Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 22-ին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր ծիրանի, կեռասի, ելակի, պղպեղի, լոլիկի և ծաղիկի արտահանման ծավալները հունիսի 19-21-ի դրությամբ։
«Ծիրան – 371 տոննա, կեռաս – 154 տոննա, ելակ – 19 տոննա, պղպեղ – 144 տոննա, լոլիկ – 76 տոննա, ծաղիկ – 390 հազար հատ և 7 տոննա»,- գրել էր նախարարը։
Նույն օրը բլոգեր Հովհաննես Դանիելյանը տեսանյութ էր հրապարակել (արխ.), որում, իր խոսքերով, համեմատել էր Պապոյանի հրապարակած թվերը 2025 թվականի միջինացված թվերի հետ։
« […] էս ամոթալի թվերը գոնե չհրապարակեիք, որովհետև մի հետաքրքրասեր տղա անցած տարվա միջինացված թվերը էս տարվա պաշտոնական` Ձեր հրապարակած թվերի հետ է համեմատել։ Ու ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ անցած տարվա 1000 տոննա ծիրանի փոխարեն էս տարի 371 է։ Անցած տարվա 150 տոննա ելակի փոխարեն` էս տարի 19 է՝ համապատասխանաբար 63 ու 83 տոկոսների անկում»,- ասել է բլոգերը՝ էկրանին տեղադրելով 2025-2026 թվականներին արտահանման ցուցանիշների աղյուսակը։

Էկրանապատկերը՝ Հովհաննես Դանիելյանի ինստագրամից
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե որքան է կազմել ծիրանի, կեռասի, ելակի, պղպեղի, լոլիկի արտահանման ծավալը 2025 թվականի հունիսի 19-21-ը, և համեմատել 2026-ի նույն ժամանակահատվածի հետ։ Պարզել ենք, որ նշված ապրանքների արտահանման ծավալը նախորդ տարվա հետ համեմատած կրճատվել է շուրջ 84%-ով։
Ինչ վերաբերում է Հովհաննես Դանիելյանի հրապարակած տվյալներին, ապա դրանք մոլորեցնող են, քանի որ համեմատվում են արտահանման ամենաակտիվ սեզոնի 3 օրերի տվյալները նախորդ տարվա 365 օրերի միջինացված ցուցանիշի հետ, որի մեջ մտնում են նաև պասիվ՝ ձմեռային ամիսները։
Արտահանման ցուցանիշները հատկապես կարևոր են Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Կրեմլն անորոշ ժամանակով սահմանափակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի, ձկան և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք, իսկ Հայաստանի կառավարությունը փորձում է արտահանման այլ շուկաներ գտնել։
Հովհաննես Դանիելյանի պնդումները
Մեզ հետ զրույցում Հովհաննես Դանիելյանն ասաց, որ համեմատել է «2025թ ամբողջ սեզոնի արտահանման հանրային հասնելիություն ունեցող տվյալները և միջինացրել 3 օրվա կտրվածքի համար, քանզի անցած տարի էսպես 3 օրվա տվյալներ չէին հրապարակվում»։
Նրա աղբյուրներից մեկը 1lurer.am-ի այս նյութն էր։ Այլ աղբյուր նա այդպես էլ չտրամադրեց։
Եթե նպատակը 2025 և 2026 թվականների արտահանման դինամիկան հասկանալն է, ապա կոնկրետ ժամանակահատվածը (2026, հունիսի 19-21-ը) նախորդ տարվա տարեկան միջին ցուցանիշի հետ համեմատելը կարող է հանգեցնել մանիպուլյատիվ եզրակացությունների։
Ծիրանը, կեռասն ու ելակը գյուղատնտեսական այն մթերքներն են, որոնց բերքահավաքը տևում է կարճ ժամանակ։ Հունիսի կեսերը և հուլիսն արտահանման պիկն են, երբ իրացվում է ողջ ծավալի գերակշիռ մասը։ Եթե վերցնում ենք 2025-ի տարեկան միջինը (ընդհանուր ծավալը բաժանած 365 օրվա), դրա մեջ մտնում են հոկտեմբերից մայիս ընկած ամիսները, երբ, օրինակ, թարմ ծիրան չի արտահանվում։
Հետևաբար՝ բլոգերի համեմատությունը տարեկան միջին ցուցանիշի հետ մեթոդաբանորեն սխալ է։
Երկու տարիների համեմատությունը
Վիճակագրական կոմիտեն և Պետական եկամուտների կոմիտեն չեն հրապարակում արտահանման տվյալներ ըստ օրերի և առանձին ապրանքատեսակների։
Գերատեսչությունները տվյալները հրապարակում են ապրանքախմբով և ըստ ամիսների կամ տարիների։ Գրավոր հարցմամբ ևս կառույցները մեզ այդ տվյալները չտրամադրեցին։
Օրական տվյալներն առանձին ապրանքների համար մեզ հաջողվեց ստանալ միայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ըստ դրա՝ 2025 թ.-ի հունիսի 19-21-ն ընկած օրերին ծիրանի, կեռասի, ելակի, պղպեղի, լոլիկի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5,590 տոննա, մինչդեռ 2026 թվականի նույն օրերին թիվը իջել է շուրջ 914 տոննայի։
Եթե նախորդ տարվա այդ երեք օրերին արտահանվել էր 4,673 տոննա ծիրան, ապա այս տարի այն կազմել է ընդամենը 376 տոննա՝ անկումը շուրջ 92%:
Պղպեղի արտահանման ծավալը մոտ 497 տոննայից իջել է 271 տոննայի։ Անկումը՝ 46%:
Լոլիկի արտահանման ծավալը նույնպես զգալիորեն նվազել է նախորդ տարվա այդ օրերի համեմատ։ Եթե 2025-ի հունիսի 19-21-ը արտահանվել էր մոտ 194 տոննա, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է մոտ 78 տոննա։ Անկումը՝ 60%։
Ելակը դիտարկվող ապրանքների մեջ ունի ամենափոքր բացարձակ ծավալը։
Նախորդ տարվա մոտ 25 տոննայի դիմաց այս տարի գրանցվել է մոտ 20 տոննա արտահանում: Անկումը՝ ավելի քան 22%։
Ինչ վերաբերում է կեռասին, ապա 2025 թվականի 200 տոննայի դիմաց 2026 թվականի հունիսի 19-21-ը արտահանվել է մոտ 170 տոննա։ Անկումը կազմել է մոտ 15%, ինչը դիտարկվող ապրանքների մեջ ամենափոքր անկումն է։
Թեև գյուղատնտեսական արտադրանքի դեպքում միայն երեք օրվա տվյալների համեմատությունը բավարար չէ արտահանման օբյեկտիվ և ամբողջական պատկերը ստանալու համար, բայց մենք, այնուամենայնիվ, արել ենք դա, քանի որ նախարարը հրապարակել էր միայն այդ օրերի արտահանման ցուցանիշը։
Այս համեմատությունն անելիս, սակայն, պետք է հաշվի առնել երկու տարիների բերքատվության ցուցանիշներն ու ստացված բերքի ծավալները, որոնք այս տարի այնքան էլ բարենպաստ չեն։ Ջերմաստիճանի տատանումներն ու կարկուտը բացասաբար են անդրադարձել բերքատվության վրա, ինչը հատկապես ակնհայտ է ծիրանի պարագայում։
Նաև հնարավոր է, որ բնակլիմայական պայմանների պատճառով բերքահավաքի հիմնական փուլը պարզապես հետ ընկնի կամ տեղափոխվի այլ օրեր։ Հետևաբար՝ երեք օրերի տվյալների համեմատությունը բավարար չէ օբյեկտիվ պատկեր ստանալու համար։ Համեմատությունը պետք է կատարել ավելի մեծ ժամանակահատվածի համար։
2025-2026 թվականների հունիս ամսվա արտահանման ծավալները համեմատելու համար մենք հարցում ենք արել ՊԵԿ և ՍԱՏՄ։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։