Հուլիսյան մի առավոտ Հունգարիայի պետական M1 հեռուստաալիքի եթերում լուրեր չհեռարձակվեցին։ Փոխարենը էկրանին սև ֆոն հայտնվեց և հանրային ներողություն՝ երկար տարիներ ստելու համար։
Սա պատմական պահ էր։ Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանությունից հետո հանրային հեռարձակողն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունում էր, որ տարիներ շարունակ դադարել էր կատարել իր հիմնական առաքելությունը։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք մեդիան իսկապես ազատ դառնալ միայն այն պատճառով, որ երկրում փոխվել է իշխանությունը։
Հենց այս հարցի պատասխանն է այսօր փնտրում Հունգարիան։
Իրականում սակայն սա միայն Հունգարիայի խնդիրը չէ։ Այն առկա է բոլոր այն երկրներում, որոնք անցել կամ դեռ անցնում են ավտորիտար կառավարման կամ խոր քաղաքական բևեռացման միջով։
Մեդիայի գրավման նոր ձևերը
Քսանմեկերորդ դարի ավտոկրատ իշխանությունները վաղուց հասկացել են, որ մեդիան վերահսկելու համար պարտադիր չէ փակել խմբագրությունները կամ բանտարկել լրագրողներին։ Ավելի արդյունավետ է ստեղծել վերահսկողության այնպիսի համակարգ, որը կստիպի մեդիային ծառայել իշխանությանը։
Պետական գովազդն ուղղվում է միայն «ճիշտ» խմբագրություններ, իշխանությանը մոտ կանգնած գործարարները ձեռք են բերում հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, իսկ հանրային հեռարձակողը աստիճանաբար վերածվում է կառավարության խոսափողի։
Միաժամանակ, անկախ լրագրողների դեմ սկսվում են SLAPP հայցեր, վարկաբեկման արշավներ, սահմանափակվում է պետական տեղեկատվության հասանելիությունը։ Մեդիան վերահսկվում է ոչ միայն քաղաքական ճնշմամբ, այլև տնտեսական կախվածության, օրենսդրական սահմանափակումների, քաղաքական նշանակումների և պետական ֆինանսավորման միջոցով։
Այս մոդելը վաղուց միայն Հունգարիայինը չէ։ Այն տարբեր ձևերով կիրառվել է Ռուսաստանում, Սերբիայում, Թուրքիայում, Վրաստանում և բազմաթիվ այլ երկրներում։
Իշխանափոխությունից հետո սկսվում է ամենադժվար փուլը
Ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ համակարգը ժառանգում է մի կառավարություն, որը խոստանում է վերականգնել ժողովրդավարությունը։
Հենց այստեղ է սկսվում ամենամեծ փորձությունը։ Եթե արդեն գոյություն ունի իշխանությանը ծառայող հանրային հեռարձակող, մեդիա կարգավորող մարմինները քաղաքական վերահսկողության տակ են, իսկ պետական գովազդը կարող է ֆինանսապես խրախուսել իշխանամետ լրատվամիջոցներին, ինչո՞ւ չօգտագործել այդ նույն գործիքները՝ թեկուզ «լավ» նպատակների համար։
Պատասխանը հաճախ թելադրվում է ոչ թե սկզբունքներով, այլ հարմարավետությամբ. մարդկանց փոխելն անհամեմատ ավելի հեշտ է, քան խաղի կանոնները։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), գնահատելով Հունգարիայի առաջին քայլերը, հենց այս տարբերությունն է ընդգծում։
Նոր կառավարությունը բացել է լրագրողների մուտքը պետական հաստատություններ, սկսել է վերակազմավորել հանրային մեդիան, լուծարել է անկախ լրագրողներին ճնշելու համար օգտագործված կառույցներից մեկը և խոստացել համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։
Բայց կոմիտեն նաև զգուշացնում է՝ եթե բարեփոխումները սահմանափակվեն կադրային փոփոխություններով և չստեղծվեն ինստիտուցիոնալ երաշխիքներ, ապա հաջորդ իշխանությունը նույնքան հեշտությամբ կարող է քաղաքականացնել մեդիան։
Այլ կերպ ասած, խնդիրը նախկին իշխանության ազդեցությունը վերացնելը չէ։ Խնդիրն այն է, որ ոչ մի հաջորդ իշխանություն այլևս չկարողանա նույնն անել։
Փոխե՞լ տիրոջը, թե՞ կոտրել շղթան
Իսկ ո՞րն է քաղաքական ռևանշի և ժողովրդավարական բարեփոխման միջև տարբերությունը։
Եթե քարոզչական մեքենան պարզապես փոխում է իր օպերատորին, ապա համակարգը չի փոխվել։ Փոխվել է միայն նրա տերը։
Իսկ եթե փոխվում են նշանակումների կանոնները, ֆինանսավորման մեխանիզմները, հանրային հեռարձակողի կառավարման մոդելը, մեդիա սեփականության թափանցիկությունը և կարգավորող մարմինների անկախությունը, փոխվում է հենց խաղի կանոնը։
Այդ ժամանակ իշխանությունն այլևս չի կարող մեդիան դարձնել սեփական գործիքը, նույնիսկ եթե ցանկանա։
Հայաստանի չսերտած դասը
Հայաստանում գրեթե յուրաքանչյուր քաղաքական փոփոխությունից հետո կրկին նույն հարցն է քննարկվում՝ պե՞տք է արդյոք փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կազմը։
Բայց հազվադեպ ենք խոսում ամենակարևորի մասին՝ ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի տասը տարի հետո մենք նորից նույն քննարկումը չունենանք։ Իսկ քանի դեռ մենք շարունակում ենք մտածել անձերի, այլ ոչ թե ինստիտուտների մակարդակով, խնդիրը շարունակելու է վերարտադրվել։
Հանրային հեռարձակողը ժողովրդավարական չի համարվում այն պատճառով, որ այսօր այնտեղ «ճիշտ» մարդիկ են աշխատում։ Այն ժողովրդավարական կլինի այն այն դեպքում, երբ վաղը՝ իշխանափոխությունից հետո, նույն խմբագրությունը շարունակի աշխատել նույն անկախությամբ։
Խնդիրը ոչ թե ավտոկրատին հեռացնելն է, այլ այնպիսի մեդիա համակարգ կառուցելը, որը ոչ մի իշխանություն այլևս չկարողանա սեփականացնել։
Հունգարիայի սև էկրանը պատմական խորհրդանիշ էր, բայց խորհրդանիշները չեն ազատագրում մեդիան։ Դա անում են միայն այն կանոնները, որոնք թույլ չեն տալիս, որ վաղը «ստի գործարանը» կրկին բացվի։