2024.01.23,

Խաչմերուկ

Լուսաբանման չարժանացած դետալներ ԼՂ կարգավորումից

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Մեդիա կրթության մեջ կանոն կա. ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչ է ասվում, քան թե ով է ասում։ Այս կանոնի կիրառությունը դժվար է գտնել հայկական մեդիայում։ Հատկապես երբ դիտարկում ենք Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման օրինակով։ 

Հայաստանյան մեդիայում Արցախի թեմայով լրագրողական նյութերը հիմնականում կառուցվում են փորձագետների, քաղաքագետերի, արցախցի գործիչների շուրջ։ Սակայն այդ գործիչների ասելիքը երբեմն երկրորդական կարևորության է արժանանում։ 

Թեև վերլուծաբանների գործի մի մասն էլ Ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցությունների դիպլոմատիկ ժարգոնն ու տողատակերը բացատրելն է, միշտ չէ, որ նրանք իրենց հարցազրույցներում հաջողում են այդ գործում։ Հաճախ քաղաքագետները նույնքան զգուշավոր են ու խուսափողական, որքան պաշտոնյաները։ 

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հարցում, ինչպես մյուս թեմաներում, վերլուծությունները բևեռացված են ըստ խոսողի գեոպոլիտիկ նախասիրությունների՝ մեզ կօգնի Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը։ Կարծիքները, որ այս երկու ծայրահեղություններից դուրս են, քիչ են։ 

Այն դեպքերում, երբ բանախոսներն արտահայտվում են ոչ ստանդարտ կարծիքներ ու խոսում են տաբուացված թեմաներից, դրանք բավարար չափով ուշադրության չեն արժանանում մեդիայի կողմից։ Արդյունքում, բուն բանակցային քննարկման կետերը շարունակում են մնալ անհասանելի հանրության համար։

Դաշտում տարբերվող վերլուծություններ առաջարկողները քիչ են։ Օրինակ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը 2023-ի ընթացքում, տարբեր հարցազրույցների ժամանակ, կարծիք է հայտնում, որ ուղիղ բանակցությունների կարիք կա և որ հայ-ադրբեջանական բանակցություններում տեղաշարժ չկա երրորդ կողմերի ներգրավման պատճառով։ Այս միտքը՝ գեոպոլիտիկ առումով բևեռացված մեդիան առանձնապես չի շեշտում։ Փոխարենը հարցազրույցներում Բաբայանին ամեն անգամ հարցնում են Հակարի կամուրջը հեշտությամբ անցնելու մասին ու այդ հարցի պատասխանը հետևողականորեն վերնագրեր դարձնում։

Դեռ օգոստոսին՝ Արցախի հայաթափումից մեկ ամիս առաջ, Բաբայանը civilnet.am-ի հետ «Սամվել Բաբայանը պատրաստ է բանակցել Բաքվի հետ՝ ցանկացած վայրում և առանց միջնորդի» հարցազրույցում ասում էր. «Ձեզ (հայկական իշխանությունների-խմբ.) մնում է երկու տարբերակ։ Կամ նստում եք ուղիղ բանակցությունների, կամ հասարակությանը տանջել պետք չէ, պետք է դիմել հասարակությանը՝ ով ուզում է մնա, ապրել պայքարել Արցախում, մնում է։ Ով չի ուզում, դիմում ենք Ադրբեջանին, որ դուրս գանք ստեղից»։
Նա զգուշացնում էր, որ եթե բանակցելու պատասխանատվությունը չվերցնեն, Արցախի իշխանությունները ստիպված են լինելու հանձնել Արցախը երկու ամսից։

Ուղիղ բանակցությունների թեման բարձրացրել է նաև արցախցի լրագրող Քրիստինե Խանումյանը։ Նա ևս քչերից էր, որը բանակցությունների անհրաժեշտության մասին խոսում էր բլոկադայի ժամանակ։ 

Հունվարի 14-ին А1Plus-ի հետ զրույցում նա վերլուծում է 2020թ․-ից հետո ժամանակաշրջանը և ասում է, որ այսպես կոչված (Ադրբեջանի կազմում Արցախի-խմբ.)ինտեգրացիայի շուրջ տարաձայնություններ չկային,  կար միջազգային կոնսենսուս։ «Պարզապես միջազգային խաղաղացողները ուզում են իրար ձեռքից պրոցեսը խլել։ Սա նշանակում է, որ մենք ընտրություն չունենք։ Պետք է գնանք խոսենք (ադրբեջանական կողմի հետ․-խմբ․)։ Ով կմնա՝ կմնա, ով դուրս կգա՝ դուրս կգա։ Բայց արվեց էն, ինչ արվեց 2020 թվականին այստեղ արեց Նիկոլ Փաշինյանը։ Որոշեցին, ոնց կլինի առանց պայքարի։ Այսինքն մի քանի հարյուր հոգի էլ զոհենք»,- ասում է Խանումյանը։ 

Հայաստանյան մեդիան տերմինները օգտագործում է աբստրակտ, առանց բովանդակությունը հստակեցնելու։ Այսպես օրինակ, Արցախի բլոկադայի օրերին շատ էր հնչում պայքար բառը, բայց ինչ գործողություններ է պայքարը ենթադրում՝ չէր բացատրվում։ Շատ է կիրառվում նաև խաղաղություն բառը, կրկին աղոտ ու վերացական, իսկ մեդիան այդպես աղոտ էլ տարածում է։

Այսպես բլոկադայի օրերին խոսվում էր Կաշենի հանքի շուրջ պայքարելու մասին, հնչել է  կարծիք, որ Կաշենի հանքում կարելի է բանակցել և ընդունել  ադրբեջանական ներդրումները որպես լուծում։ Այս նյուանսն էլ չարժանացավ մեդիա քննարկման և հանքի շուրջ պայքարը մնաց չձևակերպված։ 

Այսպես, կան լրագրողներ ու քաղաքական գործիչներ, որ բարձրացնում են տաբուացված հարցեր. արդյո՞ք խաղաղությունը կլինի կայուն, թե՞ կլինի ռեվանշ, որո՞նք են ոչ կայուն խաղաղության վտանգները, ի՞նչ տնտեսական համագործակցություն է հնարավոր Ադրբեջանի և արցախցիների միջև, ի՞նչ է պայքարը։ Այս նյուանսների մասին պատմող մեդիա բովանդակությունը կարևոր է, որ տեղեկացնի հանրությանը ու հենց հանրությունն էլ իրեն օտարացած չզգա բանակցային պրոցեսից։ 

Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում բանախոսին, նրա ասածները կարող են առանձին կյանք ստանալ, քննարկվել անձերից դուրս՝ հանուն հանրային իրազեկման, և հանրային մասնակցության, ինչը լրագրողների առաջնային գործառույթներից է։

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *