Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս
Լուսանկարը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքից

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա Հայաստանում այս տարի խոսքի ազատության վիճակը բարելավվել է։ Բայց եթե նայենք դատարաններին, ապա պատկերը այլ է։

Ճնշումը չի անհետացել։ Այն պարզապես փոխել է իր ձևը։

Թվեր, որոնք հանգստացնում են առաջին հայացքից

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) այս շաբաթ նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների դեմ խախտումների թիվը նվազել է։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս շրջանը բնութագրել է որպես «հարաբերականորեն հանգիստ»։

Ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են՝ 2-ից դառնալով 1, ճնշումները՝ 25-ից 22, իսկ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 29-ից 7։

Այս թվերը կարելի է առաջընթաց համարել, ինչը որոշ չափով ճիշտ է։ 

Հայաստանը, ըստ միջազգային գնահատականների, 2018-ից հետո բարելավել է իր դիրքը Մամուլի ազատության սանդղակում։ Սակայն այս առաջընթացն ամբողջական չէ, և հաճախ չի արտացոլում այն, ինչ տեղի է ունենում գործնականում։

Թվերի մյուս կողմը՝ դատարաններում

2026 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում արձանագրվել է 14 նոր դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների։

Նվազում չի նկատվում, իսկ վերջին տարիների տվյալները ցույց են տալիս աճ։ 2025-ին ներկայացվել է 63 հայց, 2024-ին՝ 43, իսկ 2023-ին՝ 36։

Այս հայցերը միջազգային պրակտիկայում հայտնի են որպես SLAPP՝ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր։

Միևնույն ժամանակ, Հայաստանում արձանագրված սպառնալիքների և վիրավորանքների մեծ մասը՝ 8-ից 7-ը, վերագրվում է իշխանության ներկայացուցիչներին։ Այս տվյալները դժվար է համադրել «հարաբերականորեն հանգիստ» եռամսյակի հետ։

Ֆիզիկական բռնության նվազումը կարևոր է, բայց այն չի բացառում ճնշման այլ ձևերը։ Դատարաններն այդ ձևերից մեկն են։

Ինչու SLAPP-ը պարզապես դատական գործ չէ

SLAPP-ը սովորական դատական վեճ չէ։

Այն կարող է ներկայացվել որպես զրպարտության կամ պատվի պաշտպանության հայց, բայց նպատակն այլ է. ոչ թե պարտադիր հաղթել դատարանում, այլ լրագրողին ներգրավել երկարատև և թանկ գործընթացի մեջ։

Արդյունքում՝ նույնիսկ առանց վերջնական վճռի, ստեղծվում է զսպող ազդեցություն։ Լրագրողը սկսում է մտածել ոչ միայն նյութի ճշմարտացիության, այլև դրա գնի մասին։ Եվ հենց այստեղ է SLAPP-ի հիմնական ուժը։

Ամենաարդյունավետ SLAPP-ն այն է, որի պատճառով նյութը պարզապես չի հրապարակվում։

Օրինական ճնշման գինը Հայաստանում

Հայաստանում վիրավորանքի համար փոխհատուցումը կարող է հասնել 3 միլիոն դրամի, իսկ զրպարտության համար՝ 6 միլիոն դրամի։

Այս շեմերը վերջին տարիներին բարձրացվել են և աննախադեպ են Հայաստանի համար։

Գործերը կարող են տևել ամիսներ կամ տարիներ, և նույնիսկ հաղթանակը չի կարող փոխհատուցել այն գինը, որը լրագրողն արդեն վճարել է՝ ժամանակի, ռեսուրսների և մշտական ճնշման հաշվին։

Լուռ ճանապարհ դեպի ավտորիտարացում

Իրականում SLAPP-երի գոյությունը միայն մեդիայի մասին չէ։ Այն խոսում է ժողովրդավարության որակի մասին։

Journalism Practice գիտական հանդեսում վերջերս հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ SLAPP հայցերը կարող են նպաստել ավտորիտարացման գործընթացներին, անգամ այն երկրներում, որոնք շարունակում են համարվել ժողովրդավարական։

Ուսումնասիրելով Գերմանիան, Խորվաթիան և Հյուսիսային Մակեդոնիան՝ հեղինակները եզրակացնում են, որ դատարանով ճնշումը հաճախ ավելի արդյունավետ է, քան բաց բռնությունը, քանի որ գործում է օրենքի շրջանակում։

Հիմնական միտքը պարզ է․ ավտորիտարացումը պարտադիր չէ, որ սկսվի կտրուկ քաղաքական փոփոխությամբ։ Այն զարգանում է այն պահին, երբ քննադատական խոսքը դառնում է ռիսկային։

Եվրոպական պատկեր

Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակի 2025 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ մամուլի ազատությունը Եվրոպայում շարունակում է գտնվել կայուն ճնշման տակ։

Զեկույցում առանձին ընդգծվում է նաև ազատազրկման կիրառումը՝ որպես լրատվամիջոցների վերահսկման գործիք։

Ըստ զեկույցի 2025 թվականի վերջի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է գտնվել 148 լրագրող, այդ թվում՝ 36-ը՝ Ադրբեջանում, 24-ը՝ Թուրքիայում, 2-ը՝ Հայաստանում և 1-ը՝ Վրաստանում։

Այս պատկերը ցույց է տալիս, որ ճնշումը բազմաշերտ է։ Եվ դատարաններն այդ համակարգի միայն մեկ, բայց կարևոր մասն են։

Երբ խոսքի գինը չափազանց բարձր է դառնում

2026 թվականի առաջին եռամսյակը «հանգիստ» է թվում, եթե նայում ենք միայն բաց խախտումներին։

Բայց պատկերը փոխվում է, երբ հաշվի ենք առնում նաև դատական պրակտիկան և այն անտեսանելի որոշումները, որոնք ամեն օր ընդունում են խմբագրությունները։

Հայաստանում նախընտրական շրջան է, և լարվածությունն արդեն զգացվում է։ Սա այն պահն է, երբ ճնշման գործիքները ոչ թե անհետանում են, այլ ակտիվանում։

Եթե լրագրողը նյութ հրապարակելուց առաջ ստիպված է հաշվել դատական և ֆինանսական ռիսկերը, ապա հարց է առաջանում՝ խոսքի ազատությունը դեռ կա՞։