Ընդունվում են հայտեր՝ մասնակցելու վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարանի։

Աշխատարանի առաջնային նպատակներից է զարգացնել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտը և նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։ Նախապատվությունը տրվելու է սկսնակ հեղինակներին կամ այն հեղինակներին, ովքեր միջազգային համարտադրության փորձ չունեն։ 

Դասընթացների ժամանակ ինտենսիվ աշխատանք է տարվելու ֆիլմի նախագծի սցենարական կառուցվածքի, մտահղացման, ինչպես նաև նախագծի փաթեթը կազմելու և այն լավագույնս ներկայացնելու վրա։ Պետք է պատրաստ լինել ժամանակ տրամադրել, գրել ու մտածել նախագծի մասին, ինչպես նաև նկարահանումներ կատարել։ Դասընթացի օրերը բաշխվելու են մայիսից հուլիս՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 12 օր դասերի և հանդիպումների համար։

Աշխատարանի համար ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծեր (creative documentary)։

Աշխատարանը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով Երևանում հայերեն լեզվով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր կարող են դասընթացի ընթացքում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը (ոչ առցանց)։ Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը։ 

Դասընթացին դիմելն անվճար է, բայց ընտրված մասնակիցները պետք է վճարեն դասընթացի համար միանվագ 30․000 ՀՀ դրամ, կամ ամեն ամիս 12․000 դրամ (ընդհանուր՝ 36.000  դրամ)։ Առավելագույնը երեք հոգի կարող է ստանալ վարձավճարի զեղչ կամ լիարժեք չեղարկում, որի համար անհրաժեշտ է դիմել առանձին նամակով։ Վարձավճարներն ուղղվելու են միայն մրցույթին և մրցանակային ֆոնդին։

Դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով։ Բոլոր մանրամասները՝ կայքում: