2015.03.06,

Նյուսրում

Tert.am-ն ու Blognews.am-ը արդեն «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում են

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Tert.am եւ Blognews.am կայքերն ընդգրկվել են «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի կազմում: Մեդիա միավորման պաշտոնական հայտարարության համաձայն՝ «այս գործակցությունը «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կազմի մեջ մտնող հեռուստաընկերություններին հնարավորություն կտա նոր լսարան գտնել համացանցում, կայքերն էլ հասանելի կդառնան հանրության այն հատվածի համար, որը համացանցի սպառող չէ»։

«Հեռուստատեսային լավագույն բովանդակությունը տեղափոխելով համացանց, իսկ համացանցային լավագույն բովանդակությունը հեռարձակելով եթեր՝ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը նոր լիցք է հաղորդում մեդիաոլորտին՝ ստեղծելով փոխկապակցված, բայց եւ մրցակցային մեդիապրոդուկտ»,- նշված է հայտարարության մեջ։

Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Tert.am-ի գլխավոր խմբագիր Սասուն Խաչատրյանը նշել է, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա Tert.am-ի լավագույն բովանդակությունը տարածել հեռուստատեսությամբ, իսկ հեռուստատեսության բովանդակությունը՝ տեղափոխել համացանց: Կայքը շարունակելու է աշխատել հին ռեժիմով եւ քաղաքականությամբ:

«Tert.am-ի աշխատանքը որեւէ կերպ չի փոխվելու, խմբագրական քաղաքականությունում որեւէ փոփոխություն չի լինելու, նախկինի պես շարունակելու ենք շատ ակտիվ լուսաբանել բոլոր թեմաները»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

«Պանարմենիան մեդիա գրուպ»-ին միացած Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի խոսքով՝ կայքն ապահովելու է, որպեսզի հեռուստացույցի հետաքրքիր բովանդակությունը լինի յուրաքանչյուրի համակարգչում:

«Համակարգչի առջեւ նստած մարդը տեսնելու է այն հետաքրիքր ինֆորմացիան, ինչ կատարվում է հեռուստատեսությամբ, որովհետեւ էսպիսի խնդիր կա. հեռուստատեսություն չեն նայում ոչ թե այն պատճառով, որ անհետաքրքիր է, այլեւ ուղղակի անհարմար է համակարգչի առաջ նստած նայել հեռուստացույց»,- Արմենիա հեռուստաընկերությանը ասել է Արամ Անտինյանը:

Blognews.am-ի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը հավելել է, որ համացանցն այլեւս չի բավականեցնում ամենահետաքրքիրը մատուցելու համար, այդ պատճառով կայքը որոշել է իր գործիքների շարքին ավելացնել նաեւ հեռուստատեսությունը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *