2021.03.04,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում. դեկտեմբեր

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախյան 44-օրյա պատերազմը հանրային ընկալումներում որոշակի փոփոխություններ մտցրեց. եթե մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում թշնամին Ադրբեջանն ու նրան աջակցող Թուրքիան էին, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո թշնամու վեկտորը միանգամից տեղափոխցվեց ներքին դաշտ։ 

Թշնամին արդեն ներսում է

Նոյեմբերի 9-ից սկսած քչերն են թշնամի ասելով պատկերացնում Հայաստանին հարևան երկու պետություններին։ Արդեն կա մեկ թշնամի՝ ներքին թշնամին, դավաճանը։ Այս որակումները մեդիայում վերջին երկու ամիսներին քիչ չէին, դրանք ուղղված էին բացառապես գործող իշխանություններին, ավելի կոնկրետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  

Փաշինյանին ուղղված գլխավոր մեղադրանքը մեկն է՝ «նա ծախել է Արցախը. նա դավաճան է»։ 

Լրատվամիջոցները սկսեցին շրջանառել այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը «Արցախը վաճառել է 5 մլրդ դոլարի դիմաց, որն առաջարկել է Ալիևը»։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հայտնվեց Սերժ Սարգսյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փակ զրույցի ձայնագրության արտահոսքը, որում վերջինս նշում է, թե Իլհամ Ալիևը 5 մլրդ դոլար է առաջարկում տարածքների դիմաց, իսկ Սարգսյանը հակադարձում է՝ պատրաստ է 6 մլրդ առաջարկել Ալիևին՝ տարածքներից հրաժարվելու դիմաց։

Այդ ձայնագրության արտահոսքը հրապարակեց նաև «5-րդ ալիք»-ը՝ մեջբերելով փորձագետի կարծիքը, որ «հնարավոր չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ գումարը առաջարկած չլինեն նաև Փաշինյանին»։

Արցախի տարածքի 70 տոկոսը կորցնելուց հետո իրավունք ունենք որոշ ենթադրություններ անելու՝ ինչ է պատասխանել Փաշինյանն այդ հավանական առաջարկին․«Ի՞նչ է ստացվում. 5 մլրդի դիմաց ոչ միայն 7 շրջաններն են տվել, այլ որպես բոնուս նաև Շուշի՞ն ու Հադրո՞ւթը»։ 

Նույն թեման շարունակվել է նաև լրատվամիջոցի մեկ այլ թողարկման ընթացքում։ 

«Անհնար է, բայց փաստ, որ տարածքներ՝ փողի դիմաց թեզը առաջարկվել է նաև ներկայիս կառավարությանը։ Իսագուլյանն ընդունում է՝ գուցե շատերը չհավատան, բայց և պնդում է՝ Փաշինյանին արվել է առաջարկը ու նա համաձայնվել է»,- ասում է հաղորդավարը՝ մեջբերելով Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքը։ 

5 մլրդ դոլարի թեման լուսաբանել են նաև այլ լրատվամիջոցներ՝ «Լրագիրը», «Երկիր Մեդիան», «News.am»-ը, իսկ Սիվիլնեթն էլ արտատպել է Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի այդ հատվածը, որում վարչապետն առաջարկում է վերոնշյալ հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ։  

«Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ով դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք: ․․․Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է»,- նշել է նա:

«5-րդ ալիք»-ը վարչապետին ուղղված մեկ այլ քննադատական խոսք էլ է հրապարակել․ նախկին նախագահների հայտարարությունների շարքում տեղ է գտել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տեսակետը․ «Փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած ու հողեր ազատագրած իշխանություններ, իսկ Նիկոլ Փաշինյանը Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած, վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար»։ 

Վարչապետին քննադատելու մեկ առիթ էլ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների հանձնումն էր Ադրբեջանին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Սպանել էին հայ երեխայի և մի քանի տարի է՝ գտնվում էին Շուշիի բանտում։ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում այդ ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Ամո՛թ քեզ, Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Մեկ այլ հրապարակման մեջ էլ նշվում է․«Այսօր Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է: Ադրբեջանցին դրոշը ձեռքին Հայաստանում է»։ 

Որակումներ կային նաև «Aysor.am»-ում․ կայքը մեջբերել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ, մեր երազանքները, մեր պատմությունը, հայի արժանապատվությունը, անվտանգությունը, մեր ունեցածը մսխեցիր ու հանձնեցիր թշնամուն։ Դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը. սա նվազագույնն է, ինչ քեզ սպասվում է»։ 

Իսկ մյուսում էլ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեկ այլ գրառում է։ «Զոհվածների, գերիների ու անհետ կորածների հարազատները դեռ նոր են սկսում հասկանալ ինչ է կատարվել` անմարդկային ցավից հետո: Արյան վրեժը կարող է սկսվել մի ակնթարթում, ամենապատահական դիպվածով։ ․․․Ընդ որում արյունից պետք է վախենա ոչ թե հասարակությունը, այլ հենց Նիկոլն ու ՔՊ-ն»։ 

Թուրքիան ու Ռուսաստանը գլխավոր դերակատարներ

Դեկտեմբերյան անդրադարձներում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին նաև Արցախում և Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերն ու Թուրքիային և Ադրբեջանին զսպելու հնարավորությունները։

«168.am»-ի հրապարակումներից մեկում կայքը զրուցել էր «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ, ով կոչ է անում Արցախի հայրենակիցներին՝ քանի դեռ ռուսական զորքն այնտեղ է՝ անպայման վերադառնալ, որովհետև ռուսական զորքը չի կարող ամայի տարածք պահել:

«Պետք է արցախցիները վերադառնան Արցախ և վերակառուցեն այն. այս անգամ նրանց անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասել էր ադրբեջանագետը:

Թեմայի վերաբերյալ հրապարակում կա նաև Սիվիլնեթում, որը տպագրել է BBC-ի ռուսական ծառայության հարցազրույցը ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Նա նշել էր, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ որքան հնարավոր է շատ հայեր վերադառնան, որովհետև եթե այնտեղ չլինեն ղարաբաղցի հայեր, ապա Ադրբեջանը (ռուս զինվորականներին) կարող է ասել՝ ի՞նչ եք անում այստեղ։

«Բայց երբ նախագահ Պուտինն ու մյուսներն (համաշխարհային) առաջնորդները) ասում են, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, նրանք նկատի չունեն, որ հնարավոր է Ղարաբաղի անկախությունը։ ․․․Ռուս դիվանագետները նախկինում էլ չեն աջակցել ոչ մի նախագծի, որը չէր նախատեսի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Հանրային հեռուստատեսությունն իր թողարկումներից մեկում ներկայացրել է  ռուսաստանցի ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի տեսակետը. նա կարծում է, որ «կոնֆլիկտը սրանով կավարտվի, ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է, որ Ադրբեջանն այլևս չի համարձակվի անցնել հարձակման»։

Հանրայինը ներկայացրել է նաև ԵԱՀԿ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կարծիքը, որ «իր համար կասկած չկա, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանագիրը՝ նախապես պատրաստվելով այդ պատերազմին»։

«Ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են 6000 հոգու մահվան, չհաշված Թուրքիայից տեղափոխված օտարերկրացիներին, զգալի թվով վիրավորներին և ավերածություններին, նախաձեռնել է Ադրբեջանի նախագահը»։

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ նշել է, որ Բաքվի նման շքերթները վիրավորանք են ոչ միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, այլև նրա դաշնակից Ռուսաստանի նվաստացման փորձ են․ «Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով այն ամենը, ինչ հնչել է շքերթի ժամանակ, հատկապես Ալիևի՝ հայրենական մեծ պատերազմին հղելու, ֆաշիզմի դեմ պայքարի և ԼՂ-ում գործողությունների միջև անցկացվող զուգահեռները սրբապղծություն են, ստահոդ և արժանի են ամեն տեսակի դատապարտման»։ 

Սիվկովի կարծիքը ներկայացրել է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը․ «ԼՂ-ում ռուս խաղաղապահների ջանքերով փաստորեն ապահովվեց անվտանգություն, քանի որ ցանկացած ոտնձգություն այսուհետ կդիտվի հարված ռուս խաղաղապահներին ու կհանգեցնի անխուսափելի պատերազմի Ռուսաստանի կողմից»։ 

«Շանթ»-ի մեկ այլ թողարկման ընթացքում պատմաբան Աշոտ Մելքոնյանը, խոսելով Թուրքիայի պանթյուքիզմի հնացած գաղափարները Ադրբեջանի ձեռքով լուծելու մասին, նշել է, որ ռուսական խաղաղապահների ներկայությունը Թուրքիային ջղայնացրել է ու, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը այս տարածաշրջանում, ցավոք սրտի, կարող է բերել նոր պատերազմի՝ այս պրոքսի պատերազմից հետո։

«Իրավունք»-ն էլ գրում է․«Ամենևին էլ մարգարեական ունակություններ պետք չէին կռահելու համար, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո վաղ թե ուշ պետք է նաև օրակարգ վերադառնար հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ի վերջո, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն արգելակվել, և սահմաններն էլ փակվել էին արցախյան հակամարտության արդյունքում: 

․․․Անցած պատերազմը միանշանակ ցույց տվեց, որ անվտանգության հարցը Հայաստանը սեփական ուժերով լուծելու ոչ մի շանս չունի: ․․․Իրողությունները ցույց տվեցին, որ կրիտիկական իրավիճակին միայն Մոսկվան հնարավորություն և ցանկություն ունեցավ ապահովել Հայաստանի անվտանգությունը»: 

Ռուսաստանի դերի մասին այլ կարծիք է հնչեցրել Հանրայինի եթերում Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը․ «Մենք բոլորս տեսնում ենք՝ թշնամու ախորժակը ինչպես է բացվել, մենք մեր հույսը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի վրա չպիտի դնենք, եթե շատերը կարծում են, որ խաղաղապահները այստեղ են մեզ պաշտպանելու՝ չարաչար սխալվում են։ Մենք Արցախում տեսել ենք նրանց 1989-ին, 90-ին 91-ին ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են խաղաղապահները կրակել մեզ վրա, սպանվել են մեր ընկերները…»։ 

«Մենք ռուս ժողովրդի հետ խնդիր չունենք, այլ Կրեմլի հետ է կապված։ ․․․Եթե Կրեմլի գործող տարածաշրջանային քաղաքականությունը մեզ ցեղասպանության է տանելու, լռե՞լ։ Դա տեսել ենք 100, 30 տարի առաջ և այսօր էլ ենք տեսնում, պիտի՞ լռենք»,- հարցնում է Սեֆիլյանը։

Պուտինի մասին «Լրագրի» հետ զրույցում խոսել է նաև թյուրքագետ Հակոբ Չաքրյանը, ով նշել է՝ «շնորհիվ» Պուտինի Հայաստանն էլ թուլացել է, Արցախի Հանրապետություն էլ որպես այդպիսին գոյություն չունի:

Խոսելով պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ նա ասել է «Նախ, ահաբեկիչներ Արցախի հակամարտության գոտի տեղափոխելն ինքնին ռազմական հանցագործություն է: Թուրքիայի ներգրավվածությունն այդ պատերազմին նույնպես հանցագործություն է: Բայց այդ բոլորը Պուտինի համաձայնությամբ է արվել և ամբողջ պատերազմի ընթացքում համագործակցել են Պուտինն ու Էրդողանը»:

Ի վերջո, ինչո՞ւ պարտվեց հայկական կողմը հարցին ի պատասխան՝ նա նշել է․«Մենք չենք պարտվել, Պուտինը վերցրեց մեր հաղթանակը և տվեց Ադրբեջանին, որովհետև եթե Ադրբեջանը ջախջախվելու լիներ, դրանով Թուրքիան էր ջախջախվելու, այսինքն՝ Էրդողանը, և դա լինելու էր նաև Պուտինի պարտությունը»:

Կայքում տեղ է գտել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի կարծիքը, որ տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը. «Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել: … Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին»։

«Լրագիր»-ը նաև ներկայացրել է մի քանի ռուսական կարծիքներ․ օրինակ, քաղաքական մեկնաբան Յուլյա Լատինինան ասում է․«Մենք միշտ փորձում էինք գուշակել՝ ինչու է Ռուսաստանը դավաճանել, լքել քրիստոնյա Հայաստանը։ Ռուսաստանը երկար տարիներ գրոշների դիմաց գնել է ամեն ինչ՝ գազ, էլեկտրաէներգիա, երկաթուղի։ Ընդ որում, բարձր սակագներ է սահմանել, Հայաստանից ծծել ամբողջ հյութը։ Հայաստանը լուռ հանդուրժել է՝ հույսով, որ իրեն կպաշտպանեն, երբ խոսք լինի հայ ազգի գոյատևման մասին։ Ահա այդ կրիտիկական պահին Հայաստանը լքեցին»։

Մեկ այլ փորձագետ՝ Արկադի Դուբնովը, ասում է․«Ես կարծում եմ, որ այն հայերը, ովքեր վերապրել են այդ պատերազմում, իրենց երեխաներին պատմելու են, որ ռուսներն իրենց դավաճանել են, լքել։ Նրանց երեխաներն էլ պատմելու են իրենց երեխաներին։ Ազգային հիշողության մեջ դա մնալու է»։

«Ռուսաստանն Արցախը բաժանել է իր դաշնակից հայերի պատմական թշնամիների հետ, առանց որևէ կարիքի, առանց որևէ սպառնալիքի, առիթի, բացի առնետային շահից»։

Լրատվամիջոցներում Ռուսաստանի դերը ոչ միանշանակ է․ որոշներում այն ներկայացվում է որպես «փրկիչ» ու անվտանգության երաշխավոր, իսկ մյուսներում էլ՝ դաշնակցին դավաճանող ու Արցախը բաժանող։ Փոխարենը հստակ է պնդումը՝ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *