2016.01.15,

Նյուսրում

Ինչպես օգտագործել սոցցանցերի ինֆորմացիան մեդիայում

Facebook-ում տարածվեց կատակ-տեղեկատվություն, թե լեզվի պետական տեսչությունը սեքս բառը թարգմանել է հայերեն՝ համարժեք ընտրելով «հաճույքաճխտիկը»: Բառի հեղինակ, ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Բարսեղյանի ֆեյսբուքյան անձնական տարածքում ընկերների համար կատարած հումորային գրառումը չհասկացվեց որոշ մեդիաների կողմից եւ դարձավ լեզվի պետական տեսչության գործունեությանը անդրադառնալու, վերլուծելու եւ քննադատելու առիթ: Սոցցանցերն այսօր ավելի հաճախ են մեդիաների համար տեղեկատվության աղբյուր դառնում: Ինչպե՞ս գրագետ օգտագործել սոցցանցերից ստացված տեղեկատվությունը՝ անհարմար դրության մեջ չընկնելու համար: Մեկնաբանում են մեդիա փորձագետն ու օնլայն «Առավոտի» խմբագիրը:

Սամվել Մարտիրոսյան

մեդիա փորձագետ

 

Սոցցանցերը ողջ աշխարհում են դառնում հեղինակավոր աղբյուր։ Սակայն Հայաստանում նման մոտեցումն ունի նաեւ իր յուրահատկությունները։ Երկար տարիներ հայկական մամուլի մեծ մասի համար հիմնականում գոյություն ունեին միայն մի քանի հիմնական տեղեկատվության աղբյուրներ՝ մամուլի ասուլիսներ, մամուլի հաղորդագրություններ եւ արտասահմանյան մամուլ։ Սրան գումարվում էր ընդհանուր լրագրողների որակի ցածր լինելը եւ մրցակցության բացակայությունը։ Համացանցն ստեղծեց մրցակցային դաշտ։ Մյուս կողմից մեծ քանակի նոր կայքերն ստեղծեցին լրագրողական աշխատատեղեր առանց համապատասխան կադրերի առաջացման։ Սոցցանցները վերջապես թույլ տվեցին մինիմալ կադրերի քանակի եւ որակի դեպքում ստեղծել մեծ քանակի տեղեկատվություն։ Բնականաբար նման քանակը եւ որակը ստեղծում են համապատասխան տեղեկատվական դաշտ։

 

ԶԼՄ-ները պետք է հաշվի առնեն, որ սոցցանցերի տեղեկատվությունը պարտադիր պետք է ստուգվի, լրագրողները եւ խմբագիրները պետք է ուսումնասիրեն աղբյուրները։ Կոնկրետ դեպքի հետ կապված արդեն իսկ երեւում է ոչ պրոֆեսիոնալիզմը՝ լրագրողները, գրելով բազմատող նյութեր հաճույքաճխտիկի մասին, ալարել էին զանգել լեզվի տեսչություն: Խմբագիրն էլ պետք է չտպագրեր նման չստուգված նյութը։ Իսկ եթե կայքում հայտնվում է նման նյութ, ուրեմն այդ կայքն իրեն ավելի շուտ որպես բլոգ է ընկալում, քան որպես ԶԼՄ:

Աննա Իսրայելյան

օնլայն «Առավոտի» խմբագիր

 

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»: Այսօր Facebook-ը դարձել է յուրահատուկ «Ալպիական մանուշակ», որի մեջ «թաթախվածներին» կարծես թվում է, թե չկան թեմաներ, գործունեություն ու ակտիվություն սոցիալական այդ ցանց-ոստայնից դուրս, եւ այն ավելի մեծ ու հզոր լրատվամիջոց է, քան ԶԼՄ-ներն իրենք: Ես առնվազն վերապահումով եմ վերաբերվում այդ համոզմանը:

 

Այո, իհարկե, լինում են առանձին դեպքեր, երբ տեղեկատվությունը Facebook-ից է եկել մամուլ, սակայն հիմնականում հակառակն է՝ Facebook-ը դարձել է մամուլի հրապարակումները տարածելու եւ գովազդելու միջոց: Ինքս ժամանակին օգտագործել եմ Facebook-ն իբրեւ տեղեկատվության աղբյուր, սակայն շատ արագ դադարեցի, նախ քանի որ բազմաթիվ օգտատերեր, չնայած այս առնչությամբ Facebook-ի կանոններին՝ այն չեն դիտարկում իբրեւ հանրային տարածք: Առավել համարում են, որ դրանք իրենց զուտ անձնական գրառումներն են, որոնք եթե ենթակա էլ են հրապարակման, ապա միայն նախապես համաձայնությամբ: Ու քանի դեռ կարծիքները հակասական են, չկա կարգավորման առումով վերջնական համաձայնություն՝ առավել նպատակահարմար է ձեռնպահ մնալ դրանից: Բացի այդ՝ այդքան էլ դուրեկան չէ հայտնվել մի մեդիա-փորձագետի բնորոշմամբ՝ «ծույլ լրագրությունը» դավանողների շարքում, այսինքն՝ լրագրողների, որոնց տեղեկատվության հիմնական աղբյուրը համակարգիչն է, եւ ըստ այդմ՝ նաեւ այստեղից-այնտեղից պատճենում-տեղադրումը:

 

Եվ վերջապես, «հաճույքաճխտիկին» առնչվող վերջին զավեշտալի պատմությունն էլ ապացույց դարձավ, որ մեղմ ասած՝ խիստ զգուշությամբ է պետք վերաբերվել սոցիալական ցանցերում թափառող տեղեկատվությանը: Այն պետք է ստուգել ու վերստուգել: Ինչն, իհարկե, կանոն է ընդհանրապես լրագրության համար:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *