Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը Աղվերանում: 29 ապրիլի, 2026թ․։ Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ կայքից։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` ապրիլի 29-ին Հայաստան այցի մասին նախ տեղեկացրին ադրբեջանական լրատվամիջոցները, հետո հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն։ Դրանից հետո հայ լրագրողները ժամեր անցկացրին Աղվերանի «Apricot Resort»-ի մատույցներում, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։

Մուստաֆաևը ղեկավարում է ադրբեջանական հանձնաժողովը։

Որքան ժամերն առաջ էին գնում, այնքան շատանում էին ենթադրությունները Ադրբեջանի փոխվարչապետի Հայաստան գալու նպատակի և օրակարգի շուրջ, թեպետ դեռ 2025-ի նոյեմբերի 28-ին էր որոշվել, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը անցկացվելու է Հայաստանում։ Մեկ տարի առաջ հայկական պատվիրակությունն էր մեկնել ադրբեջանական Գաբալա՝ ՀՀ վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

Աղվերանում կայացած հանդիպումը 13-րդն էր։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Երևան ժամանած առաջին բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան էր։ Նա ծնվել ու մեծացել է Հայաստանի Ջուջևան գյուղում։ Նրա հայաստանյան ծագումն էր, երևի, պատճառը, որ լրատվամիջոցների թեթև ձեռքով ադրբեջանցի փոխվարչապետի «օրակարգ մտավ» Ջուջևան գնալու հարցը։

Ի վերջո, մարդկային է ու ընկալելի՝ եթե 61-ամյա ադրբեջանցին, որն ավելի քան 40 տարի առաջ հեռացել է Ջուջևանից, ցանկանա նորից տեսնել իր ծննդավայրն ու իրենց տունը։ Լրատվամիջոցներն սկսեցին գրել այս մասին, թեպետ հասկանալի չէր, թե Մուստաֆաևը հատկապես ում է հայտնել իր այդ ցանկությունը։

Հասնել Ջուջևան՝ Մուստաֆաևից առաջ

News.am գնացել էր Ջուջևան, խոսել Մուստաֆաևին հիշող մարդկանց հետ։ Մեկն ասում է․ «Մենք կընդունենք նրան էստեղ, հարյուր տոկոսով, սաղ գեղն էլ կընդունի»։ Մեկ ուրիշը՝ «Ընկեր ա էղել, դասընկեր ա էղել, որ էկել էր՝ ի՞նչ․ ավելի լավ, կտենայինք, քսան տարուց ավելի իրար հետ ապրել ենք»: News.am-ի լրագրողին հանդիպած մեկ այլ տղամարդ ասում է, թե ինչից կխոսեին, եթե հանդիպեր Շահինին․ «Կվերհիշեինք մեր անցած ժամանակները, ուսանող, դպրոցական ժամանակը, գյուղը։ Երևանում սովորելուց իրար հետ ենք մնացել։ Հետո կարող ա խոսեինք պատերազմական վիճակներից»։ Բայց հանդիպել, ասում է՝ չէր ուզի։

News.am-ի տեսանյութում զրուցակից տղամարդկանց անունները չեն նշվում։ Հարցուպատասխանից հասկանալի է, որ նրանք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մանկության ընկերներն են։

Որպես աղբյուր, որից տեղեկացել է Մուստաֆաևի՝ Ջուջևան այցելելու ցանկության մասին, News.am-ը նշում է Shamshyan.com-ը։

Ըստ 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվականի՝ «որոշ տեղեկություններով՝ Աղվերանից դուրս գալուց հետո բաժանվել է Մուստաֆաևը իր պատվիրակությունից․ մյուս ադրբեջանցիները եկել են Զվարթնոց՝ Ադրբեջան վերադառնալու, իսկ ինքը բռնել է Տավուշ տանող ճանապարհը, որոշել է այցելել ծննդավայր՝ Նոյեմբերյանի Ջուջևան գյուղ»։ «Որոշ տեղեկությունների» վրա հիմնվելով՝ «Մուստաֆաևի հետևից» Ջուջևան է մեկնել նաև «Հայլուրի» նկարահանող խումբը, բայց Ադրբեջանի փոխվարչապետին գյուղում չի գտել։ Մուստաֆաևի այցի առիթով «Հայլուրը» եթեր է տալիս 2022-ի մի տեսանյութ։ Լրագրողը գնացել է Ջուջևան, խոսել Մուստաֆաևի ընկերոջ և ուսուցչուհու հետ։ Վերջինը հիշել է, որ Մուստաֆաևի քույրը Հայաստան բառը համառորեն փոքրատառ է գրել։

Մուստաֆաևի ծննդավայր Ջուջաև գնացել էր նաև «Ազատությունը», ու պատրաստել էր 5 րոպեանոց ամբողջական տեսանյութ։ Իրենք էլ են խոսել Մուստաֆաևի հարևանների, ընկերների հետ։ Եթե News.am-ի ու 5-րդ ալիքի տեսանյութերում Մուստաֆաևի ու թուրքերի(նկատի ունեն ադրբեջանցիներին) նկատմամբ նաև բացասական երանգավորում կար, ապա «Ազատության» տեսանյութը զերծ էր դրանից։

5-րդ ալիքի այս տեսանյութը, ենթադրաբար, նայել էր նաև «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Մուստաֆաևի մեկնելուց մեկ օր անց նա ֆեյսբուքի մի ռիլում հիշում է Հայաստանը փոքրատառ գրելու պատմությունը, բայց ասում է, որ դա արել է Մուտաֆաևը։ Կարապետյանն էլ է ասում, որ Մուստաֆաևը ցանկացել է գնալ այն գյուղը, որտեղ ծնվել է, բայց նրա համոզմամբ դա ոչ այլ ինչ է, քան «քաղաքական և պրոպագանդիստական քայլ Ադրբեջանի կողմից», որպեսզի ցույց տա, որ կան ադրբեջանցիներ, որոնք Հայաստանում են ծնվել»։ Նարեկ Կարապետյանը համոզված է, որ Մուստաֆաևի՝ իր ծննդավայր գնալու ցանկությունը «300.000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագրի քարոզչական հնարք է»։

Ի վերջո Մուստաֆաևը գնացե՞լ է Ջուջևան, թե՞ ոչ․ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծննդավայր այցելելու հարց Ադրբեջանի փոխվարչապետի հետ չի քննարկվել։

Ապրիլի 30-ի ասուլիսում Փաշինյանը հստակ պատասխանում է նաև հարցին, թե, արդյո՞ք, Մուստաֆաևի հետ հանդիպման օրակարգում եղել է 300.000 ադրբեջանցիներ Հայաստան տեղափոխելու հարցը։ Ասում է․ «Մենք Ադրբեջանի հետ երբևէ նման հարց չենք քննարկել և չենք քննարկում։ Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց, որովհետև երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և երկու հարցերն էլ թեժ են պահում նույն ուժերը։ Սկզբում մեկն են էսկալացնում, հետո մյուսը, բայց դա էժան միջոց է»։

Փաշինյանը համոզված է, որ այդ հարցերը հայաստանյան ծագում չունեն, «ծագում են երրորդ երկրներում՝ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար»։ Երրորդ երկրի անուն Փաշինյանը չի տալիս, բայց հիշում է «կալուգացի օլիգարխին»։ Ասում է՝ «ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում»։

Առանց «կալուգացի օլիգարխի» հիշատակման՝ 5-րդ ալիքի «Հայլուրը» մեջբերում է Փաշինյանի ուղիղ խոսքը՝ թողարկման վերնագիր դնելով հարցական պարունակող նախադասություն՝ «Գալի՞ս են 300.000 ադրբեջանցիները»։

Առանց հարցականի ու կասկածանքի՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին ապրիլի 30-ին ինֆորմացիա է տարածում News.am-ը։ Չներկայացնելով որևէ մենաբանություն՝ լրատվամիջոցը փոխանցում է ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի գրառումը։ Նա մանրամասն նկարագրում է, թե 300.000 ադրբեջանցիները Հայաստանի որ բնակավայրերում են տեղաբաշխվելու։