2016.09.16,

Նյուսրում

Թվայնացում՝ պլյուս-մինուս

Լրագրողական կազմակերպությունները փորձում են անհավասար մրցակցության պատճառով վերանալուց փրկել թվային հեռարձակման լիցենզիա չունեցող և մարզերում գործող անալոգային հեռարձակվող տեղական հեռուստակայաններին:  

«Անալոգային հեռարձակման անջատումից հետո այդ հեռուստակայանները, փաստորեն, շարունակելու են գործել, բայց ում համար՝ հայտնի չէ», – Media.am-ին փոխանցեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այս պահին Հայաստանի ամեն մարզում միայն մեկ հեռուստաընկերություն ունի թվային հեռարձակման արտոնագիր, իսկ մարզում գործող մյուս հեռուստաընկերություններն անալոգային հեռարձակումը շարունակելու թույլտվություն են ստացել՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը կամ արտոնագրի նոր մրցույթների անցկացումը: Օգոստոսին չեղյալ հայտարարվեց և մեկ տարով հետաձգվեց մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով: Մինչդեռ հեռարձակման արտոնագրերի հերթական հաջորդ մրցույթը 2020թ.-ին է ենթադրվում:

Զուտ անալոգային հեռարձակում ունեցող հեռուստակայաններն, Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ, փորձում են միջանկյալ լուծումներ գտնել, որոնցից մեկը  մարզային կաբելային վճարովի փաթեթներում ներառվելն է. « Սակայն դա նույնպես մրցակցային անհավասար դաշտ է ստեղծում»:

Տեղականներին «փրկելու» օրինագիծ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սեպտեմբերի 15-ին համատեղ մշակած օրինագիծ են ներկայացրել խորհրդարանի խմբակցություններին , որով երկու խնդիրների արագ լուծում են առաջարկում:

Դրանցից մեկը վերաբերում է հեռարձակման արտոնագրերի առաջիկա մրցույթին. « Մինչև 2020թ., երբ հերթական մրցույթները պետք է անցկացվեն՝ հիմնականում հանրային մուլտիպլեքսորում տեղ գտնելու համար, առաջարկում ենք մարզերում գործող հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիան ավտոմատ կերպով փոխարինել թվայինով: Եթե իրենք ունենան այդ լիցենզիան, և օրենքը թույլ տա նաև մարզերում փոքր, մասնավոր մուլտիպլեքսոր ստեղծել, նրանք կկարողանան գործել»,-փոխանցեց Աշոտ Մելիքյանը:

Ուստի, նախագծում ամրագրված մյուս առաջարկը մասնավոր մի քանի մուլտիպլեքսորների մուտքն է շուկա. «Եվ դա ոչ թե գործող օրենքով նախատեսված այն ահռելի գիգանտն է, որը պետք է կենտրոնացնի հեռարձակումը՝ ներառելով ամբողջ երկիրը, ինչն անընդունելի է նաև մենաշնորհային և վերահսկողության տեսանկյունից: Մենք առաջարկում ենք, որ մասնավոր մուլտիպլեքսորը կարող է լինել մեկ կամ մի քանի մարզերում: Եթե մեր մշակած նախագիծն ընդունվի, տեղական հեռուստաընկերությունները կարող են միավորվել և մուլտիպլեքսոր ստեղծել. դա մեծ գումարների հետ կապված չէ: Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ մի քանի տասնյակ հազար եվրոյով լուծելիք հարց է, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար դա մեծ գումար չէ», – ասաց  Մելիքյանը:

Իսկ տեխնիկապես հնարավո՞ր է մասնավոր մի քանի մուլտիպլեքսորի գործունեությունը Հայաստանում. « Հնարավոր է, ուղղակի պետք է որպես ռեալ ելքային տվյալ ընդունել մեր երկրին հատկացված կապուղիները և կիրառվող այն տեխնոլոգիաները, որոնք մեկ կապուղու օգտագործմամբ որոշակի քանակով հեռուստածրագրեր հեռարձակելու հնարավորություն են տալիս»,- Media.am-ին փոխանցեց Հայաստանի Հեռուստատեսային և ռադիհաղորդիչ ցանց փբը գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն՝ ավելացնելով, որ Հայաստանում ներդրված թվային հեռարձակման համակարգը մեծ հնարավորություններ ունի և համապատասխանում է ժամանակակից տեխնոլոգիաների բարձր պահանջներին:

Ինչ վերաբերում է Վրաստանում թվայնացման գործընթացի մոդելին, Ամալյանի կարծիքով, այն հաջողված չէ. « Այնտեղ հաճախությունների ռեսուրսները շատ են փոշիացել. երբ դու հեռուստաընկերությանը տալիս ես շատ փոքր հեռարձակման գոտում աշխատելու հնարավորություն, դու դրանով չես նպաստում նրա որակի բարձրացմանը և տնտեսական անկախությանը. ստանում ես մանկահասակ, սիրողական հեռուստաընկերություն: Իմ կարծիքով, փոքր երկրում հեռուստակայանները սփռման հնարավորինս լայն գոտի պետք է ունենան, ինչը որակական աճին նաև նպաստող գործոն է»:

Անալոգային հեռուստահեռարձակման՝ «ուշացած» անջատումը

Հեռուստատեսային անալոգային հեռարձակման անջատումը Հայաստանում նախատեսված է սկսել հոկտեմբերի 20-ից: Մինչդեռ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը պահանջում է, որ դա արված լիներ մինչև այս տարվա սկիզբը:

Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ « 2016թ. հունվարի 1-ից պետությունն օրենք է խախտում: Երբ մենք հորդորում էինք ևս մեկ անգամ փոխել օրենքը և պաշտոնապես ամրագրել թվայնացումը, մեզ, այդ թվում՝ Գրիգոր Ամալյանը, ասում էին՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: Բայց ես, այնուամենայնիվ, կհակադարձեմ՝ օրենքը պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը և կատարել թե՚ մեկը, թե՚ մյուսը»:

«Անկեղծ եմ ասում՝ ուշադրությունը գլխավորապես սևեռել ենք մարդու՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի վրա: Եթե մենք անալոգային հեռարձակումն անջատեինք 2016թ. հունվարի մեկին, մեր անապահով քաղաքացիների միայն մի փոքր մասին բաժանած կլինեինք համապատասխան սարքերը: Եվ եթե նույնիսկ բացթողում եղել է Սահմանդրությունը և օրենքը համապատասխանեցնելու հարցում, կարծում եմ, պետք է ներողամիտ լինել»:

Կցուրդների բաժանումն ավարտված է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պնդմամբ, սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար տրամադրվող թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ( կցուրդների) բաշխումը օգոստոսի վերջին ավարտվել է Հայաստանի ամբողջ տարածքում:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, քանի որ ո՚չ պետությունը, ո՚չ էլ հասարակական որևէ կազմակերպություն գործընթացի ուսումնասիրություն չեն անցկացրել ( ինչպիսիք պարբերաբար արել են հեռարձակման թվայնացման շատ հաջող փուլ անցած երկրներում)՝ «Ես կարող եմ և կասկած հայտնել, որ այդ թվային կցուրդները ոչ բոլոր կարիքավոր ընտանիքներին են հասել»:

Օրինակ, երկու  տարի առաջ ԽԱՊԿ-ն աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունից պատասխան է ստացել, որ Հայաստանում 130 հազար անապահով ընտանիք է գրանցված: Մինչդեռ պետությունը բաժանել է շուրջ 108 հազար կցուրդ. «Կարող են լինել օբյեկտիվ բացատրություններ՝ անապահովության հաշվարկի տարբեր մոդելներից մինչև, ասենք, այդ խավի մարդկանց արտագաղթ: Բայց դա պետք է պարզաբանվի հետազոտման արդյունքում, որպեսզի ենթադրություններ չարվեն: Իրականությունը քիչ թե շատ հայտնի կդառնա, երբ անալոգային հեռարձակումն անջատեն, և կցուրդ չստացած անապահովները չկարողանան հեռուստացույց դիտել, սկսեն բողոքել»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *