2017.01.19,

Նյուսրում

Մարդ-կամուրջ. Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց «Ագօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թերթի խմբագրության մուտքի մոտ կատարված այդ սպանությունը հրապարակային ու ցուցադրական էր, և մինչև այսօր հանգուցալուծում չի ստացել:

Հրանտ Դինքի մահը ցնցեց առաջին հերթին հենց Թուրքիայի քաղաքացիներին՝ առաջացնելով կարեկցանքի ու համախմբության ալիք: «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառներով հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ, և Հրանտ Դինքի հուղարկավարությունը դարձավ քաղաքական ակցիա՝ ուղղված ընդդեմ ամենաթողության ու վախի մթնոլորտ տարածելու փորձին:

Հրանտ Դինքը ոչ միայն առաջիններից էր, ով խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտվեց անազատության, այլև առաջիններից էր, ով փորձեց հաշտեցման եզրեր որոնելով՝ կամուրջ դառնալ հայերի ու թուրքերի միջև:

Նա իր էությամբ մարդ-կամուրջ էր, լրագրող և միաժամանակ քաղաքական ակտիվիստ, ով հավատում էր, որ մի մարդուց դեպի մյուսը ձգվող նեղ արահետները հնարավոր է ընդլայնել ու տարածել: Եվ արդյունքում՝ զերծ պահել հասարակությունները ազգայնականության դրսևորումների սարսափից:

«Ես մարտահրավեր եմ նետում պատմության ընդունված տարբերակին, քանի որ սև ու սպիտակ չեմ գրում։ Մարդիկ այստեղ սովոր են սև ու սպիտակին, դրա համար էլ ապշում են, երբ այլ երանգներ են հայտնաբերում»,- Հրանտ Դինքի այս խոսքերը արդիական են նաև հիմա, երբ չի երևում, որ Երկիր մոլորակի վրա ապրող մարդիկ սկսել են հարգել երանգների ներուժն ու մարդու ինքնաարտահայտվելու հիմնարար իրավունքը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *