2022.10.10,

Խաչմերուկ

«Ոչ մի կադր կամ հարցազրույց չարժե լրագրողի կյանքը կամ առողջությունը»

Թեմուր Կիգուրաձեն վրացի անկախ լրագրող է, լրագրողների անվտանգության թեմայով դասընթացավար։ 2008-ից նա կոնֆլիկտներ է լուսաբանել, իսկ վերջին 8 տարիներին, լրագրողի աշխատանքին զուգահեռ, զբաղվում է լրագրողների անվտանգության խնդիրներով։

Թեմուրի հետ զրուցել ենք նրա փորձառության, կոնֆլիկտների լուսաբանման առանձնահատկությունների և լրագրողների անվտանգության թեմաներով։

Ռազմական լրագրության ի՞նչ փորձ ունեք, ի՞նչ կոնֆլիկտներ եք լուսաբանել Ձեր կարիերայի ընթացքում։

Կոնֆլիկտային գոտիներում աշխատել սկսել եմ 2008 թվականին՝ Վրաստանում։ Աշխատել եմ Աֆղանստանում՝ վրացի ու ամերիկացի զինվորականների հետ, 2011 թ․ աշխատել եմ թուրք-սիրիական սահմանին, երբ սկսեց պատերազմը Սիրիայում։ Աշխատել եմ Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ Բենղազիում և Թոբրուքում։ Եգիպտոսում՝ հեղափոխության ժամանակ, Ուկրաինայում՝ 2014 թ․-ին և մի փոքր էլ այժմ՝ 2022 թ․-ին։ Աշխատել եմ նաև Հայաստանում՝ Թավշյա հեղափոխության ժամանակ և էլի շատ տեղերում։

Կոնֆլիկտներ լուսաբանելու ամենատպավորիչ, հիշարժան կամ էքստրեմալ դրվագը ո՞րն է եղել։

2008 թ․-ին ես աշխատում էի Վրացական «The Messenger» թերթում (այն վրացական անգլալեզու օրաթերթ է), այն ժամանակ շատ երիտասարդ էի՝ սկսնակ լրագրող, և ավելի շատ քաղաքական հարցեր էի լուսաբանում, գնում էի Խորհրդարան, Արտաքին գործերի նախարարության ճեպազրույցներին։ Մենք, իհարկե, գիտեինք, որ Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակը շատ լարված է` լինում էին փոխհրաձգություններ, անգամ հրետակոծություններ կային։ Բոլորս հետևում էինք իրադարձություններին և ձեռքը զարկերակին պահում, բայց պատկերացնել անգամ չէինք կարող, որ դա կվերաճի լայնամասշտաբ պատերազմի։

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերն արդեն ռազմական ակտիվ գործողություններ սկսեցին։ Օգոստոսի 8-ի առավոտյան ես խմբագրություն աշխատանքի եկա։ Բացարձակապես ոչ ոք չէր հասկանում՝ ինչ անել, ինչպես աշխատել այդ իրավիճակում, և ահա այդ ժամանակ Թբիլիսիի մեր գրասենյակի մոտ ավտոմեքենա կանգնեց, որի մեջ նստած էին իմ երկու գործընկերները` Գիգա Չիխլաձեն և Սաշա Կլիմչուկը, որոնք աշխատում էին և՛ տեղական լրատվամիջոցներում, և՛ արտասահմանյան մեդիա հրատարակությունում՝ որպես ֆրիլանսեր։

Դա սովորական մարդատար մեքենա էր, և տղաները ասացին՝ «մենք երկու ազատ տեղ ունենք, ծրագրում ենք գնալ Ցխինվալի կողմ (այն Ցխինվալի շրջանի գլխավոր քաղաքն է, Հարավային Օսեթիայի գլխավոր քաղաքը), եթե ուզում եք գալ մեզ հետ, ձեզ հաճույքով կվերցնենք»։ Եվ ես ու իմ խմբագիրը՝ Ուինսթոն Ֆեզերլին՝ ամերիկացի, անգամ մեկ րոպե չերկմտեցինք, նստեցինք այդ մեքենան և գնացինք դեպի Հարավային Օսեթիայի կողմ։ Այն ժամանակ դա միակ բանն էր թվում, որ կարող էինք անել, որովհետև բոլորիս շատ հետաքրքիր էր, բոլորն ուզում էին աշխատել այնտեղ։

