Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Էդիտա Գզոյանը ներկայացնում է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ 24 ապրիլի, 2025թ․։ Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի կայքից։

Մարտի 12-ի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց հայտարարությունն արեց։ Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը իր ցուցումով է ազատվել աշխատանքից։ Թանգարան–ինստիտուտի տնօրենին վարչապետը չի նշանակում, նրան ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը, բայց վարչապետը հաստատում է այդ խորհրդի կազմը։

Նիկոլ Փաշինյանի հորդորով ԲԴԽ նախագահ է ազատել պաշտոնից, իսկ Իջևանում նա հրամայել է իրեն դիմած քաղաքացու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակել․ այս առումով, վարչապետի ցուցումը թանգարանի տնօրենին ազատելու վերաբերյալ, աննախադեպ չէր։ Ուշագրավը այդ ցուցումը տալու պատճառներն ու հիմնավորումներն էին։

Ասուլիսում վարչապետը հայտարարեց․ «Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ–ում արտաքին քաղաքականությունը վարում է կառավարությունը, և էն պետական պաշտոնյան, որը կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ»։

Վարչապետը 2025-ին է հայտարարել, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, բայց նա չի մանրամասնել, թե դա ինչ է նշանակում։ Չի թվարկել, թե որ գործողությունները, երևույթները կարող են համարվել շարժման շարունակություն, չի մանրամասնել դրանց դրսևորման եղանակները, չի ասել, որ հենց դրանք պիտի չլինեն։ Ի՞նչ էր Ղարաբաղյան շարժումը՝ պարզ էր․ Ղարաբաղ կոմիտեն էր, Ազատության հրապարակի ցույցերն էին, Արցախյան պատերազմն էր, Արցախի Հանրապետությունն էր։ Դրանցից այսօր մնացել է միայն Ազատության հրապարակը։ Ի՞նչը կարող է համարվել Ղարաբաղյան շարժման շարունակություն, երբ Արցախն այլևս չկա, դժվար է սահմանել։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելիս՝ Էդիտա Գզոյանը հազիվ թե մտածեր, որ դա արտաքին քաղաքականություն վարելու հավակնություն է, և ինքը շարունակում է Ղարաբաղյան շարժումը․ Վենսը հաստատ Ծիծեռնակաբերդ այցելած միակ հյուրը չէ, որին գիրք էին նվիրում։ Գրքի անունը հստակ չի նշվում․ վարչապետն ասում է՝ արցախյան  հիմնահարցի մասին է, Էդմոն Մարուքյանը՝ ամերիկացի լրագրողների հոդվածների  ժողովածու էր՝ հայ–ադրբեջանական բախումների մասին, մամուլը գրում է՝ նվիրել է ցեղասպանության և Արցախի մասին գրքեր։

Արցախի մասին գիրք նվիրելու համար պաշտոնից ազատելը, ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի, բերելու է նրան, որ բուհերում արգելվելու է Արցախին վերաբերող ցանկացած գիտական հետազոտություն։ 

Factor.am-ի եթերում նա ասում է, թե Փաշինյանը հրապարակային խոսեց տնօրենին աշխատանքից ազատելու մասին՝ «Ադրբեջանին ասելու համար, թե ինչ լավ է կատարում իր պարտականությունները, ու բնի մեջ կխեղդի ցանկացած մեկին, ով կմտածի Արցախի մասին»։

ՔՊ–ական Մարիա Կարապետյանը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանը փորձում էր հարաբերություններ ստեղծել Թուրքիայի նախագահի հետ, իսկ ՀՅԴ–ն ցույց էր անում։ «Այսինքն, մենք ունեցել ենք պետության մակարդակով մի բան ասելու, իսկ մեկ այլ մակարդակով մեկ ուրիշ բան տարածելու նախադեպ, ու Գզոյանի գիրք նվիրելն էլ կարող էր ընկալվել, թե մեր երկիրը չի դադարեցրել Ղարաբաղյան շարժումը, շարունակում է այն»։ Նման իրավիճակներից խուսափելու համար ՔՊ–ական պատգամավորը «պետության բոլոր աշխատողներին  խնդրում է նկատի ունենալ, որ իրենց ասած ցանկացած միտք պետք է համապատասխանեցվի մեր արտաքին քաղաքականությանը»։

ՔՊ–ական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Civilnet.am-ի եթերում ասում է, թե օրենքով ամրագրված է, որ Ցեղասպանության թանգարանը պետական արարողակարգի բաղադրիչ է, որտեղ այցելում են մեր պետության հյուրերը։ «Հետևաբար, այնտեղ գիրք նվիրելը(Ղարաբաղյան հիմնահարցի թեմայով) դարձել է ակտ, որը հակասում է պետական քաղաքականությանը»։

1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կան խաչքարեր, հուշարձաններ՝ նվիրված Սումգայիթի զոհերին, Արցախյան շարժմանը։ Մարիա Կարապետյանն ասում է՝ հյուրերին ուղեկցելիս ես զբոսավարին հորդորում եմ դրանց մոտ կանգ չառնել ու դրանց մասին չխոսել, եթե հյուրերը հատուկ հարց չեն տալիս։ Ռուբեն Ռուբինյանն էլ տարակուսելի է համարում, որ Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր այցելած հյուրին նվիրվում է գիրք՝ Արցախի մասին։

Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու որոշումն ընդունելուց հետո և այդ մասին հայտարարելուց բացի՝ իշխանությունը գիտի՞, թե ինչպես է այդ հրաժարումը իրականություն դարձնելու։ Մտածե՞լ էին, օրինակ, որ Գզոյանը Վենսին կարող է Արցախին վերաբերող գիրք նվիրել, հարկ համարե՞լ էին այդ մասին խոսել նրա հետ, տեղեկացնել, որ տնօրենն ու թանգարանը դարձել են կառավարության նոր արտաքին քաղաքականության մաս։ ՔՊ–ի պատգամավորները այդ հարցերին հստակ պատասխան չեն տալիս։ Թեմայի շուրջ մանրամասներ փորձել է պարզել Factor.am-ի լրագրողը, զանգել էՊետական արարողակարգի ծառայություն, բայց պետի հետ խոսել չի ստացվել․ զբաղված է եղել։

Ի դեպ․ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պաշտոնական կայքը բացվում է Արարատի պատկերով, ու եթե թանգարանը արտաքին քաղաքականության բաղադրիչ է, կառավարությունն էլ հրաժարվել է Արարատի պատկերից, թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, գուցե կմտածի այն փոխելու մասին։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը արտաքին քաղաքականության ուղղությամբ, զբաղեցրել է կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։