Խոսքային ցանկացած դրսևորում, այդ թվում նաև գեղարվեստական գրականությունը լայն առումով հորինվածք է: Այն բառերով ստեղծում է մի բան, որը չկա` հաճախ հավակնելով դառնալ ավելին, քան այն, ինչի անմիջական տպավորությամբ և ազդեցությամբ ստեղծվել է: Այստեղից դիտված` գրականությունը հորինումը դիտարկում է իբրև մի հնարավորություն, որը թույլ է տալիս նայել անմիջական կյանքին որոշակի բացվածքից` հավակնելով առաջարկել իրականության ճանաչողություն և հանդես գալ որպես ապրածը հոդավորելու (արտիկուլացնելու) եղանակ:
Մյուս կողմից` քանի որ գրականության մյուս խնդիրը մտավորական հարաբերություններ հաստատելն է` համոզել այլոց նրանում, որ ասածդ կամ ներկայացրածդ ճշմարտություն է, գրականությունը խոսակցության մեջ է իր ժամանակի և իր ժամանակից դուրս ստեղծված այլ տեքստերի հետ: Պատահական չէ, որ հնում խոսքի ուսուցումն իրականացվել է քերականության կամ ճարտասանության շրջանակներում` առաջարկելով հետամուտ լինել առավելապես նրան, որ վերջինս խոսքով համոզելու արվեստ է:
Սա է, որ ընկած է ինչպես տեքստը կառուցելու, այնպես էլ այն վերլուծելու և ըմբռնելու հիմքում: Ստորև առաջարկում ենք ընթերցման երկու եղանակ` տեքստին մոտ և համատեքստի մեջ ընթերցում: Նպատակ ունենալով օգնել գործող ուսուցիչներին կողմնորոշվել գրականության նյութը հասկանալու տարբեր մակարդակների միջև` կտրամադրենք նաև թեմային առնչվող տեղեկությունների հավաստիությունը ստուգելու և թեման զարգացնելու եղանակներ ու գործիքներ:
Տեքստին մոտ ընթերցում և համատեքստի մեջ ընթերցում
Տեքստին մոտ ընթերցումը (close reading) տեքստի ներքին կառուցվածքին, խոսքը կազմելու եղանակներին, բառերի իմաստային լիցքերը տարբերակելուն և ի վերջո հեղինակային շեշտադրումներին համընթաց ասվածն ըմբռնելու գործողությունն է: Տեքստին մոտ ընթերցումը կարող է ուշադրություն չդարձնել, թե ինչ հանգամանքներում է ստեղծվել տեքստը: Այն խոսքն ըմբռնելու առաջին մակարդակն է, երբ ընթերցողը փորձում է շոշափել տեքստը, հասկանալ որտեղից կարող է մոտենալ և ինչպես կարող է հասկանալ արտահայտվածը:
Իբրև օրինակ կարող ենք վերցնել Ե. Չարենցի «Դանթեական առասպելը» պոեմի առաջին հատվածը: Կարևոր նախապայման է այն, որ բացի ներբերված հատվածից, որևէ տեղեկություն չունենք այս գործի մասին: Տեքստն ինքը տեղեկություններ կտա մեզ իր մասին, ինչպես նաև կուղղորդի, թե ինչ տեսակ տեղեկություններ են անհրաժեշտ հետագա ընթերցման համար:
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը – բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված։
Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։
Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք։
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։
Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։
Ընթերցումը կարելի է իրականացնել մի քանի փուլերով:
Առաջինը արագ, սկզբից մինչև վերջ ընթերցումն է: Այն հուշում է, որ մի խումբ ճանապարհ է դուրս եկել` գրեթե անտեղյակ, թե ուր է գնում:
Երկրորդ մոտեցմամբ ընդլայնվում է տեղեկությունների շրջանակը: Ճանապարհորդները թողել են անցյալը, տխրությունը և դյութված առավոտվա թարմությամբ, զվարթ ու խնդուն առաջ են գնում: Հայտնվում են նաև այլ թեմաներ, օրինակ, որ նրանց պատած խնդությունը ի չիք է դարձրել հրաժեշտի անորոշությունն ու վանել մահվան ուրվականը: Այս ընթերցումով կարող ենք եզրակացնել, որ տունը թողած, բաց տարածություն դուրս եկած մարդկանց խնդությունն է պատկերված այս հատվածում: Բայց միևնույն ժամանակ հարց ենք ունենում, թե ովքե՞ր են այս մարդիկ և արդյո՞ք ցանկացած ճանապարհորդ պարուրվում է խնդությամբ:
Երրորդ մոտեցմամբ ի հայտ են գալիս մանրամասներ, որոնք կարող են խախտել ներկայացված «ներդաշնակ պատկերի» տրամաբանությունը: Այս հատվածում այդպիսին է, օրինակ` «Զենքերի փայլով հրճվում էինք մենք» տողը: Վերջինս փոխում է վերևում արված եզրակացությունը և ստիպում մեզ կարդալ այն մյուս հատվածների հետ հարաբերության մեջ: Սա հեղինակային շեշտադրության մի օրինակ է: Այստեղ կարելի է աշակերտներին մի քանի բան բացատրել: Օրինակ` որ սա օքսիմորոն է, այսինքն` երկու իմաստակիր միավորների անհամատեղելի կամ հակասական ներկայությունը մի պատկերում կամ հատվածում: Մյուս կողմից, հետևելով վերևում ի հայտ եկած հարցերին, կարելի է բացատրել, որ ճանապարհորդները պատանիներ են, որոնք թողել են տունը և նոր` զինվորի փորձառությունն է, որ հմայում է նրանց: Ի վերջո, կարելի է բացատրել նաև, թե հետագա հատվածներում ինչպես է վերջին թեմայի ծավալումը ամբողջությամբ փոխում պոեմի սկզբում հայտնված տրամադրությունը: Այսպես, ոչ թե բառերին, այլ պատկերներին ուշադրություն դարձնելով, կարելի է տեսնել, թե ինչ ասելիք է զարգացնում հեղինակը կառուցում:
Ընթերցումների այս շարքը կարելի է շարունակել: Յուրաքանչյուր անգամ կբացահայտվեն մանրամասներ, որոնք կարող են փոխել կամ ընդլայնել առաջին տպավորությունը և օգնել ավելի խորը ներթափանցել թեմայի մեջ:
Ընթերցման այս եղանակը կիրառելի է ոչ միայն գեղարվեստական տեքստերի դեպքում: Ցանկացած տեքստ կարելի է ընթերցել վերը ներկայացված եղանակով` բացահայտելով ասելիքի տարողությունը: Այսպես կարելի է ընթերցել տեղեկատվական նյութն ու վերլուծական հոդվածը, բայց կարելի է ընթերցել նաև գիտական ուսումնասիրությունը:
Որքան խորն է տեքստին մոտ ընթերցումը, այնքան այն բացահայտում է տեքստի ուղղվածությունը և հիմք պատրաստում երկրորդ մակարդակի` համատեքստի մեջ ընթերցման համար: Այս մակարդակում ընթերցումը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել, եթե խնդիր ունենք բացահայտել այն համատեքստը, որի մեջ ստեղծվել է տեքստը:
Համատեքստի մեջ ընթերցումը տեքստը դիտարկում է արտաքին լայն հարաբերությունների մեջ` սոցիալական, պատմական, քաղաքական, մշակութային, հեղինակային ու հավաքական փորձառությունների համատեքստում: Այս ընթերցումը կարող է իրականանալ տարբեր գիտակարգերից կամ մեդիաներից եկող տեղեկությունների համեմատական վերլուծությամբ, որը կարող է օգնել ընթերցողին հասկանալ այն համատեքստը, որի մեջ ստեղծվել է տեքստը: Այս ընթերցման առանձին վերլուծություն չենք առաջարկի, քանի որ նման բան անելը կնշանակի գրել առանձին վերլուծական հոդված:
Փոխարենը առաջարկում ենք մի քանի գործիքներ, որոնք օգտակար են թե՛ աշակերտներին` նրանց ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու առումով, թե՛ գործնականորեն կարող են օգտակար լինել ուսուցիչներին` աշակերտներին տեղեկություններ հավաքել սովորեցնելու և դրանց հավաստիությունը ստուգելու առումով:
Աղբյուրների ստուգում` համեմատական եղանակով. հանձնարարության նմուշներ
Տեղեկություններ հավաքելն ինքնանպատակ չէ: Նոր ի հայտ եկած տեղեկությունները ընդալայնում են այն համատեքստը, որի մեջ հնարավոր է տվյալ թեմայի ավելի խորը վերլուծությունը: Վերը քննարկված օրինակով` հավաքված տեղեկությունները կարևոր են, որպեսզի, օրինակ, հնարավոր լինի բացատրել Չարենցի և ընկերների պատերազմ մեկնելու խանդավառությունը, որը մի կողմից` կապված է նրա պատանեկան ազատագրման, մյուս կողմից` ազգային ազատագրության բաղձանքների հետ: Այստեղ կարևոր են դառնում ոչ միայն Չարենցի անձնական փորձառության մասին տեղեկությունները, այլ նաև` պատմական տեղեկությունները: Այս հենքի վրա կարելի է կառուցել հեղինակի անձնական փորձառության խորքային կապը հավաքական փորձառության հետ:
Այստեղ կարելի է բացատրել, թե բնույթով ինչպիսի տեղեկություններ են մեզ տրամադրում տարբեր տեքստերը` պատմական հետազոտություններից մինչև լրագրողական բացահայտումներ ու հուշագրություններ:
Այս մակարդակում կարևոր է տարբեր աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունների վերլուծությունը, դրանց հավաստիության ստուգումն ու համադրումը: Հավաստիության ստուգման եղանակներից մեկը համեմատական քննությունն է, երբ տարբեր աղբյուրներում շրջանառվող նույն տեղեկությունը կամ տեղեկությանը վերաբերող տարբեր մանրամասներ ըստ որոշակի ելակետերի համեմատվում են միմյանց և ըստ դրա կողմնորոշվում տեղեկության հավաստիության մեջ: Եթե շարունակելու լինենք վերևում քննարկված թեման, հաճախ մեդիայում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Չարենցի կյանքի այս կամ այն հատվածի հետ կապված:
Կարելի է տարբեր աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների օրինակով բացատրել, որ տեղեկության հավաստիության առաջին ցուցիչը տեղեկությունը տրամադրած աղբյուրին հղումն է: Մյուսը` սկզբնաղբյուրի հավաստիության ստուգումն է: Եթե տեղեկությունը հաստատագրված աղբյուրից է (պաշտոնական փաստաթղթերից, հեղինակի կողմից վավերացված այլ սկզբնաղբյուրներից, գիտնականների կողմից ստուգված և համոզիչ ներկայացված փաստերից և այլն), ապա տեղեկությունը կարելի է վստահելի համարել և օգտագործել` համադրելով դրանք այլ աղբյուրների հետ, ինչպիսին են` հուշերը, անձնական վկայությունները, նամակները, հեղինակային առանձին մեկնաբանությունները և այլն:
Այս աշխատանքը կարելի է կազմակերպել աշակերտների ակտիվ ներգրավմամբ: Չարենցի «Դանթեական առասպելը» պոեմի օրինակով` ավելի բարձր դասարաններում կարելի է հանձնարարել փոքրիկ հետազոտական աշխատանքներով պարզել, օրինակ` Չարենցի` առաջին համաշխարհային պատերազմին մասնակցության հանգամանքները, ինչպես նաև, թե դրանք ինչպես են օգնում հասկանալ պոեմը:
Նույնի օրինակով կարելի է հանձնարարել տեսնել, թե մեդիան հատկապես ինչ տեսանկյունից է անդրադառնում Չարենցի գործունեությանը, ինչ կերպար է փորձում ստեղծել և դրանք որքանո՞վ են համադրելի այն բնագրի հետ, որը թողել է Չարենցը: Իբրև օրինակ կարելի է նկատի առնել այս նյութը:
Այս հատվածում կարևոր է ուշադրություն դարձնել նրան, որ շրջանառվող տեղեկություններին տրվող մեկնաբանությունները կարող են փոխել տեղեկության շեշտադրումը և դրանով նաև` բովանդակությունը: Համեմատական աշխատանքը նրա համար է, որպեսզի ուշադրության առնի համատեքստը, որի մեջ կատարվել են մեկնաբանությունները, ինչ նպատակներ են հետապնդում տեղեկություն(ներ)ը փոխանցող աղբյուր(ներ)ը և թե որքանով են դրանք արժանահավատ:
Նմանօրինակ մանրակարկիտ աշխատանքի դեպքում միայն հնարավոր կլինի բացատրել աշակերտներին, որ թեև ցանկացած խոսք ստեղծում է մի նոր իրականություն, որը չկա, բայց այն կարող է լինել կա՛մ արժանահավատ, այսինքն` համոզիչ իր փաստարկվածությամբ, կա՛մ ոչ:
Կարևոր է բացատրել նաև, որ ձեռք բերված ոչ բոլոր տեղեկություններն են, որ հնարավոր է օգտագործել: Դրանց օգտագործումը կախված է նրանից, թե ինչ հարց է հետաքրքրում աշակերտին և թե ինչ եղանակով է նա ցանկանում աշխատել վերջինիս հետ: Սրա մեջ մտնում են ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային մեդիաները: Քննարկվող նյութի շրջանակներում կարելի է հանձնարարել, որ աշակերտները իրենց ըմբռնածը (հավաքած տեղեկությունների հիման վրա) փորձեն արտաբերել այն մեդիաներով, որոնք իրենք կամ ուսուցիչները նպատակահարմար են գտնում` ելնելով իրենց առջև դրված խնդիրներից:
Բացի պոեմի ավելի խորը, պատմական տեղեկություններով համադրված վերլուծությունից, որը կարևոր է գործը պատմական համատեքստում հասկանալու համար, կարելի է հանձնարարել նաև այլ տեսակի աշխատանքներ, որոնք թեման կկապեն աշակերտների առօրյային:
Իբրև նմուշ առաջարկում ենք հանձնարարել հետևյալ աշխատանքները` ներառելով ժամանակակից մեդիան.
- գրել պատերազմի իրենց փորձառության մասին (ժանրը կարելի է որոշել` ելնելով, օրինակ, նրանից, թե հատկապես ինչ հմտություն ենք ուզում զարգացնել),
- կարճ ռեպորտաժների, հարցազրույցների, փոքրիկ տեսաֆիլմերի միջոցով հավաքել իրենց ծնողների ու պատերազմ ապրած մարդկանց հուշերը (կարելի է բացատրել, թե ինչպես է պետք հավաքել բանավոր պատմությունները և ինչ է բանավոր պատմությունը (oral history),
- պատկերացնել, որ կարելի է երկխոսել Չարենցի հետ` պատմելով իր կամ իր ընկերների պատերազմական նորօրյա փորձառությունը, և այլն:
Սիրանուշ Դվոյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, գրականագետ
Տեսական դիտարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ` Սիրանուշ Դվոյան, Տեքստի ընթերցում (Երևան: Ակտուալ արվեստ հրատ., 2013)
Ակնկալում եմ՝ կատարելագործվել ժամանակակից հնարների կիրառման գործում և իմ մասնագիտական առարկան առավել էֆէկտիվ դասավանդել ։