Հարավային Օսեթիայի կողմ գնալու ճանապարհին անցանք վրացական զորքերի մի քանի անցակետեր, որտեղ զինվորներ չկային, մեզ չկանգնեցրին, և մենք առաջ շարժվեցինք, ընդ որում՝ հեռուստատեսությամբ առավոտից ասում էին, որ Ցխինվալի մեծ մասը զբաղեցնում են վրացական զորքերը, արդյունքում պարզվեց, որ դա սխալ տեղեկություն էր։ Բայց մենք հաշվարկել էինք, որ, համենայնդեպս, քաղաքի այն հատվածում, ուր մենք պիտի գնանք, շատ թե քիչ հնարավոր կլինի աշխատել։

Ինչպես հետո պարզվեց, մենք անցել էինք նաև արտասահմանյան լրագրողների մի քանի խմբի կողքով, որոնք ձեռքով էին արել՝ մեզ կագնեցնելու համար, բայց մենք անցել էինք, որովհետև կամ չէինք նկատել, կամ չէինք ուզել նկատել։

Ցխինվալ քաղաքի մուտքերի մոտ արդեն տեսնում էինք մարտերի հետքեր, հեռվում կրակոցներ էին լսվում, և հենց քաղաք մտանք, որտեղ չորսով իջանք մեքենայից։ Մենք լրագրողական վկայագրեր ունեինք, բայց, իհարկե, առանց զրահաբաճկոնի էինք․ այդ ժամանակ՝ 2008 թ․-ին, այդպիսի բաների մասին Վրաստանում քչերն էին մտածում, և անգամ եթե ուզենայինք էլ վերցնել, որևէ տեղում դրանք չկային, մեր բոլորի խմբագրությունների ողջ ամսեկան բյուջեն մեկ զրահաբաճկոնի գին էր կազմում։

Արդեն քաղաքում նկարահանում էինք, քայլում տեղանքում, ձեռքներումս տեսախցիկներ կային։ Մարդիկ գործնականում չկային, միայն տասնյակ-հարյուր մետրի վրա զինված մարդկանց խումբ նկատեցինք։ Մեր տղաներից մեկն ասաց, որ նրանց ձեռքին Մ4 ինքնաձիգ է, որն ամերիկյան զենք է և որ այն ընդգրկված է վրացական բանակի զինանոցում, հետևաբար մերոնք են՝ վրացի զինվորներ, և պետք է ինչ-որ բան ասել, որ մեզ, իբր, ոչ ոքի հետ չշփոթեն։ Եվ նա ձայն տվեց՝ «տղե՛րք, մենք վրացիներ ենք, մի՛ կրակեք»։ Սկսվեցին կրակոցներ։ Այդ պահին որոշում կայացրեցինք, եթե կարելի է դա որոշում կայացնել համարել, և բոլորս միասին սկսեցինք փախչել ավտոմեքենայի մոտ, որ կայանված էր փոքր-ինչ այն կողմ։ Բայց նույն պահին թիկունքից գնդացրից կրակ բացեցին մեր ուղղությամբ, և իմ երկու գործընկերներին տեղում սպանեցին, ինձ ձեռքից վիրավորեցին, ամերիկացի գործընկերոջս՝ ոտքից։ 

Պարզվեց՝ ռուս զինվորականներ են։ Մեզ գերի վերցրեցին, մի քիչ ծեծեցին, հարցաքննեցին։ Եվ նաև այնպես էր ստացվել, որ չորսիցս երկուսը վրացի էինք՝ ես ու Գիգա Չիխլաձեն, Ուինսթոնը՝ ամերիկացի, և Սաշա Կլիմչուկը, որ մահացավ, Վրաստանի քաղաքացի է, բայց ազգությամբ ուկրաինացի։ Ստացվում է, որ միասին հավաքվել էինք երեք ազգերի ներկայացուցիչներով, որոնց այն ժամանակ այնտեղ ատում էին։ Իհարկե, մեզ մեղադրեցին լրտեսության մեջ, խոստացան տեղում գնդակահարել և այդպես շարունակ, բայց հետո, երբ խուզարկեցին ու հարցաքննեցին, տեսան, որ մեզ մոտ բոլոր փաստաթղթերը կան, ես էլ առանձնապես նման չեմ ինչ-որ զինվորականի, հատկապես նման չէի 15 տարի առաջ։

Ես 3-4 օր անցկացրի Ցխինվալի նկուղում։ Ցավոք, մենք այդպես էլ ոչ մի կերպ չկարողացանք օգնել դուրս բերել մեր գործընկերների մարմինները, հետո նրանց հարազատները ինչ-որ կերպ պայմանավորվել էին այդ մասին։ Դրանից հետո ինձ տարան Ռուսաստան՝ ոստիկանության բաժանմունք, իմ կոլեգային հետ վերադարձրեցին դիվանագիտական ճանապարհով, իսկ ինձ մոտավորապես 8 կամ 10 օրից օտարերկրյա գործընկերների, Կարմիր խաչի օգնությամբ հաջողվեց Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, որովհետև, բնականաբար, Վրաստանի հետ սահմանը փակ էր։

Ջավայի գյուղի մոտակայքում, Հարավային Օսեթիա, Վրաստան։ Տարհանման ժամանակ՝ վիրավոր օսեթ զինվորականների և խաղաղ բնակիչների հետ, 2008 թ․, լուսանկարը՝ Կազբեկ Բասաևի

Ինչպե՞ս այդ դեպքից հետո, այնուամենայնիվ, որոշեցիք զբաղվել ռազմական լրագրությամբ։ Ի վեջո դա տրավմա էր։

Որոշեցի շարունակել, որովհետև ուրիշ բան անել առանձնապես չեմ կարողանում և ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Բնականաբար, այդ դեպքը շատ ուժեղ փոխեց և՛ իմ աշխարհայացքը, և՛ այն, թե ինչպես հետագայում դասավորվեց իմ կյանքը։ Ես ասում էի, որ չեմ սիրում, երբ ինձ ռազմական թղթակից, ռազմական լրագրող են անվանում, երբևէ առանձնապես չէի ուզել դրանով զբաղվել, ուղղակի այնպես ստացվեց, որ այդ դեպքից հետո ինձ առաջարկվող աշխատանքներն այսպես թե այնպես կապված էին կոնֆլիկտային տարածաշրջանների, բողոքի ակցիաների ու բախումների լուսաբանման հետ և այլն։

Դրանից հետո՝ մեկ տարի անց, արդեն աշխատում էի Աֆղանստանում, որտեղ ևս մեկ տհաճ դեպք պատահեց` շարասյունը, որի կազմում էինք մենք, դարանակալվեց, հայտնվեց ականի վրա, մենք դիպուկահարների կրակահերթի տակ հայտնվեցինք, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չմահացավ։

Ահա այս երկու միջադեպերը՝ իհարկե հատկապես Օսեթիայի միջադեպը, ինձ ստիպեցին ավելի շատ մտածել անվտանգության մասին, ավելի շատ մտածել՝ ինչ պետք է անեն լրագրողները, որ նմանատիպ դժվար պայմաններում աշխատելիս գոնե մինիմալ կերպով ապահովեն սեփական անվտանգությունը։ Վրաստանում և առհասարակ ամբողջ տարածաշրջանում այդ ժամանակ քչերն էին այդպիսի հարցերի շուրջ մտածում՝ չնայած բարդ իրավիճակներում բոլորն էին ստիպված աշխատել։ Այդ թվում և՛ հայ, և՛ ադրբեջանցի գործընկերները, այսպես թե այնպես, աշխատում էին և հիմա էլ, ցավոք, շարունակում են աշխատել վտանգավոր պայմաններում։

Աֆղանստան, Հիլմենդ նահանգ, 2010 թ․, լուսանկարի հեղինակ՝ Թեմուր Կիգուրաձե

Գործնականում ի՞նչ հմտություններ ձեռք բերեցիք և ի՞նչ հետևություններ արեցիք այդ իրավիճակներից, որ օգնեց հետագայում կոնֆլիկտի գոտիներում աշխատելիս։

Լրագրողը պետք է կարողանա «ո՛չ» ասել․ դա ամենակարևոր հմտություններից մեկն է։ Եթե ես կարողանայի ասել «ո՛չ», ապա, ամենայն հավանականությամբ, 2008 թ․ այնտեղ կամ ընդհանրապես չէի գնա, կամ գնալու դեպքում կանգ կառնեինք մի այնպիսի տեղում, որտեղ հստակորեն պարզ էր, որ դրանից այնկողմ գնալը կատարյալ խելագարություն էր։ «Ո՛չ» ասելու հմտությունը լրագրության մեջ շատ էր պակասում այն ժամանակ, երբ ես էի սկսնակ և հիմա էլ է պակասում, որովհետև երիտասարդ լրագրողները մտածում են, որ խմբագրի կամ պրոդյուսերի խոսքն օրենք է՝ հաշվի չառնելով սեփական անվտանգությանը, կյանքին սպառնացող վտանգը։ 

Շատ լրագրողներ մտածում են, որ եթե ինչ-որ տեղ չգնաս, եթե հրաժարվես կատարել ինչ-որ խելագար առաջադրանք, ապա դու իսկական լրագրող չես, իսկական տղամարդ չես, վախկոտ ես և այլն և այլն։ Ինչը, իհարկե, բացարձակ անհեթեթություն է, և այդ ուղղությամբ իսկապես պետք է աշխատել՝ այդ թվում պրոդյուսերների և խմբագիրների հետ։

Իսկ ամենակարևոր հետևությունն այն է, որ հակամարտության գոտում աշխատելը չպետք է սկսի այն պահից, երբ դու նստում ես մեքենա և գնում այնտեղ։ Այն պետք է սկսի դրանից օրեր, շաբաթներ, եթե ոչ ամիսներ առաջ։ Պետք է շատ լրջորեն նախապատրաստվել։

Առաջին հերթին՝ տեղեկություն հավաքել այն մասին, թե ինչ է տեղի ունենում այժմ, որտեղ են տեղակայված զորքերը, ոչ մի դեպքում չհավատալ հեռուստատեսությանը։ Անգամ եթե աշխարհի լավագույն ալիքն է որևէ բան հաղոդում, ողջ տեղեկությունը պետք է ստուգել սեփական աղբյուրներով, գործընկերների, ուժային կառույցներում ծանոթությունների միջոցով, եթե դրանք կան․ եթե չկան, պետք է ձեռք բերել՝ գոնե ստուգելու համար, թե ինչ իրավիճակ է իրականում։ Պետք է շատ զգույշ լինել․ եթե չգիտես ուր գնալ, ուրեմն գնալ ընդհանրապես պետք չէ։ Պետք են հատուկ սարքավորումներ, պետք է հոգեբանորեն պատրաստ լինել հակամարտության գոտում աշխատելուն։

Եթե այս ամենը գիտես, չի նշանակում, որ պաշտպանված ես, և քո անվտանգությունը երաշխավորված է, բայց, համենայնդեպս, կարող ես վստահ լինել, որ առավելագույնն ես արել ռիսկերը նվազեցնելու համար։ Մեզ այսպիսի արտահայտություն ունենք՝ «կեղծ անվտանգության զգացում»։ Եթե մտածում ես, որ քո հագին զրահաբաճկոն ու սաղավարտ կա, և ինչ-որ մեծ փորձ ունես, ապա ապահով ես, երբ գտնվում ես պատերազմում, դա, իհարկե, անհեթեթություն է։ Այն զգացողությունը, թե՝ ես ամեն ինչ գիտեմ ու ամեն ինչին պատրաստ եմ, ավելի վատ է, քանի մի փոքր ավելի վախեցած լինելը։

Այդուհանդերձ, պետք է նվազագույնի հասցնել ռիսկերը։ Պետք է հաշվի առնել, որ համաձայն Մերֆիի օրենքի, այն ամենը ինչ կարող է ընթանալ ոչ անհրաժեշտ կերպով, ամենայն հավանականությամբ կընթանա ոչ անհրաժեշտ կերպով, ուստի պլան A-ից բացի պետք է ունենալ պլան B, պլան C, պլան D, պլան այն մասին, թե ինչպես մնալ կամ ինչպես տարհանվել և այլն։

