Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը լուսաբանում է Ազգային Ժողովի ու Կառավարության աշխատանքը։ Նա պատմում է, որ իրենք խմբագրությունում նախօրոք են պատրաստում հարցը, որն ամեն շաբաթ հնարավորություն ունեն ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բրիֆինգների ժամանակ։
«Ճիշտ հարց տալու համար պետք է ինֆորմացիայի տիրապետես, իմանաս տարբեր տարիների տվյալները»,- ասում է Նարեկ Կիրակոսյանը։
Նարեկը նաև պատմում է, որ երբեմն իշխանություններին ուղղված իր հարցերից հետո սոցիալական ցանցերում ենթարկվում է հարձակման՝ «տալիս եմ անխոցելի հարց ու ես հետո տեսնում եմ, որ իմ լուսանկարը տարածվում է իշխանության համակիրների ֆեյք էջերով»։