում՝ այդ պահին լրագրողը բեյջով է եղել:

Տիրայր Մուրադյանը ներկայացնում է դեպքի մանրամասները․ «Երեկվանից նկարում ենք այն մարդկանց, ովքեր իրենց վարքով, պահվածքով, տեսքով ակնհայտ տարբերվում են ցույցի մասնակիցներից։ Նրանք սովորաբար լինում են կամ սադրիչներ, կամ հատուկ ծառայությունների, կամ ոստիկանության աշխատակիցներ։ Այսօր Խաչքարների պուրակում նկատեցի կասկածելի մարդկանց և լուսանկարեցի։ Իրենք էլ ինձ նկատեցին և հեռացան տարածքից դեպի Վարդանանց փողոց։

Գրեթե հասել էի Նժդեհի արձանի մոտ, երբ ինձ մոտեցան նրանցից երկուսը։ Սպառնալով, որ իրենց չլուսանկարեմ, միանգամից սկսեցին խփել։ Հարվածներ հասցնելուց հետո վազեցին, որովհետև ես էլի փորձում էի լուսանկարել նրանց դեմքերը։ Այդ ամբողջ ընթացքում ես գոռում էի, որ լրագրող եմ։ Այս ամենին հետևում էին ոստիկաններ, նրանցից մեկին էլ ես մոտեցա, մայորի, և պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել։ Հեգնական ասաց՝ հետո՞ ինչ, որ լրագրող ես։

Շտապօգնություն կանչեցինք, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմում է Տիրայր Մուրադյանը։

Լրագրողը հետազոտվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Հետազոտությամբ պարզվել է, որ Մուրադյանը ստացել է փափուկ հյուսվածքների սալջարդ։

Լրագրողն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իր վրա հարձակվել են այն ժամանակ, երբ մենակ էր, ուրիշ լրագրող չկար։ «Ցանկալի է, որ լրագրողները խմբերով աշխատեն։ Եթե ինձ հետ գոնե մեկ լրագրող լիներ, այս միջադեպը գոնե կնկարահաներ։ Կարծում եմ, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելը չէր խանգարի։ Օրինակ՝ լրագրողների զգեստին ամրացված լինի փոքր տեսախցիկ, որը պարզապես 24 ժամ կնակարահանի տեղի ունեցածը»,- ասում է Sut.am-ի լրագրողը։

Մուրադյանին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի օմբուդսմանի գրասենյակը։ «Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։ Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ»,- նշված է օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *