2021.05.10,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում․ փետրվար

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

2021թ․ փետրվարի ընթացքում հայկական լրատվամիջոցներում հետպատերազմական  ամենաքննարկվող թեմաները Կարսում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն էին, արցախյան վերջին պատերազմում ռուսական «Իսկանդերի» կիրառման շուրջ քննարկումներն ու հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը ադրբեջանցիների կողմից։ 

Զորավարժություններ․ վտանգներ ու սպասելիքներ

Փետրվարի 1-ից 12-ը Կարսում անց են կացվել «Ձմեռ-2021» անվանումով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք, մեկնաբանվում էին, որպես ոչ պատահական։

«5-րդ ալիք»-ի եթերում ռազմագետ Վան Համբարձումյանն ասում է, որ թուրքերի աչքը Սյունիքի վրա է, և այդ աչքը վախեցնել հնարավոր է, եթե հայ-ռուսական համատեղ զորավարժություններ լինեն նախ Սյունիքում, ապա Նախիջևանի սահմանին, Գյումրիի հատվածում։ 

Նրա կարծում է՝ ոչ մի զորավարժություն հենց այնպես չի արվում, ու շարունակում է, որ ստեղծված իրավիճակում պատերազմի հավանականությունը մեծ է․  «ՀՀ զինված ուժերը մեծ կորուստներ են կրել, Հայաստանում ներքաղաքական լրջագույն ճգնաժամ կա, և իշխանություն, որը չի կարողանում տիրապետել ստեղծված իրավիճակին։ Սա նշանակում է, որ բարենպաստ պայմաններ են, որից չօգտվելը մեղք է»։ 

Նույն թողարկման ժամանակ հաղորդավարն ասում է, որ Կարսի զորավարժություններով Թուրքիան ատամ է ցույց տալիս Ռուսաստանին։

«News.am»-ն էլ հրապարակել է ռուսական «Газета.Ru»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկի՝ «Թուրքիան Ադրբեջանին սովորեցնում է կռվել. ինչպես է փոխվել ուժերի դասավորությունը Ղարաբաղում» հոդվածը, որն անդրադառնում է Կարսում անցկացված զորավարժություններին։ 

«Հետաքրքիր են ոչ այնքան սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ …Ավելի կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպես կզարգանա ռազմաքաղաքական իրավիճակը այս պայթյունավտանգ տարածաշրջանում մոտ ժամանակներս»:

Ռուսական «Իսկանդեր». վտանգված հայ-ռուսական հարաբերություններից մինչև անարդյունավետ զինատեսակի  կիրառում

Զորավարժությունների ու ռուսական «Իսկանդերի» թեմաները թեժ քննարկումների ու քննադատության առիթ դարձան, ընդ որում՝ «Իսկանդերի» դեպքում վարչապետին ուղղված քննադատությունները հնչեցին ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից։ 

Լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանել են այդ թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռակա «բանավեճը»։ 

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, բայց իր հավաստի տեղեկություններով՝ այն կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ 

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ»։

Փաշինյանի այս հայտարարությունը քննադատության նոր ալիք առաջ բերեց ու նաև ինչ-որ առումով հեգնանքի առիթ դարձավ ռազմական ոլորտի ներկայացուցիչների շրջանում։

«5-րդ ալիք»-ի եթերում Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնել է այն կարծիքը, թե «Իսկանդերի մասին հայտարարությունը հարված է հայ-ռուսական հարաբերություններին, և այս խաղի մեջ Նիկոլ Փաշինյանը մտել է նպատակաուղղված։ Արևմուտքի որոշ ուժեր արդեն իսկ փորձում են այս իրավիճակի հետ խաղալ, և այս պայմաններում Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է մանևրել և ստանալ ցանկալին՝ առաջին հերթին՝ իր իշխանության պահպանումը՝ հասկանալով, որ այս ամենը արվում է Հայաստանի ու Արցախի հաշվին»։ 

«Արմնյուզ»-ի հաղորդավար Աբրահամ Գասպարյանը նույնպես այն կարծիքին է, որ Փաշինյանի հայտարարությունը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների սրացում է․ «Ոչ մեկին թող չթվա, որ Արցախը հանձնած Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկողը հենց այնպես հակառուսական հայտարարություններ կանի»։

«Բարեկամ պետության լավագույն զինատեսակներից մեկը վատաբանելու փորձը ռուս փորձագետներն ու հրապարակախոսները որակում են որպես Սորոսից ստացած ուղղակի հրահանգի անճարակ իրականացում»,- ասում է «Իսկանդերի» մասին ռուսական արձագանքների ռեպորտաժի հեղինակը։

Նույն թեմայով «Aysor.am»-ն արտատպել է «Комсомольская правда»-ի հրապարակումը, որում տակտիկական հրթիռների նախագծման 37-ամյա փորձով ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովն ասում է․ «Հայտարարելով ռուսական «Իսկանդեր» հրթիռների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է պատասխանատու լինի «բազառի» համար: Նման լուրջ պահանջներ ներկայացնելով հրթիռային համակարգին և միաժամանակ հրապարակավ խոստովանելով, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է»:

«Ի՞նչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10%-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ»,- այս մասին «168.am»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ իր զարմանքը հայտնելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին դիտարկումների վերաբերյալ:

Ալեքսանդր Խրամչիխինը կասկածի տակ դրեց այս թեմայով Նիկոլ Փաշինյանի արած պնդումները: Մեկ հրթիռ, ըստ Խրամչիխինի, կարող է ինչ-որ պատճառով չպայթել ցանկացած զինատեսակի դեպքում, քանի որ տեխնիկան ունի խնդիրներ հարուցելու հատկություն, բայց ընդհանրապես հետաքրքիր է, թե որտեղ են այդ արձակված հրթիռի կտորները, որովհետև Ադրբեջանը մեծ հաճույքով կցուցադրեր այդ կտորները, և թե ինչո՞ւ չի ցուցադրել, շատ տարօրինակ է:

Վտանգված ու վերացվող հայկական պատմամշակութային արժեքներ

Փետրվարին շրջանառվող թեմաներից մեկն էլ հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումն է ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև այդ արժեքները իրենց վերագրելու փորձերը։ Ուշադրության կենտրոնում էր Արցախի Տիգրանակերտը։

Հանրային հեռուստաընկերությունը փետրվարյան իր մի քանի թողարկումներում հենց այդ թեմային է անդրադարձել։ Թողարկումներից մեկում հաղորդավարն այսպես է որակում Ադրբեջանի քայլերը․ «Սեփական պատմություն չունենալու բարդույթից Ադրբեջանը փորձում է ամեն կերպ իրենով անել ուրիշինը՝ այս դեպքում մերը։ Բաքուն հայկական եկեղեցիները ուդիական համարելուց հետո պնդում է, թե Տիգրան Մեծի հիմնադրած Արցախի Տիգրանակերտը իրենք են հայտնաբերել։ Ցավոք, հնավայրը այսօր նրանց վերահսկողության տակ է, բայց հայ հնագետների ձեռք բերած գտածոները մեզ մոտ են»։  

«Lragir.am»-ի հրապարակումներից մեկում էլ Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, պատասխանելով Բաքվի հերթական զրպարտությանը, նշել է, որ Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: 

«Արցախի՝ քաղաքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով»:

Հանրային հեռուստաընկերության թողարկումներից մեկում էլ ռեպորտաժը հենց այսպես է վերնագրված՝ «21-րդ դարի վանդալները», որում նշվում է, թե «Արցախում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սկսել է կռիվ տալ հայկական մշակութային արժեքների դեմ՝ փորձելով ոչնչացնել Արցախում խորը արմատներ ունեցող հայկական հետքը՝ ներկայացնելով եկեղեցու ռմբակոծությունը, խաչքարերի, հուշարձանների ու գերեզմանաքարերի ջարդելն ու վնասելը և այլն։ Մշակույթի դեմ իրականացվող այս ոճիրը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով՝ սրա վառ ապացույցն այն է, որ պատերազմից ամիսներ անց Ալիևը ընտանիքի հետ այցելեց Շուշի ու հենց Վազգեն Սարգսյանի արձանի տեղում ադրբեջանցի ինչ-որ գործինների արձաններ տեղադրեց»։ 

«Արմնյուզ»-ի եթերում Աբրահամ Գասպարյանը պատմել է՝ Թուրքիայի անշարժ գույքի շուկայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին։ 

«Երկու եկեղեցիներ առանձին-առանձին վաճառվում են 6 մլն լիրայի սահմանում, չեն փոխանակվում։ Հիշեցնելու կարիք բնականաբար չկա, թուրքի ձեռագիրն է։ …Միջին վիճակագրական ոչ մի նորմալ հայ կարիք չունի դասախոսություն լսելու թուրքի էության, նրա արժեքային համակարգի, մարդկային հարաբերությունների ընկալումների մասին», նշել է նա։ 

«1in.am»-ն էլ արտատպել է «Ադրբեջանական վանդալիզմ՝ Շուշի տանող ավտոճանապարհի համար» վերնագրով «Ժամանակի» հոդվածը․ «Ադրբեջանի իշխանությունները ամբողջովին քանդել և հողին են հավասարեցրել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղլար գյուղի գերեզմանոցը: Ըստ ականատեսների՝ այդ տարածքով անցնելու է դեպի Շուշի տանող ավտոճանապարհը:

Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը նշել է, որ իրականում տեղի ունեցածը սովորական մշակութային ֆաշիզմ է, ոչ թե անհատների և իրենց զինվորների վերաբերմունքն է հայկական իրականության և մշակույթի հանդեպ, այլ պետական ապարատի կողմից նախապես պատրաստված գործողություն։

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանում արժեքներ ոտնահարելու համար բավական է, որ դրանք հայկական լինեն։

Իսկ ահա «Armtimes.com»-ում տեղ է գտել ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանին անցած տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման կազմակերպման մասին։ 

Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակութային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականությունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: 

Հայտարարությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմել է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *