2016.01.15,

Նյուսրում

Պատգամավորի թեկնածու կամ պատգամավոր լրագրողի աշխատանքի մասին

Մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած շուրջ տասը լրագրողների մի մասը մինչեւ ապրիլի 8-ը շարունակում էին լրագրողի աշխատանք կատարել (Գոհար Վեզիրյան, Սամվել Ֆարմանյան, Գագիկ Մկրտչյան), մի մասն էլ թեկնածություն առաջադրելուց դադարեց մասնագիտական գործունեությունը (Մարգարիտ Եսայան, Գայանե Առուստամյան): «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանից եւ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանից փորձեցինք պարզել, թե համատեղելի՞ է արդյոք լրագրողի եւ պատգամավորի աշխատանքն ու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի խմբագիրը, երբ նա տեղեկանում է լրագրողի` պատգամավոր առաջադրվելու մտադրության մասին:

Շողեր Մաթեւոսյան

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագիր

 

Ես բացարձակապես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ լրագրողը պատգամավորության թեկնածություն առաջադրելուց հետո շարունակի իր մասնագիտական գործունեությունը, քանի որ լրագրողներն առաջին հերթին քաղաքացի են, հետո նոր ինչ-որ մասնագիտություն ունեն: Օրենքով սահմանված չի, որ թեկնածություն առաջադրելուց հետո լրագրողը պետք է չաշխատի: Կարելի է դա համատեղել, քանի դեռ քարոզարշավը չի սկսվել: Քարոզարշավի ընթացքում Գոհար Վեզիրյանի չի աշխատի թերթում, բայց մինչեւ այդ աշխատել է եւ պատգամավոր ընտրվելուց հետո էլ շարունակելու է աշխատել «Չորրորդ իշխանությունում»:

 

Կարծում եմ, որ միանշանակ հնարավոր է համատեղել լրագրողի ու պատգամավորի աշխատանքը, այդ ինչու՞ օլիգարխներինը հնարավոր է, իսկ լրագրողներինը հնարավոր չէ: Շատ լավ է, թող լինեն առաջին եւ չորրորդ իշխանություններ միանգամից, երկուսն էլ հասարակական-քաղաքական գործունեություններ են եւ իրար կարող են օգնել, ոչ թե խանգարել:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» թերթի խմբագիր

 

Լրագրողի ու պատգամավորի աշխատանքները բացարձակապես անհամատեղելի են: Լրագրողը մասնագիտական գործունեություն չպետք է ծավալի նույնիսկ պատգամավորի թեկնածություն առաջադրելու ժամանակ, քանի որ պատգամավորի թեկնածուն, այս կամ այն ցուցակում ներգրավված մարդը, անկախ նրանից պատգամվոր կընտրվի, թե չի ընտրվի, արդեն իսկ հանդես է գալիս որպես այդ ցուցակի, այդ քաղաքական թիմի ներկայացուցիչ, իսկ լրագրողը չպետք է լինի որեւէ քաղաքական թիմի ներկայացուցիչ: Այստեղ ոչ միայն էթիկական, այլ նաեւ պրոֆեսիոնալ խնդիր կա: Ցանկացած բառ, որը կգրի լրագրողը, դիտվելու է որպես այդ քաղաքական թիմի բառ:

 

Այն պահին, երբ խմբագիրը տեղեկանում է, որ իր թերթի աշխատողն առաջադրել է թեկնածությունը ընտրություններում, նա պետք է առաջարկի այդ աշխատակցին դիմում գրել եւ ազատվել աշխատանքից: Մարգարիտ Եսայանի դեպքում, քանի որ մենք բարեկամներ եւ ընկերներ ենք, ես նրա քայլի մասին գիտեի վաղօրոք, եւ պայմանավորվել էինք, որ այդպես լինի, մեր մեջ անձնական կոնֆլիկտ չկա: Եսայանը թերթում չի աշխատում Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի հրապարակման օրվանից եւ բացառվում է, որ պատգամավոր չընտրվելուց հետո նա շարունակի իր աշխատանքն «Առավոտում»:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *