Հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանը մարտի 1-ից աշխատանքի է անցել «Առաջին լրատվականում»` 1in.am-ում: Առաջարկն եղել է ինտերնետային հեռուստատեսության ղեկավարության կողմից: Նա քաղաքական և հասարակական թեմաներով հարցազրույցներ է վարելու 1in.am-ի եթերում:
«Առայժմ աշխատելու եմ այն ձևաչափով, որը ձեզ ծանոթ է հեռուստատեսությունից: Չեմ բացառում, որ հետագայում հանդես կգամ այլ նախագծերում»,- մեզ հետ զրույցում ասաց Նվեր Մնացականյանը:
2016թ.-ից հեռուստատեսային եթերից դուրս եկած մեկնաբանը պատմում է, որ ակտիվ լրագրությունից չէր հեռացել. «Հեռուստատեսությունից դուրս գալուց հետո հարաբերական հանգստի վիճակում էի և չժանգոտելու համար աշխատում էի rusarminfo.ru-ում, վարում էի հեղինակային հաղորդում»,- ասում է Մնացականյանը:
Լրագրողը խմբագրության հետ առաջին զրույցի ժամանակ պայմանավորվել է իր ստեղծագործական ազատությունը եթերում չսահմանափակելու մասին:
Նոր աշխատավայրին հարմարվելու խնդիր Մնացականյանը չունի, քանի որ նորմալ է վերաբերում աշխատանքային փոփոխություններին, հատկապես եթե պատճառներն օբյեկտիվ են լինում:
Հեռուստատեսային եթերում ամենաերկարը Նվեր Մնացականյանն աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում (1998-2011թթ): 2011-ին նա տեղափոխվել է Հանրային հեռուստատեսություն, որտեղ աշխատել է մինչև 2016թ.-ը:
Գայանե Ասրյան