Աֆղանստան, Հիլմենդ նահանգ, 2010 թ․

Լրագրող աշխատելու հետագա տարիներին շատ ակտիվորեն ու մանրակրկիտ պատրաստվում էի իմ ու իմ թիմի՝ ոչ բարենպաստ գոտիներում աշխատելուն։ Բարեբախտաբար, դրանից հետո մեզ մոտ շատ լուրջ միջադեպեր չեն եղել, վերադարձել ենք ողջ և առողջ, նյութերով։ 

Հիմա իմ մեծ ցանկությունն է՝ հատկապես Ուկրաինայում երկրորդ պատերազմի սկսելուց հետո, ինչ-որ կերպ փորձել օգնել այնտեղ աշխատող լրագրողներիին, որովհետև, ցավոք, Ուկրաինան հիմա հակառեկորդներ է սահմանում՝ ավելի քան 30 լրագրող է մահացել այնտեղ, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կոլեգաներ վնասվածքներ են ստացել, և պատերազմն էլ դեռ չի ավարտվել։ Դա բացարձակ խելագարություն է՝ խելագարությամբ համեմատելի Սիրիայում կատարվածի հետ։

Դուք կարևոր կետեր նշեցիք հակամարտության գոտում աշխատանքին պատրաստվելու համար։ Իսկ ի՞նչ պարտադիր գործողություններ կան, որ լրագրողը պետք է անի կոնֆլիկտի գոտում աշխատելիս։

Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչու է լրագրողն այնտեղ գնում, ինչ է ուզում անել։ Եթե պատճառն այն է, որ պատերազմ է ընթանում և լրագրողին շատ հետաքրքիր է, ապա դա շատ վատ պատճառ է ինչ-որ տեղ՝ առավել ևս պատերազմ գնալու համար։

Պետք է գործողությունների հստակ ծրագիր՝ ուր ես դու գնում, երբ ես գնում, ինչպես ես կապ պահելու խմբագրության և հարազատների հետ, որովհետև բջջային օպերատորները ռազմական գործողությունների ժամանակ առաջին թիրախներից են դառնում։ Ունեք արդյոք ավտոմեքենա, կա արդյոք լավ վարորդ, կարո՞ղ եք բենզին հայթայթել, կան արդյոք տեղանքի թղթային և էլեկտրոնային քարտեզներ։ Ինչ-որ մեկը գիտի՞՝ ինչպես առաջին օգնություն ցուցաբերել։ 

Լիբիա-եգիպտական սահման, փախստականների ճամբար, 2011 թ․, լուսանկարը՝ Նիկա Կապանաձեի

Իմ խորը համոզմամբ առաջին բժշկական օգնություն պետք է ուսուցանվի եթե ոչ դպրոցներում, ապա գոնե համալսարաններում և ինստիտուտներում անպայմանորեն՝ ոչ միայն լրագրողներին, ոչ միայն զինվորականներին, այլև բացարձակապես բոլորին։ Ես չեմ հորդորում ինչ-որ բարդ դասընթացեր անցկացնել, բայց բոլորը պետք է ունենան հիմնարար գիտելիքներ, թե ինչպես կանգնեցնել արյունահոսությունը, վիրակապել, ինչ-որ կերպ աշխատել կոտրվածքների հետ, տուժածին ողջ տեղ հասցնել այն մարդկանց մոտ, որոնք քեզանից լավ են կարողանում առաջին օգնություն ցուցաբերել։ Պետք է ունենալ առաջին բուժօգնության պայուսակ, որում պետք է լինեն հատուկ միջոցներ՝ բինտեր, բժշկական տուրնիկետ՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Մյուս անհրաժեշտությունը ջրի և սննդի պաշարներն են։ 

Հոգեբանական անվտանգությունը նույնպես կարևորագույն գործոն է։ Հասկանալի է, որ մենք զինվորականներ չենք և ամիսներով ու տարիներով չենք նստում խրամատներում, բայց, միևնույնն է, տրավմաները հասցվում են, միևնույն է մենք տեսնում ենք մարդկանց մահեր, տեսնում ենք խեղված ճակատագրեր, և այդ ամենը իր հետքն է թողնում մեր հիշողության, մեր ամենօրյա կյանքի վրա, հետո արդեն շատ դժվար է ապրել սովորական, խաղաղ կյանքով։ Ի դեպ, այդ խնդիրների պատճառով շատ լրագրողներ հետո ոչնչով չեն զբաղվում բացի այդ աշխատանքից, ինչը նույնպես այնքան էլ ճիշտ չէ։ 

Պետք է խոսել և՛ մասնագետների, և՛ գործընկերների հետ, աջակցել միմյանց, հասկանալ, որ ամոթ չէ ասել այն մասին, որ խնդիր ունես, ինչ-որ երազներ ես տեսնում և այլն․ դա ամոթ չէ, պետք է կարողանալ սթրեսը հաղթահարել, որ յուրաքանչյուր սթրեսային իրավիճակում հիմարություններ չանես։

Իսկ որո՞նք են ամենակարևոր «չի՛ կարելի»֊ները

Կարևոր է ցանկացած մանրուք։ Տառացիորեն կարևոր է այն, թե ինչ հագուստ ես կրում՝ և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Օրինակ՝ այնքան էլ լավ միտք չէ հակամարտությունների գոտի գնալ բարձրակրունկներով։ Պետք է հագնել որակյալ ճտքակոշիկներ, բայց դրանք չպետք է լինեն զինվորական։ Կարևոր է, թե որտեղ է արտադրված ձեր հագուստը, որովհետև դեպք է եղել, երբ իմ գործընկերուհին օկուպացված Ղրիմում հարցաքննության է ընկել միայն այն բանի համար, որ նրա ճտքակոշիկներին «Made in USA» («Պատրաստված է ԱՄՆ-ում») պիտակ է եղել, միանգամից՝ «ամերիկյան շպիոն է, ՆԱՏՕ-ական ճտքակոշիկներ են» և նմանատիպ բաներ։ Այո, ինչ-որ նմանատիպ ամենահիմար թվացյալ մանրուքները, ամեն ինչ նշանակություն ունի, և ամեն մանրուք օգնում է մի փոքր նվազեցնել ռիսկերը։ Սա դեռ մի փորք մասն է, քանի որ կան էլի շատուշատ «չի՛ կարելի»֊ներ։ 

Կա թվային անվտանգություն։ Ժամանակը շատ է փոխվել, մեր բոլորի ձեռքերում կան գաջեթներ, որոնք մեր իսկ թույլտվությամբ բոլոր ցանկացողներին պատմում են՝ որտեղ ենք գտնվում, ինչ ենք խոսում, ինչ ապրանքներ ենք գնում, ինչ հաղորդագրություններ ենք ուղարկում։ Ցանկության դեպքում կարելի է այդ ամենը կոտրել, եթե մարդն իսկապես որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատում թվային հիգիենան, ինչպես չտեղադրել, օրինակ, սեփական լուսանկարները՝ զենքով, որովհետև դա հետո կարող է օգտագործվել ձեր դեմ։ Եվ էլի նմանատիպ տարրական բաներ, որոնք երբեմն ուղղակի անտեսվում են՝ այդ թվում և փորձառու կոլեգաների կողմից։ Դաշտային աշխատանքի ժամանակ հետևում եմ՝ ինչպես են ամբողջ աշխարհում կոլեգաները խելագար արարքներ անում և այդ ամենը տեղադրում համացանցում։

Վարքականոններ կան, օրինակ, կրոնական իրերի, զանազան սիմվոլների հետ կապված։ Եթե գնում ես, օրինակ, աշխատելու Ուկրաինայում, ապա Պուտինի դիմանկարով վերնազգեստ հագնելը այնքան էլ լավ միտք չէ։ Եթե կրոնական կոնֆլիկտ ես լուսաբանում, ապա ինչ-որ կրոնական խորհրդանիշներ, գրություններ չպետք է լինեն քեզ մոտ։ Օրինակ՝ քրիստոնեական երկրում վազվզել «Ղուրանով» կամ, ընդհակառակը, Իրանում առաջարկել «Աստվածաշունչ», նույնպես լավագույն միտքը չէ։

Նույնը վերաբերում է արգելված նյութերին՝ ալկոհոլ, թմրամիջոցներ, պոռնոգրաֆիա,որոնք նույնպես չպետք է գտնվեն ձեզ մոտ հակամարտության գոտիներում աշխատելիս։

Հոստոմել, Ուկրաինա, քաղաքային մարտերի հետևանքները, ապրիլ 2020, լուսանկարը՝ Թեմուր Կիգուրաձեի

Մի խոսքով, որքան քիչ են մեզ ուղղված հարցեր ծագում, այնքան քիչ ենք մենք կասկած հարուցում այն մարդկանց մոտ, որոնց հետ ուզած-չուզած պետք է աշխատել, իսկ աշխատել պետք է բացարձակ տարբեր մարդկանց հետ․ դրանք կարող են լինել ադեկվատ, նորմալ, լավ մարդիկ՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, բայց պետք է հաշվի առնել, որ պատերազմի պայմաններում ապրող մարդկանց հոգեբանությունը փոփոխված է, անգամ ամենաադեկվատ և նորմալ մարդը կարող է սևեռվել ինչ-որ մանրուքի վրա, որն ինչ-որ բան կարող է առաջացնելով նրա գլխում, և ամեն ինչ կարող է ընթանալ ոչ ցանկալի կերպով։

Եվ վերջում՝ պատերազմական գոտիներում աշխատելու հետ կապված մի միտք֊խորհուրդ եմ հիշում՝ « Վերադարձե՛ք ողջ»։ Համաձա՞յն եք այս մտքին, և ո՞րն է ըստ Ձեզ ավելի կարևոր՝ լավ նյու՞թը, թե՞ լրագրողի անվտանգությունն ու կյանքը։

Այս բոլոր կետերից բացի, որ նշեցի, կա ոսկե կանոն, որը անվտանգության ցանկացած թրեյներ յուրաքանչյուր դասընթացի ժամանակ հազար անգամ կկրկնի ձեզ՝ ոչ մի կադր, ոչ մի հարցազրույց չարժե լրագրողի կյանքը կամ առողջությունը, որովհետև կադրը կարելի է նկարել մեկ այլ անգամ՝ մեկ օր, մեկ տարի, հինգ տարի հետո, բայց մահացած մարդուն այն աշխարհից հետ չես բերի։

Ընդհանրապես, վախը լրագրողի զենքն է՝ իհարկե, ո՛չ վախենալ-փախչելու համար։ Վախը օգնում է փրկվել։ Լրագրողները, որոնք երկար ժամանակ աշխատում են կոնֆլիկտային գոտիներում, շատ հաճախ կորցնում եմ վախի զգացողությունը։ Օրինակ՝ Ուկրաինայի դեպքում, երբ կես տարուց ավելի է պատերազմը ձգվում է, և լրագրողներն այնտեղ ամիսներով գտնվում են սթրեսային իրավիճակում, վախի զգացումը շատերի մոտ բթացել է, որովհետև երբ դու անդադար կրակոցների, անընդհատ կյանքի սպառնալիքի տակ ես՝ սիրենաների՝ գիշեր-ցերեկ լսվող ձայների ուղեկցությամբ, դադարում ես հասկանալ, թե որտեղ է վտանգը և որտեղ է անվտանգությունը։ Ցավոք, մարդիկ դառնում են այդ զգացողության զոհը։ Շատերն էլ ընտրություն չունեն, որովհետև այնտեղ են ապրում և չեն կարող հեռանալ։

Վախի զգացողությունն օգտակար է լրագրողի համար, չի թողնում կորցնել զգոնությունը և ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ ընտրություն պետք է անել։ Ես վեց-յոթ պատերազմի եմ ներկա եղել, միշտ էլ վախ եմ զգացել, բայց դա չի նշանակում, որ պետք է նստեի սեղանի տակ և դողայի․ դա նշանակում է, որ մի քանի անգամ ավելի կմտածեմ նախքան այդ ուղին բռնելը։

Հարցազրույցը՝ Մարգարիտա Ղազարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *