2016.03.01,

Նյուսրում

Քրեական մեղադրանք՝ լրագրողի և օպերատորի աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու համար

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Սիրուշ Հովհաննիսյանը բռնությամբ խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:

Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը բռնի խոչընդոտելու համար: Հոդվածի այս մասով պատիժ է սահմանված 2-ից 5 տարվա ազատազրկումը:

Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է համապատասխան դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔ ծառայության հաղորդագրությունը փոխանցում է նախաքննական մարմնի  մասնավորեցրած տվյալները, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ի սահմաններում Սիրուշ Հովհաննիսյանը դուրս է եկել Երևանի Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբից և մոտենալով նշված տարածքում հանրաքվեի ընթացքը լուսաբանող Մտրտչյանին ու Ազիբեկյանին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումը և հեռանալ շտաբի տարածքից:

Նրանք շարունակել են իրենց աշխատանքը, իսկ Հովհաննիսյանը՝ լիազորությունները խոչընդոտելու դիտավորությամբ հրել է լրագրողին, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել նրան և օպերատորին:

Հանրաքվեի հաջորդ օրն իսկ Հայաստանում գործող լրագրողական 10 կազմակերպություններ հայտարարություն տարածեցին լրագրողների դեմ բռնությունների մասին:

Հայտարարությունում նշվում էր, որ «Դեկտեմբերի 6-ին ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ (Ռաֆայել Աֆրիկյանը՝ «iLur.am» լրատվական կայքից եւ Էդուարդ Ավետիսյանը՝ «Ասպարեզ» օրաթերթից) ենթարկվել են բռնության։ Եվս 13-ի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է: Դրանցից ամենանողկալին մայրաքաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված «Այո»-ի շտաբից դուրս եկած կնոջ արարքն է՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը փակելը, հրելն ու նրա վրա թքելը»։  

Կազմակերպությունները ՀՀ ոստիկանությունից եւ քննչական մարմնից պահանջել էին «մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ, բացառելով իմիտացիոն մոտեցումները»

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *