Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում թեժ ընթացքի մեջ է։ Եվս 10 օր և հայտնի կդառնա նոր խորհրդարանի կազմը՝ հաղթողներն ու պարտվողները։  Քաղաքական ուժերը չեն խուսափում միմյանց ամենածանր մեղադրանքներով ձաղկելուց՝ պետական դավաճանությունից ու ազդեցության գործակալներով մինչև եռագլուխ հրեշներ ու թուրք֊ադրբեջանական տանդեմի կատարածուներ պիտակելով։ Զուգահեռ, շուրջ մեկ տարի է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող փորձագետներն ահազանգում են ֆիշինգային գրոհների, մանիպուլյացիաների, ինֆորմացիոն հարձակումների մասին՝ հիմնականում ռուսական ծագմամբ խմբերի կամ կազմակերպությունների կողմից։ Դրանց են միացել նաև ՀՀ իրավապահների բացահայտումներն ու հետաքննությունները նախընտրական կաշառքների մեղադրանքներից մինչև պետական դավաճանություն։

Ներքաղաքական պայքարի արտաքին քաղաքական «սոուսը» համեմվում է նաև տարատեսակ հետաքննություններով, որոնք առավելապես ռուսական կողմի արտաքին ազդեցության մասին են։ Դրանք ՌԴ իշխանությունների ֆավորիտ թեկնածուների, Փաշինյանին իշխանությունից զրկելու սցենարների, ֆինանսավորողների ու կատարողների մասին են։ Վերջին շաբաթներին, հետաքննություններն ու արտահոսքները դարձել են նախընտրական քարոզարշավի անքակտելի մաս։ Առաջիններից մեկը Միացյալ Թագավարության կողմից հրապարակված՝ ռուսական արտաքին տեղեկատվական ազդեցության մասին տվյալներն էին, ՌԴ «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) փաստաթղթերն ու այլ նյութեր։ Ըստ որի՝   SDA-ը ծրագրել է արշավներ ընդդեմ Հայաստանի, որոնք «գրեթե անկասկած» համակարգվում են ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից։ Ծրագրերը ներառում են Հայաստանում ռուսամետ կազմակերպություններ ստեղծելու և իշխանափոխություն անելու կամ դրա վրա ազդելու փորձեր՝ ի օգուտ ռուսամետ գործիչների։

Հաջորդ հետաքննական նյութը մայիսի 19֊ին էր, ռուսալեզու The Insiderի կողմից: Այնտեղ խոսվում էր ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու նրանց կողմից համակարգվող կառույցների ու անձանց մասին, որոնք աշխատում են Հայաստանի ուղղությամբ։ Դրանց մեջ են ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդին, Երևանի Մոսկվայի տան, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ և այլն։

Առավել հետաքրքրականն նախընտրական արշավի մասնակիցների վերաբերյալ նյութերն էին։ Ըստ հետաքննության՝ ընտրություններում Մոսկվայի ցանկալի թեկնածուն ռուսական կապիտալով հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը ըստ The Insider-ը ստիպված է մտել ընտրական պայքարի մեջ քանի որ նրան «ճնշել են»։ Այն պնդում է, որ Կարապետյանը ՌԴ ԱԴԾ հետ է կապված եղել ինչ-որ կարգավիճակով և նրա միջոցով ՌԴ իշխանություններն ուզում են մասնակցել ընտրություններին։ Ըստ հետաքննության՝ մյուս պրոռուսական թեկնածուն Գագիկ Ծառուկյանն ու նրա Բարգավաճ Հայաստանն են։

Հատկանշական է, որ հետաքննության մեջ գեթ տառ չկա ամենապրոռուսական թեկնածու համարվող Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի անդամների մասին։ Քոչարյանն իրեն դիրքավորում է որպես Պուտինի մտերիմ, ՌԴ ֆավորիտ, Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման ջատագով ու ըստ հայտարարագրի՝ շարունակում է Սիստեմա ԱՖԿ բաժնետեր մնալ։ Ինչ-որ իմաստով, հետաքննությունը քաղաքական առումով ի շահ Քոչարյանի է, ընդդեմ ընդդիմադիր ձայների դեմ պայքարում նրա հիմնական մրցակիցների՝ Կարապետյանի ու Ծառուկյանի։

Մյուս հետաքննություն արդեն Ռուսաստանի նախկին օլիգարխ, նախկին քաղբանտարկյալ, այժմ արտերկրում գտնվող ընդդիմադիր Միխային Խոդորկովսկու ֆինանսավորմամբ գործող «Դոսյե» կենտրոնի հետաքննությունն էր լույս տեսած նախորդից մեկ շաբաթ անց՝ մայիսի 25֊ին։ Այստեղ նույնպես խոսքը Ռուսաստանի միջամտության մասին է։ Ըստ «Դոսյե»֊ի՝ իրենց տվյալները վերցված են ռուսաստանցի քաղաքագետների ու քաղտեխնոլոգների ներքին փաստաթղթերից, սակայն այլ մանրամասներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել տվյալները՝ չկան։

Այն կրկին հաստատում է որ ՌԴ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն հավելում, որ ունեն «պահեստային» թեկնածու ի դեմս նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի և նրա «Միասնության թևեր» կուսակցության։ Հետաքննության հեղինակները խոսում են Թաթոյանի ֆինանսավորման մասին և հավելում, որ իրենք էլ տեղյակ չեն ֆինանսավորման աղբյուրից: Ըստ «Դոսյե»֊ի, հնարավոր է նաև Թաթոյան-Կարապետյան կոալիցիա։ Եվ կրկին, այս հետաքննության մեջ էլ ոչ մի խոսք Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների մասին։ Եվ կրկին հետաքննության հարվածն ուղղվում է Քոչարյանի մրցակիցներին՝ այս անգամ Թաթոյանին ու Կարապետյանին։

Վերջին արարն արդեն մայիսի  24-ին անհայտ ծագման ու անհասցե տեղեկատվական արտահոսք էր Хроника Кавказа կայքում, որտեղ խոսվում է իբրև Կարապետյան-Ծառուկյան դաշինքի «Գյումրի 2»֊ի ու հայկական Իվանիշվիլու սցենարիների մասին, համարյա թե այն նույնը ինչ որ պնդում է իշխանությունը ի դեմս իր «Եռագլուխ հրեշ»՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան թեզի։ Հատկանշանական է, որ ինչպես պարզել է Factor TV-ին, այս անանուն ու ֆեյք կայքի գրածներն ակտիվորեն տարածում է պրոիշխանական Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, նաև այլ պրոիշխանական լրատվականներին ինչպիսիք են «Հայկական ժամանակ»֊ն ու ու Civic.am-ը։ Մայիսի  26-ին նույն կայքը հրապարակում է մեկ այլ նյութ ընդդեմ «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և Արման Թաթոյանի՝ նրանց մեղադրելով ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի կողմից ֆինանսավորվելու մեջ։

Նախընտրական փուլերը միշտ էլ թեժ են քաղաքական մրցման, պիտակավորումների, տարատեսակ արտահոսքերի, թիկունքային պայքարի տեսանկյունից և այդ պայքարում բոլոր գործիքներն են ընդունելի, նպատակն ինչպես ասում են՝ արդարացնում է միջոցները։ Այլ հարց, որ հայկական հասարակությունն ու լրատվական միջավայրը դեռևս չի ձևավորել անհրաժեշտ դիմադրողականության ռեսուրսներ ու ֆիլտրեր՝ մանիպուլյացիաները հետաքննություններից հեշտությամբ տարբերակելու, քարոզչական գրոհներից պաշտպանվելու, արտաքին միջամտությունից խուսափելու համար։ Եվ իրերի այս ընթացքը ևս մեկ ապացույցն է մեդիամիջավայրի հույժ կարևոր խնդիրների ու բացերի մասին նորից խոսելու համար։