2016.02.02,

Նյուսրում

Լինե՞լ, թե՞ չլինել Պետոյի պես

Հայկական սոցիալական աշխարհում տարեսկիզբը նշանավորվեց նոր տենդային տենդենցով. մենք ունեցանք Պետոյին, ով ինչ-որ բան անում է կամ չի անում, ըստ այդմ` «խելացի է», եւ բոլորը պետք է հետեւեն նրա օրինակին։

Արտասահմանյան օրիգինալ մեմի հերոսը՝ Բիլը, Պետոյից ընդամենը 5 օրով է մեծ. Մոլդովացի Եվգենի Կրոիտորուի ստեղծած Բիլը սոցցանցերում հայտնվել է հունվարի 7-ին, իսկ Պետոյի ծնունդը եղավ նույն ամսվա 12-ին։

Սա այն քիչ պատահող դեպքերից է, երբ մենք պրոդուկտը հայաֆիկացրել ենք ողջ աշխարհի հետ միաժամանակ եւ անգամ առաջ ենք անցնում Ռուսաստանից. ռուսական Պետյան (այս դեպքում՝ պարզ զուգադիպություն) ի հայտ է եկել համացանցում միայն հունվարի 23-ին։

Սոցիալական մեդիայում ապրում եւ ապրելու խորհուրդներ են տալիս նաեւ արաբ Բիլալը, մալայզիացի Ռաշիդը, իսպանացի Խոսեն, աֆղան Քոդոսը եւ այլք։

Հայ Պետոյին ինտերնետային աշխարհ բերողը «Թող լայք տան նրանք, ովքեր…» հումորային էջն էր։ Ըստ էջի միակ ադմին, մասնագիտությամբ տնտեսագետ Լուսինե Ալեքսանյանի՝ Պետո անունն ընտրվել է «պես» հետադաս կապի նմանողականությամբ։

«Սկզբում մտածում էի կերպարին Եղիա կոչել, այսինքն՝ կարգախոսը կհնչեր՝ «Եղեք Եղիայի պես»։ Բայց հետո համարեցի, որ Եղիան հազվադեպ անուն լինելու պատճառով օգտատերերի կողմից չի ընդունվի», – պատմում է Լուսինեն։ «Թող լայք տան նրանք, ովքեր…» էջի պետոներին հետեւելու համար գործում է #‎եղեք_Պետոյի_պես‬ հեշթեգը։*

Պետոյի ստեղծումից մեկ օր անց՝ հունվարի 13-ին, Լուսինեից անկախ՝ Պետոյին առանձին նախագծով մշակում են նաեւ չորս ուսանողներ, որոնցից երեքը բանասերի եւ տնտեսագետի մասնագիտացում ստացող տղաներ են եւ զբաղվում են հումորային մեմերի թարգմանությամբ եւ ստեղծմամբ, իսկ միակ աղջիկը՝ Նունեն, լրագրող է, զբաղվում է «Եղեք Պետոյի պես» էջի փիառով։

Այս թիմում Բիլին հայաֆիկացնելու գաղափարը ծագել է Նորայր Միրաքյանի մոտ, ով էլ գտել է իր գաղափարակիցներին, եւ այդպիսով սկսվել է իրենց Պետոյի պատմությունը։ 

«Մեր միակ ոգեշնչման աղբյուրը հենց Բիլն է եղել, ուզում էինք մեր հայկական կերպարն ունենալ, որն ամեն օր կբախվեր հայկական առօրյային, կծառայեր Հայաստանի զինված ուժերում, կնստեր երեւանյան ավտոբուս եւ այլն», – պատմում է Նորայրը։

Նորայրի կարծիքով` Պետոյի եւ առհասարակ Բիլի հետեւորդների մեծ թիվը («Եղեք Պետոյի պես» էջն ունի 6000-ից ավելի հետեւորդ) պայմանավորված է բոլորի մտքով անցնող, բայց միայն Պետոյի շուրթերից բարձրաձայնվող երգիծանքով։ «Պետոյին չսիրողներ էլ կան, ովքեր մեր կարծիքով պատրաստ չեն հումորային նկարների մեջ տեսնել ու գիտակցել իրենց թերությունները», – նշում է Նորայրը։

Պետոյի մեմերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ անգլերենից, ռուսերենից կամ այլ լեզուներից թարգմանվածներ եւ վերոհիշյալ թիմի կողմից ստեղծվողներ։ Ըստ այդմ՝ Պետոյի խորհուրդների թեմատիկան կարելի է խմբավորել.

  • Սոցիալական մեդիայում պահվածքի մասին մեմեր

  • Առօրեական պահվածքի, մոդերն էթիկայի մասին մեմեր

  • Տոների թեմայով մեմեր

  • Մարդկանց հետ շփվելու մասին մեմեր

Ֆեյսբուքում գործում է «Եղիր Արփիի պես», իսկ Թվիթերում՝ «Եղիր Մերիի պես» էջերը, որոնց թոփ թեման «հայ աղջկան հարիր պահվածքն է».

Այս երկու էջերի, ինչպես նաեւ տարբեր հումորային էջերում մերթընդմերթ հայտնվող պետոների հետ «Եղեք Պետոյի պես» թիմը կապ չունի։

Ֆեյսբուքում տարածում են գտել թեստատիպ խաղեր, որոնք յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս ունենալ իրենց սեփական «be like me» մեմը։

Հարկ է նշել նաեւ, որ Պետոյին, նրա խորհուրդները եւ ընդհանրապես Պետոյի էջի գաղափարը ծաղրելը հայկական սոցմեդիայում կրում է բավականին մեղմ բնույթ, օրինակ` ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի էջում գտանք սա.

Ինչպես նաեւ որոշ օգտատերեր խորհուրդ են տալիս յուրաքանչյուրին լինել այնպիսին, ինչպիսին իրենք կցանկանան եւ չհետեւեն հասարակության ու Պետոյի կամ Բիլի թելադրած կանոններին.

Զուգահեռաբար ցանցում տարածվում են «Don’t be like Bill» հակաէջերը, որոնք ծաղրում են Բիլի կերպարը.

Եթե անգամ Բիլից հոգնենք, սոցիալական աշխարհի կանոնները ստիպում են ենթարկվել. Պետոյին եւ Բիլին ինքնակամ չհետեւելու, արհամարհելու եւ նրանց «ethics nazi» կոչելու դեպքում անգամ մեմից խուսափել գրեթե անհնար է. հենց այս պահին Ձեր ֆեյսբուքյան ընկերներից մեկը ոգեւորությամբ տարածում է հերթական նկարը։

Ժաննա Պողոսյան

*02.02.2016 թվականին՝ ժամը 16:30-ին, հոդվածում կատարվել է փոփոխություն:
Հոդվածը կայքում հրապարակելուց հետո պարզվել է, որ Պետոյի մասին մեմի առաջին հեղինակը Լուսինե Ալեքսանյանն է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *