2017.05.17,

Նյուսրում

Ինքնակարգավորման տաքն ու սառը կամ ԱՊԼ-ին սպասելիս

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Մայիսի 21-ին տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրը: Այս մրցաշրջանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլասերի համար անհասանելի մնաց լիգայի խաղերի մոտ ութսուն տոկոսը:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային լիգայի հեռարձակման բացառիկ իրավունքը 2016-2019 թվականների համար՝ Հայաստանում ձեռք է բերել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»՝ Հ2-ը:

Հեռուստաընկերությունը յուրաքանչյուր տուրից ցուցադրում է երկու խաղ: Խաղերի ընտրությունը կատարում է հեռուստաընկերությունը: Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, հ2-ի կողմից հեռարձակվող երկու խաղերից մեկը հենց այդ ակումբի մասնակցությամբ է:

Սակայն Հայաստանում կան ԱՊԼ այլ թիմերի երկրպագուների ֆան խմբեր նույնպես, և ֆուտբոլասերներին չի գոհացնում իրենց ֆավորիտների մասնակցությամբ հանդիպումների հեռարձակման թիվը:

Քանի որ խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում է միայն հ2-ին, մալուխային հեռուստաընկերությունները ԱՊԼ մյուս խաղերի ժամին անջատում են ռուսական մարզական ալիքների եթերը, չխախտելու համար «Հայկական երկրորդի» հեղինակային իրավունքները:

Խնդիրն այն է, որ ռուսական «Матч»-ը, իր դուստր հեռուստաալիքներով հանդերձ, ԱՊԼ խաղերը Հայաստանում հեռարձակելու իրավունք ձեռք չի բերել:

Անգամ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ժամանակաշրջանում, երբ հնարավոր է թեկուզ ոչ օրինական ճանապարհով դիտել ցանկացած մարզական մրցաշար, ֆուտբոլասերները բարձրացնում են ավանդական ճանապարհով՝ հեռուստացույցով ԱՊԼ բոլոր հանդիպումները դիտելու հարցը:

ԱՊԼ երկրպագուներին ստեղծված իրավիճակը զայրացնում է: Շաբաթներ առաջ Պրեմիեր լիգայի հայալեզու կայքը նամակ էր գրել հ2-ին, տրամաբանական և օրինաչափ համարելով, եթե ռուսական «Матч»-ի եթերը Հայաստանում արգելափակվի միայն այն խաղերի ժամին, որոնք ցուցադրում է հ2֊ը։

«Յուրաքանչյուր տուրի 10 հանդիպումից ցուցադրում եք միայն Մանչեսթեր Յունայթեդի մասնակցությամբ և մեկ այլ հանդիպում, ընդհանուր՝ 2 խաղ, բայց իրավունք եք վերապահում պահանջել նաև մյուս 8 խաղերի արգելափակումը։ Մեզ զրկում եք առաջնության կարևոր խաղերին հետևելու հնարավորությունից, այն դեպքում, երբ այդ խաղերի ժամանակ ձեր ալիքով հեռուստախոհանոց է կամ ինչ-որ սերիալ։

Եթե հնարավորություն չունեք ցուցադրելու բոլոր խաղերն, ապա գոնե ունեցեք ողջամտություն և թույլ տվեք այլ ալիքներով նայել խաղերը»,- ասված է երկրպագուների նամակում։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Media.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Հայկական Երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության և «Saran Media International Ltd.» ընկերության միջև 2016 թվականի մայիսի 13-ին կնքվել է պայմանագիր` Անգլիայի Պրեմիեր Լիգայի ֆուտբոլային խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքով:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին հարցերը կարգավորվում են համանուն օրենքով: ՀՌԱՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանն ասում է՝ հ2-ը, ունենալով Պրեմիեր Լիգայի ֆուտբոլային խաղերի ցուցադրման բացառիկ իրավունք, այդ մասին կարող է ծանուցել կաբելային հեռուստաընկերություններին:

ՀՌԱՀ-ը գրությամբ չի դիմել կաբելային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններին՝ ԱՊԼ ֆուտբոլային խաղերի հեռարձակումը դադարեցնելու պահանջով:

Դավիթ Մարգարյանի խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռուստառադիոընկերություններն իրենք են մշակում և իրականացնում իրենց ծրագրային քաղաքականությունը: ՀՌԱՀ-ին  օրենքով վերապահված չէ հեռուստառադիոընկերությունների ծրագրային քաղաքականությանը միջամտելու գործառույթ:

Ստացվում է, որ կաբելային հեռուստաընկերությունները գնում են ինքնակարգավորման ճանապարհով՝ չխախտելով հ2-ի հեղինակային բացառիկ իրավունքը: Հ2-ից պարզաբանում են նույն կերպ՝ որևէ մեկին որևէ բան չեն պարտադրել, որևէ խաղի հեռարձակում անջատել չեն ստիպել:

Եթե ալիքը չի ստիպել, ստացվում է, որ դա կամային արել են հեռարձակող օպերատորները: «Յուքոմ»-ից պարզաբանեցին, որ նկատի ունենալով, որ ԱՊԼ խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը Հայաստանի տարածքում պատկանում է հ2-ին, որեւէ այլ հեռուստաալիքով վերոնշյալ խաղերի ցուցադրումը կառաջացնի հ2 իրավունքների խախտում, ինչն էլ ենթադրում է ֆինանսական պատասխանատվություն:

Հարցին՝ իր բաժանորդների պահանջը բավարարելու նպատակով «Յուքոմ»-ը քայլեր ձեռնարկու՞մ է, հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում ձեռք բերի հեղինակավոր առաջնությունների, այդ թվում՝ ԱՊԼ-ի հեռարձակման իրավունքը Հայաստանում, ընկերությունը պատասխանել է.

««Յուքոմ»-ը վարում է բանակցություններ տարբեր իրավատերերի հետ, որոնց ընթացքը և մանրամասները համարվում է առևտրային գաղտնիք: Բանակցությունների արդյունքում հօգուտ իր բաժանորդների ձեռք բերված համաձայնությունների մասին Յուքոմը կտեղեկացնի հանրային կարգով»:

Գագիկ Աղբալյան

Գլխավոր լուսանկարում՝ ԱՊԼ-ի խաղերի հեռարձակման ժամին, “Матч” հեռուստաալիքի թողարկման փոխարեն էկրաններին հայտնվում է այս իրազեկումը:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *