11203126_1072182142795254_7699471380641865544_n

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ստացել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը:

Լրագրողը պարգեւին արժանացել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները ակտիվորեն լուսաբանելու եւ լրատվության մեջ մարդակենտրոնությունն ու խանդավառությունը լավագույնս համադրելու համար:

«Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակը նվիրված է մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվան:
Մրցանակը՝ պատվոգիրն եւ ավանդական հուշանվեր ժամացույցը, սահմանել եւ հանձնում են Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս-Հայաստան») եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը:

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը հանձնվում է 2006 թվականից:

Այս մրցանակը հատուկ անվանակարգեր չունի, մրցանակը նախաձեռնողները մրցանակակրին ընտրելիս հաշվի են առնում տվյալ տարվա միտումներն ու առանձահատկությունները լրատվական դաշտում, ինչպես նաեւ լրագրողների ներդրումը մամուլի ազատության գործում:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը,  Les Nouvelles d’Armenie ամսագրի սեփական թղթակից Սեդա Մավյանը, Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Սոնա Քոչարյան