geghama-tv

Գեղարքունիքի մարզի երեք քաղաքներում՝ Գավառում, Մարտունիում եւ Սեւանում գործող հեռուստաընկերությունները միավորվեցին «Գեղամա Մեդիա հոլդինգ» ընկերությունում եւ կարողացան ստանալ մարզում թվային հեռարձակում իրականացնելու լիցենզիա։ 

«Գեղամա»-ի կազմում են Գավառի «Քյավառը», Մարտունիի «Զանգակը» եւ Սեւանի «STV1»-ը, տարբեր քաղաքներում աշխատող հեռուստաընկերությունները: 

Աշխատում են միասնական բիզնես պլանով, որտեղ յուրաքանչյուրն ունի իր առանձին ենթաբաժինը: «Զանգակ»-ի տնօրեն Դավիթ Երանոսյանն «Առավոտին» ասել էր. «Սա կարծում եմ՝ ամենալավ ճանապարհն էր տարածաշրջանային հեռուստատեսությունների համար: Մարզային դառնալով՝ մենք ավելի հզորանում ենք, ավելի մեծանում, հեռուստատեսային բիզնեսը մեզ մոտ կդառնա ավելի նման բիզնեսի»: 

«Գեղամա մեդիա հոլդինգ»-ի գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանը հույս ունի, որ նաեւ տնտեսական հաջողություններ կլինեն,[[wysiwyg_imageupload:234:]] սակայն նաեւ նկատում է, որ մարզերում հեռուստատեսային բիզնեսն այնքան էլ եկամտաբեր չէ։ «Մեկ այլ ոլորտում ստեղծագործական ներուժի ներդրման պարագայում ավելի շուտ տնտեսական հաջողություններ կարելի է գրանցել, քան այստեղ»,-ասում է նա: 

«Գեղամա մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը նույնպես ասում է, որ մարզում հեռուստեսություն զարգացնելը բարդ է. «Ծախսում ենք ու տեղը դնել չենք կարողանում»։

Մարզային հեռուստաընկերություններն այնքան էլ շատ գովազդ չեն ունենում։ «Գեղամա»-ն նաեւ դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում եւ որոշակի եկամուտներ է ստանում վճարովի մոնտաժային աշխատանքներից, ֆիլմերի նկարահանումներից։ 

Առայժմ «Գեղամայի» մաս կազմող «Քյավառ»-ի, «Զանգակ»-ի եւ «STV1»-ի միջեւ համագործակցությունն ամենօրյա բնույթ չի կրում։ Երեք քաղաքներում նույն հաղորդումը տարբեր ժամերի է հեռարձակվում։  

[[wysiwyg_imageupload:237:]]Հինգ քաղաք եւ 87 գյուղ ունեցող Գեղարքունիքի մարզում բացի հեռուստաընկերություններից գործում է երկու թերթ՝ «Գեղամա աշխարհ» եւ «Սեւան»։   Ռադիոընկերություն ընդհանրապես չկա։ Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում որեւէ լրատվամիջոց չի գործում։   

Գեղամայի պոտենցիալ հեռուստալսարանը ամբողջ մարզն է։ Մարդիկ դիտում են «Գեղամա»-ն, քանի որ այն լուսաբանում է մարզի ներքին կյանքը։ Տեղական լուրերը հիմնականում հենց Գեղարքունիքի բնակիչների մասին են։ Թոք շոուներում, որոնք հեռարձակվում են ուղիղ եթերում, գործում է հեռախոսահամար, որը հետադարձ կապ է ապահովում լսարանի հետ։ 

«Չնայած մամուլում եւ բնակչության շրջանում թերահավատություն կար, թե  «Գեղամա»-ն որպես մեկ միասնական մարզային հեռուստաալիք կձեւավորվի, բայց մենք գործով ապացուցում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել»,- ասում է «Գեղամա մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը։

Մարինե Հարությունյան