Սիվիլնեթի լրագրող Հասմիկ Հովհաննիսյանը արցախյան պատերազմներին անդրադարձող կինոյի, թատրոնի ու գրականության մասին 30 րոպեանոց ֆիլմ է պատրաստել։ Կոչվում է «Պատերազմն ու թատերաբեմը»։ Ինքը կարծում է, որ դա ոչ թե ֆիլմ է, այլ մեծ ռեպորտաժ։
Ասում է․ «Պատերազմի մասին ֆիլմ նկարելու մեջ ինչ-որ անարդար բան կա․ ես սարքում եմ սիրուն նյութ, մյուսը սիրուն մոնտաժում է, քոմենթներում լավ բաներ են գրում, ու դա հիմնված է զոհերի վրա, որդիներ կորցրած մայրերի սուգի վրա․․․»։
3 տարի առաջ է Հասմիկն սկսել աշխատանքը․ «մի շաբաթում դարձավ 5 րոպեանոց ռեպորտաժ, հետո ավելի երկարեց, հետո մի կես տարի չաշխատեցի․ թեման նուրբ էր, չէի կարող միանգամից ավարտել»։ Բայց հարցը, որը դարձել է այս ռեպորտաժի պատճառը, եղել է մինչև 44-օրյան՝ հնարավո՞ր է նկարել ֆիլմ պատերազմի մասին, երբ ականատեսները, ժառանգները դեռ ողջ են։

Հասմիկ Հովհաննիսյանը
Ռեպորտաժը կազմված է երեք մասից՝ արցախյան առաջին պատերազմ, քառօրյա և 44-օրյա։ Առաջինի մասին մինչև 2000–ականները ֆիլմ չի նկարվել, ներկայացում չի բեմադրվել։ Պատերազմի մասին պատմել են լուսանկարիչները՝ Ռուբեն Մանգասարյան, Գերման Ավագյան, Զավեն Խաչիկյան, Հակոբ Պողոսյան։ Առաջին ամբողջական գեղարվեստական գործը պատերազմի մասին լույս է տեսել 1999-ին՝ Լևոն Խեչոյան՝ «Սև գիրք, ծանր բզեզ»։
Պատերազմի մասին գեղարվեստական ֆիլմերը ստեղծվեցին 2000-ականներին՝ «Մի վախեցիր», «Կյանք ու կռիվ»․ տեսանյութում նշվում է՝ «հստակ ուղերձներ» ունեին։ Հիշատակվում է նաև Սահակյանցների հայտնի մուլտաշարը՝ «Kildim»–ը, որտեղ ադրբեջանցիները ներկայացվում են անհաջողակ, անգրագետ, վախկոտ կերպարներով։
90-ականների պատերազմի մասին 14 վավերագրական ֆիլմ է նկարվել։ Դրանցից «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին» ֆիլմը(2006թ․) միջազգային 20 մրցանակ է ստացել։ Ռեժիսորը՝ Վարդան Հովհաննիսյանը, Հասմիկի հետ զրույցում ասում է․ «հասարակությունն ու ղեկավարությունն ուզում էին մոռանալ պատերազմի մասին»։
2000-ականներից գալիս է պատերազմի մասին գրողների նոր սերունդ՝ Արամ Պաչյան՝ «Ցտեսություն, ծիտ», Կարեն Անտաշյան՝ «Ներբող շարքային Մարտիրոսյանին», Հովհաննես Իշխանյան՝ «Ուվալնյատի օր», Լրագրողի խոսքով՝ գրվում են «ամենապրովոկատիվ տեքստերը»։
«Վերջին պատերազմի մասին պատմողները իրենց մասին են պատմում»,-ասում է Հասմիկը։ Ռեպորտաժի այս հատվածում արդեն գործեր են, որոնք ծնվել են մեր աչքերի առջև։ Ցավը, վախը, հույսը, որոնք դարձել են գիրք ու կինո, մեր տեսածն են․ Շողակաթ Վարդանյան՝ «1498», Նիկոլայ Ստեփանյան՝ «Где»։
Իսկ գրականությունը, հեղինակի խոսքով, «լղոզվեց, տեղափոխվեց ֆեյսբուք»։ Նրա զրուցակիցը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ռեպորտաժում տարակուսում է․ «Պատերազմը մենակ պատերազմ գնացածը չի տեսել։ Վիդեոներով բոլորն ամեն ինչ տեսան, գրողը էլ ի՞նչը գրի»։
2022-23թթ․ ստեղծված 24 ֆիլմերից 5-ը պատերազմի մասին են, իսկ թատրոնների խաղացանկերում այս թեմայով ներկայացումներ գրեթե չկան։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, նախքան 44-օրյա պատերազմը, խաղացել են «Հաղթանակի գենեզիսը»՝ 90-ականների պատերազմի մասին։ Հերոսներին մարմնավորած դերասաններից երկուսը՝ Վարշամ Գևորգյանն ու Արման Նավասարդյանը մասնակցել են 2020-ի պատերազմին։ Պատմում են, որ իսկական պատերազմ տեսնելուց հետո նորից խաղալը դժվար է եղել, սկզբում հրաժարվել են, հետո նորից բեմ բարձրացել՝ ներկայացման մեջ առանց որևէ բան փոխելու։ «Էդ ներկայացումը նայելիս ես դիսկոմֆորտ չեմ ունեցել, որովհետև իրենք պատերազմ անցած մարդիկ են, խաղ չկա»,- ասում է Հասմիկը։
«Պատերազմն ու թատերաբեմը» մեծ ռեպորտաժը բազմաթիվ դրական արձագանքներ ստացավ, եղան նաև դիտողություններ՝ այս ֆիլմը մոռացվել է, այն գիրքը չի ներառվել։ Սա նշանակում է, որ մեծ ու կարևոր գործը արվել է․ երեսուն տարում ստեղծվածը հավաքվել է մեկ տեղում, ինչը հեշտացնում է չներառվածները հիշելը, թվարկելը։
Տեսանյութը նաև հետաքրքիր տեղեկություններ է տալիս պատերազմի ու մշակույթի փոխազդեցության մասին՝ Հայաստանից դուրս։ 2023-ին Ֆրանկֆուրտում անցկացված գրքի փառատոնում պաղեստինցի Ադանիա Շիբլիին նախատեսված մրցանակը չի տրվում՝ ի համերաշխություն Իսրայելի։
Բոսնիական պատերազմի ժամանակ պաշարված Սարաևոյում նկարվում է «Գոդոյին սպասելիս»-ը։ Ֆիլմը նկարել է ամերիկացի գրող Սյուզան Սոնթագը։ Ավելի ուշ արվեստի միջոցով պայքարը ընդհանուր անուն է ստանում՝ Սարաևոյի մշակութային դիմադրություն։
«Միակ բանը, որ կարելի է անել պատերազմից հետո, ցավը հիշելն է»,- ասում է Հասմիկ Հովհաննիսյանը։