2026-ի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հերթական խորհրդարանական ընտրությունները՝ ի տարբերություն 2018-ի և 2021-ի ընտրությունների, որոնք արտահերթ էին։ Այս ընտրությունները լինելու են հերթական, բայց արդեն նկատելի է, որ ուղեկցվելու են արտակարգ դրսևորումներով։
Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը ու ունեն դրա անհրաժեշտ ատրիբուտիկան՝ լոգո–սրտիկ, սրտիկի թխվածքաբլիթ, սրտիկով հոլովակ, երգ ու կրծքանշան՝ առանց Արցախ։ Առանց Արցախ մակետը հենց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրային–գաղափարական գիծն է։
Առաջիկա՝ հունիսի 7-ի ընտրություններում հաղթելը Նիկոլ Փաշինյանի համար անհամեմատ բարդ է լինելու, քան 2018-ի և 2021-ի խորհրդարանական ընտրություններում։ 2018-ին, մինչև ընտրությունների օրը, նա արդեն ընտրված էր՝ շնորհիվ թավշյա հեղափոխության։ 2021-ին ընտրվեց, որովհետև 2018-ին ծնված հույսերը դեռ չէին մարել, չնայած 2020-ի պատերազմի ծանր հետևանքներին։ Բայց ամենակարևոր տարբերությունը սպասվող և անցած ընտրությունների միջև՝ Արցախն է։ 2021-ին Արցախի Հանրապետությունը հայկական էր, ու նախընտրական ծրագրերում նույնիսկ Արցախին վերաբերող դրույթներ կային։ Ինչպես է Արցախի ու արցախցիների հարցը արծարծվելու քաղաքական ուժերի ծրագրերում այս անգամ, դեռ հայտնի չէ, բայց արդեն պարզ է, որ քարոզարշավի ընթացքում Արցախի մասին շատ է խոսվելու, ու այդ խոսակցության մեջ բոլոր ուժերը, որպես պատասխանատու, թիրախավորելու են օրվա իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Արցախի մասին է նաև Հայաստանի Հանրապետության նարնջագույն մակետ–կրծքանշանը, որը Նիկոլ Փաշինյանը բաժանում է քարոզարշավի ընթացքում՝ հիմնականում երեխաներին։ Մարզային հանդիպումների ժամանակ, գոնե ուղիղ եթերների ընթացքում, այդ նշանը ստացողներին միայն հրճվանք է պատճառում, մինչդեռ Երևանի մետրոյի գնացքում մարտի 22-ին այն աղմկահարույց միջադեպի առիթ դարձավ։ «Եղբայր, կարելի՞ ա քեզ նվիրեմ մի հատ սրանից(նշանից)»։ Մանկահասակ տղային ուղղված հարցին պատասխանեց նրա մայրը՝ ասելով․ «Մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»։ Խոսակցությունը կնոջ և վարչապետի միջև լարվեց այնքան, որ Փաշինյանն ասաց․ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Կինն էլ, թե՝ «Էսօր իմ ամենաչստացված օրն ա, չէի պատկեացնի, թե Ձեզ կհանդիպեմ»։ Հետո պարզվեց, որ արցախցի կինը առաջին արցախյան պատերազմում զոհված հրամանատար, դաշնակցական Մերուժան Մոսիյանի դուստրն է։
Փողոցով, ուղիղ եթերում իշխանության եկած, փողոցում հիմնականում գովասանք ու շնորհակալություն լսող Փաշինյանը մետրոյի այս դեպքից հետո պետք է որ մի քիչ շրջահայաց դառնա։ 2018-ից 8 տարի է անցել, կյանքն ու մարդիկ փոխվել են, ու փոխվել է նաև նրանց վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Այն, ինչ տեսախցիկի առաջ Փաշինյանի երեսին նետեց արցախցի կինը, միայն նրա մտածածը չէ։ Այդպես մտածողներ էլի կլինեն, ու դրա համար պարտադիր չէ հերոսի դուստր կամ Արցախից բռնի տեղահանված լինել։
Արմինե Մոսիյանը ուղղակի կարող է դառնալ նախադեպ՝ ուղիղ եթերում առանց կաշկանդվելու, քաշվելու, առանց մեղավոր զգալու սրտում եղածը վարչապետին ասելու, նրա հետ մինչև վերջ կռիվ տալու։ Այսուհետ Հայաստանի մակետը ինչ–որ մեկին տալուց առաջ արժե, որ Նիկոլ Փաշինյանը մտածի՝ իսկ եթե դիմացի «եղբայրը» չուզենա վերցնել այն կամ համաձայն չլինի դրա սահմանների հետ, ինքը ինչ է ասելու և, հատկապես, ինչպես է ասելու, որ հետո ստիպված չլինի ներողություն խնդրել։
Երկու ժամ անց՝ Փաշինյանն սկսեց ներողություն խնդրել իր պահվածքի ու խոսքերի համար։ Առաջին անգամ նա դա արեց լրագրողի հարցին ի պատասխան՝ հերքելով, թե ինքն օգտագործել է «փախածներ» բառը, երկրորդ անգամ ուղիղ եթերում՝ բացատրելով, թե Արցախի հարցը իր ներսում «խլրտում ու եռում է» առաջացնում, երրորդ անգամ ներողություն խնդրեց գրավոր՝ մորը և որդուն հրավիրելով Կառավարություն, Կառավարություն չեն ուզում՝ Մետրոպոլիտեն՝ իրենց հարմար ժամի, ուղիղ եթերում։
Ո՞ւմն է Երևանի մետրոպոլիտենը
Նիկոլ Փաշինյանը, ըստ Factor.am–ի, ուղիղ եթեր է մտել մետրոյի կայարանների չթույլատրվող հատվածներից․ «մետրոյի կայարան մուտք գործելը, երթևեկությունը ցուցադրվել են ուղիղ եթերում, թեպետ կառույցը համարվում է ռազմավարական, և անվտանգության նկատառումներով նկարահանումներն արգելվում են»։ Լրատվամիջոցը այս հարցի շուրջ փորձել է պարզաբանում ստանալ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակից։ Խոսնակը բացատրել է․ «Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100% բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, և կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անելու»։
Իսկ սա նշանակո՞ւմ է, որ կառավարության ղեկավարը իրավունք ունի նաև, օրինակ, Գարեգին Նժդեհի կայարանում նախընտրական հավաք կազմակերպելու։ Ըստ Մետրոպոլիտենի պարզաբանման տրամաբանության՝ երևի ունի, որովհետև մետրոն կառավարությանն է։ Իսկ կարո՞ղ են մետրոյի գնացքներից ուղիղ եթեր մտնել նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ասենք, Արման Թաթոյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Դարձյալ ըստ Մետրոպոլիտենի պատասխանի տրամաբանության, երևի չեն կարող, որովհետև Մետրոպոլիտենի 100% բաժնետերը կառավարությունն է, կամ որ նույնն է՝ Նիկոլ Փաշիյանն է։