2017.10.19,

Նյուսրում

«Կույսերն» ու 40 լրատվամիջոցները

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Արդարադատության նախարարությունում չգրանցված, փաստացի գոյություն չունեցող «Կույս կանանց միավորում» անունով «կազմակերպությանը», որը Ֆեյսբուքում ինկոգնիտո գործող սատիրիկ խումբ է, հաջողվել է դառնալ մամուլի հերոս:

«Կույս կանանց միավորում» ՀԿ անվանումով ֆեյսբուքյան էջը 2017թ.-ի հոկտեմբերի 17-ի դրությամբ հասցրել է 7900 հետևորդ հավաքել սոցիալական այդ ցանցում: Լոգոն ընտրված է Անահիտ դիցուհու պատկերը, և հումորը հենց այստեղից էլ սկսվում է՝ Անահիտ դիցուհին պտղաբերության և մայրության խորհրդանիշ է համարվում:

«Կույս կանանց միավորումը» ակնհայտ երգիծական տեքստերով ու հայտարարություններով կարողացել է մուտք գործել մամուլի էջեր, լրատվամիջոցների խմբագիրներին համոզել իր գոյության մասին, միֆը իրականության տեղ անցկացնել:

Ընդ որում, «կույսերն» այնպես համառորեն ու հետևողական են հետաքրքրություն ստեղծում իրենց անվան շուրջ, որ ժամանակին նրանց գոյություն չունենալու փաստն արձանագրած լրատվամիջոցը նույնպես հայտնվել է թակարդում: Խոսքը Armtimes.com կայքի մասին է:

Չնայած խմբագրությունն ինքն էր ուսումնասիրել և պարզել, որ նման կազմակերպություն գոյություն չունի, այնուամենայնիվ այդ բացահայտումից ամիսներ անց չդիմացավ գայթակղությանը և կայքում արտատպեց այս անհայտ խմբի կողմից տարածած մի քանի հայտարարություններ:

Վերջին օրինակը՝ երբ «Կույս կանանց միավորումն» անդրադարձել էր ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքին. «Կնոջն ամուսնական քացի հասցնելու համար պատասխանատվության կանչը միայն խլունձ է հարուցում»։ Կայքն անգամ ուշադրություն չի դարձրել, որ «կազմակերպության» տարածած հաղորդագրություններում հաճախ են օգտագործվում գոյություն չունեցող բառեր, օրինակ՝ «խլունձ»։

Armtimes.com-ն ավելի վաղ արտատպել էր այս «միավորման» կոչերը՝ ուղղված Լևոն Արոնյանին, Արիանա Կաոիլիին և Հենրիխ Մխիթարյանին։ Նույն հայտարարությունները արտատպել էին նաև այլ կայքեր, մասնավորապես՝ Hayeli.am-ը, Asekose.am-ը և Ռադիովանը։ Սա՝ 2017 թվականին։

Իսկ ընդհանրապես «կույսերը» մամուլում շրջանառվում են դեռ 2015 թվականից։

«Հրապարակը» գրել էր, որ «Կույս կանանց միավորմանը» հովանավորում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Իսկ երբ «կույս կանայք» ֆեյսբուքում գրել էին, թե վերջապես ավարտվեց կազմակերպության գրանցումը, և շուտով կբացվի նաև գրասենյակ, Henaran.am-ը շտապել էր այն լուրջ ընդունել։ Նշենք, որ մինչ օրս Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում նման անունով կազմակերպություն չկա։

Դրանից մեկ տարի անց «Իրավունք» թերթը տպագրեց հարցազրույց «կազմակերպության նախագահ» Արշալույս Ենոքյանի հետ: Լրագրողի հարցին, թե՝ չե՞ք պատրաստվում գործել նաև օֆլայն տիրույթում, զրուցակիցը պատասխանել է, թե իբր նման գործունեություն իրենք վաղուց են ծավալում, որպես օրինակ բերելով Մշակույթի նախարարության և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի համատեղությամբ նկարահանված «Հայու ոգին» տեսաշարը։ Տեսաշարում, սակայն, ոչ մի տառ չկա այս «միավորման» մասնակցության մասին։

Ապա զրուցակիցն ավելացնում է․ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտահղացած «100 բարձ ապրելու համար» ծրագրի շրջանակներում նախաձեռնել ենք «100 նուշ սիրելու համար», «Ապագայի 100 փոցխ» ծրագրերը եւ շատ այլ քայլեր, որոնք նպատակ են ունեցել խրախուսել ու աջակցել հայ մարդուն, հայու տեսակին»։ «100 նուշ սիրելու համար» և «Ապագայի 100 փոցխ» ձևակերպումները պարզապես բառախաղեր են։

Լրագրողը չի ստուգել՝ զրուցակցի ասածներից ինչն է համապատասխանում իրականությանը։

«Կույս կանանց միավորմանը» ժամանակին հաջողվել է իրար խառնել նաև քաղաքական դաշտը, այդ ընթացքում կրկին լինելով մամուլի ուշադրության կենտրոնում: ««Կույս կանանց միավորման» խորհուրդը ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների երջանկահողդողդ քայլը հայագորով այս հանգրվանում» վերնագրով հայտարարությունը տարածեց լրատվական կայքերից մեկը: Խոսքը վերը նշված երեք կուսակցությունների կողմից համաձայնագրի ստորագրման մասին է։

Գրեթե նույն ժամանակահատվածում «Կույս կանանց միավորումը» հայտարարություն տարածեց, թե միանում է Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։ Politik.am-ն առանց արձագանքի չթողեց այս իրադարձությունը։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լուրերի հաղորդավարը ծիծաղեց միավորման անունն ընթերցելիս, բայց՝ ընթերցեց։

Բանը հասավ նրան, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ «Կույս կանանց միավորում» ՀԿ Հայաստանում գոյություն չունի՝ ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե։ Եվ մամուլն այս հայտարարությանը նույնպես անդրադարձավ։

«Կույս կանանց միավորում» ֆեյսբուքյան էջից երգիծախառն պատասխան ստացավ նաև Media.am-ը:

Մենք հարցրել էինք նրանց, թե ինչպե՞ս են կարողանում մամուլի համար հետաքրքիր լինել՝ չունենալով գրանցում ու որևէ գործունեությամբ չզբաղվելով:

«Այն, որ հայրենի լրատվամիջոցները երբեմն տարածում են «Կույս կանանց միավորման» հայտարարությունները՝ առանց զետեղելու լրացուցիչ կամ ընթերցողի վզին սեփական կարծիքը փաթաթելու ջիգազուրկ, միայն ողջունելի է և խոսում է տվյալ լրատվամիջոցի արհեստավարժության մասին։ Ինչ վերաբերում է գրանցմանը, ապա «Կույս կանանց միավորումը» գործում է որպես ՀՀ սփյուռքի նախարարության ենթածրագրերի իրականացման ենթաբաժնի աջակից, գրանցված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հայապահպան կազմակերպությունների ցանկում, ինչպես նաև ֆեյսբուքում։ Մեր գործունեությունը բաց է և թափանցիկ, ինչպես նաև հրապարակային»,- ասվում է մեզ ուղղված նամակում։

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *