2020.05.13,

Խաչմերուկ

Լավրովի խոսքերի շարունակվող արձագանքը հայաստանյան մեդիայում

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 21-ին Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում արված հայտարարությունը լայն արձագանք ստացավ հայաստանյան լրատվամիջոցներում։

Լավրովը նշել էր, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպում է կայացել, առաջարկվել են նախագծեր, որոնք հիմա ակտիվորեն քննարկվում են:

«…Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման գործում առաջխաղացում փուլային մոտեցման հիմքով, որը ենթադրում է առավել արդիական խնդիրների լուծում առաջին փուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների բացում: Երբ հանգենք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում, որը պահանջում էր դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել»,-ասել է Լավրովը:

Լավրովի հարցազրույցին հաջորդեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, որ եթե որևէ մեկը ենթադրում է, որ իշխանությունները կարող են բանակցությունների ժամանակ մի բան անել և այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու։

Նրա խոսքով՝ Լավրովի մատնանշած փաստաթղթերում տեղ գտած մոտեցումները ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար․

«2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցման քննարկման գնահատման վերաբերյալ: 2014-ին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը»:

«Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ինչպես նշվել է մեկնաբանության մեջ, ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմից չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Այո, որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,-ասել է Մնացականյանը:

Արտգործնախարարի այս պնդումներն ավելի թեժացրեցին թեման․ լրատվամիջոցների մի մասը հավատաց արտգործնախարարին և ընդունեց, որ հայկական կողմը տարածքի հանձնման հարց չի քննարկել, իսկ մյուս մասն էլ տարածում էր տեսակետը, թե Մնացականյանը հստակ չի խոսել, և նրա պատասխանը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Մնացականյանի ասուլիսից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` հիշեցնելով Լավրովի հայտարարությունը։

Արցախի պաշտոնյաների մեկնաբանությունները լրացնում էին Զոհրաբյանի ասածներն ու ընդգծում «Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքները՝ անկախությունն ու անվտանգությունը», որոնց աննշան չափով սպառնալիքներ պարունակող առաջարկներն անընդունելի են:

Լրատվամիջոցների մի մասը հիմնականում տեղադրում էին պաշտոնական տեսակետներ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, Արցախի ԱԺ նախագահի, արտգործնախարարի, նորընտիր նախագահի և այլ գործիչների կարծիքներ։

Այս կարծիքները, ըստ էության, արտահայտում էին արտգործնախարարի ասածը և, ներկայացնում էին կառավարության տեսակետը։

Media.am-ը դիտարկել է հայտարարության օրից հետո առաջին շաբաթվա հրապարակումները՝ պարզելու, թե լրատվամիջոցներն ինչպես են լուսաբանել թեման, ում են հրավիրել եթեր կամ ումից են մեկնաբանություններ վերցրել։

Հասկանալ ու ներկայացնել կառավարության տեսակետը

Lragir.am-ը, որն ակտիվորեն լուսաբանել է թեման, շաբաթվա ընթացքում մի շարք վերլուծական հոդվածներ է հրապարակել:

Նրանցից մեկում հեղինակը ամփոփիչ հարցադրում է անում․ Մամեդյարովը այդպես էլ չի պատասխանել «Մնացականյանի գլխավոր հարցին՝ Ադրբեջանը պատրա՞ստ է քննարկել Արցախի կարգավիճակը, ընդհուպ մինչեւ անկախություն»։

Կայքի մեկ այլ հոդվածում լրագրող Հակոբ Բադալյանը գրում է, որ այս զարգացումների ժամանակ ամենաէականը «տեղի ունեցավ Արցախում, որտեղ պաշտպանական բանակը տեղեկացրեց ադրբեջանական հետախուզական անօդաչու խոցելու մասին:

․․․Ասել կուզի, որ ադրբեջանական անօդաչուի խոցումը հայկական կողմի բավական կոնկրետ պատասխանն է հարվածի տեսքով, ինչն ամենայն հավանականությամբ իր ազդեցությունը թողել է ժամեր անց տեղի ունեցած տեսակոնֆերանսի և դրան հաջորդած հայտարարության վրա»:

1in.am-ը, որը նույնպես ակտիվ լուսաբանում էր թեման, ոչ միայն պաշտոնական կարծիքներ է ներկայացնում, այլև զրուցում էր փորձագետների հետ։

Նյութերից մեկում կայքը հարցազրույց է արել քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ, որի կարծիքով՝ Լավրովը Հայաստանի առօրյան «հարամելու» մոլուցքով պրոֆեսիոնալին ոչ վայել թեզերի շահարկմամբ է զբաղվում: «Բաքուն ու Մոսկվան այսօր փորձում են փոխանցումներով, շուկայի մատնոց ֆռռացնողների նման հայկական կողմին գցել մոլորության մեջ, նաև հասարակություններին գցել մոլորության մեջ, ինչպես նաև այստեղի «մտահոգների» բերանը լեզու դնել՝ Հայաստանի իշխանությունների վրա ճնշումն ուժեղացնելու համար»:

Կայքի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ հայտնեց այն կարծիքը, որ Լավրովի հայտարարությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ. Ռուսաստանի համար անընդունելի է հեղափոխությամբ իշխանության եկած անձը… Հայաստանի օրինակը ավտորիտար Ռուսաստանի համար վտանգ է:

Քննադատել կառավարությանը

Լրատվամիջոցների մեծ մասը  փորձում էր մեկնաբանություններ խնդրել տարբեր քաղաքական գործիչներից՝ նախկին ու ներկա, փորձագետներից, որոնք պարտադիր հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր առիթներով կարգավորման մասին արված հայտարարությունները ու ներկայացնում տեսակետը, թե իշխանությունները ստում են։

Լավրովի հայտարարության մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները վերահրապարակեցին բազմաթիվ կայքեր։

Մի գրառման մեջ Աշոտյանը, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի արած նախկին հայտարարությունն ու Լավրովի ապրիլի 21-ի հայտարարությունները, Փաշինյանից պահանջում է պաշտոնական բացատրություն և արձագանք Լավրովի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով․ «Բավ է բոլորին դնեք էշի տեղ»։

Այս գրառումը հրապարակել են՝ 168․am-ը, Yerevan․today-ը, Henaran.am-ը, Yerkir.am-ը, Tert.am-ը, News.am-ը և բազմաթիվ այլ կայքեր։

Աշոտյանի մեկ այլ գրառման մեջ նշվում է․ «Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով»։

Նա գրում է, որ «․․․այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը» իշխանությունից հստակ հերքում ու հաստատում է ակնկալում»։

Այս գրառումն էլ տեղ է գտել Hayeli.am–ում, Yerkirmedia.am–ում։

Hraparak.am-ը, որը թեմային առնչվող բազմաթիվ նյութեր է հրապարակել, նաև Արմեն Աշոտյանի այս խոսքերն է մեջբերում․ «Հյուսիս լինի թե Հարավ, Արևելք թե Արևմուտք. ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել Արցախի անկախության հարցը, քանզի այդ անկախության համար ժողովուրդը արյուն է թափել, իսկ նախկին իշխանությունը՝ այդքան ջանք ու աշխատանք դրել աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրերում հետևողականորեն ամրացնելով մեր բանակցային դիրքերը»։

Թեման այս ամենով չփակվեց․ լրատվամիջոցները Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Արցախ նույնպես կապեցին «Լավրովյան պլանի» հետ։

Hraparak.am-ը գրում է․ «Մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը հակված է տարածքները վերադարձնել՝ որպես բարի կամքի դրսևորում և գործող իշխանությունը կարծում է, որ դրա համար լավագույն ժամանակն այսօր է՝ կորոնավիրուսի տարածման այս խառնաշփոթի շրջանում։

Իսկ Արմեն Գրիգորյանին ուղարկում են Արցախ՝ ԼՂ իշխանություններին համոզելու, նրանց հետ բանակցելու, որ համաձայնեն այս տարբերակի իրականացմանը։

5tv.am-ն էլ էր ակտիվորեն լուսաբանում թեման։ Հեռուստաընկերության հարցազրույցներից մեկում հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էր, որի հետ զրույցի ժամանակ նա հայտնում է այն կարծիքը, որ Ռուսաստանը, սպասելով Արցախի ընտրություններին և տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները իրենց ժողովրդին չեն տեղեկացնում, դիմել է Հայաստանին։

«Պատահական չէ Ադրբեջանի հայտարարությունը, որ ժամանակն է իշխանությունները ասեն հայ ժողովրդին, թե ինչի շուրջ են բանակցում և պատրաստվեն խաղաղության։ Սա ապտակ էր Հայաստանի իշխանությանը»,-ասում է քաղաքագետը և պնդում, որ «համանախագահներից մեկը չէր կարող նման հայտարարություն անել, և «տեսնելով ՀՀ իշխանության իրարամերժ, անիմաստ պահվածքը, որոշել են խաղաքարտերը բացել»։

Iravunk.com-ի այս հոդվածում էլ Հայաստանի փրկության միակ գրավականը համարվում է Ռոբերտ Քոչարյանը։

Կայքը մեջբերում է հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքը․ «Ի՞նչ տեղի ունեցավ, որ տասնամյակներ շարունակ հայամետ դիքորոշում ունեցող Ռուսաստանը, դարձավ ադրբեջանամետ։ Արդյո՞ք դա մեր ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանի ամպագորգոռ պնդումների տրամաբանական շարունակությունը չի…»,-ասում է նա ու եզրահանգում, որ Պուտինը խնդրում է Փաշինյանից վերանայել մոտեցումները իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իսկ վերջինս իր անձնական վրեժխնդրությունից, «դուխով» մերժում է ու ապօրինի գործընթաց սկսում Քոչարյանի նկատմամբ, ճնշելով դատական համակարգի, արդարադատության և ընդհանրապես բարոյականության վրա»։

Լավրովի հայտարարությունը մեդիայի ուշադրության կենտրոնում էր նաև մայիսի սկզբին։ Թեման ծայրահեղ շեշտադրումներով ներկայացնելու պրակտիկան ու այդ պրակտիակն կիրառող լրատվամիջոցների խմբերը հիմնականում մնացին անփոփոխ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *