Եթե սկսում ես Ռադիոյի մասին հիշողություններ գրել, ուրեմն, դու հին ռադիոական ես, բայց ես հին չեմ, ես նախկին եմ։ Հինը իմ լավ ընկեր Արմեն Վարդանյանն է, որը այսօր հուշեր է գրում տասնամյակներ շարունակ նույն տեղում՝ Ալեք Մանուկյան 5-ում նստած։ Հին ռադիոականները համոզված են, որ դա որակի նշան է, որովհետև միանգամից կամ մի քանի տարում հին ռադիոական չես դառնա։ Տարիներ են պետք, տասնամյակներ։
Ռադիոյի մասին լեգենդանման պատումներ շատ կան։ Ես գիտեմ, որ դրանցից հատկապես 2-ը ճիշտ են՝ մեկը, որ Ռադիոյում մարդիկ ու հարաբերություններն ուրիշ են(չհարցնեք, թե որն է էդ «ուրիշը»), մյուսը՝ որ Ռադիոն ճահիճ է։ Հին ռադիոկանները «Ճահիճը» դրական իմաստով են գործածում՝ պահում է ու չի թողնում, որ դուրս գաս։
Ռադիոյից պետք է շուտ դուրս գալ՝ 3, 5, ծայրահեղ դեպքում՝ 7 տարի աշխատած․ ինչքան տարիներն ավելանում են, այնքան դուրս գալու հավանականությունը փոքրանում է։
Ես Ռադիոյում հայտնվեցի շատ պատահական։ Գրադարաններից մեկի ակտիվ ընթերցող էի, ու մի օր տնօրենը հարցրեց՝ կուզե՞ս Ռադիոտանն աշխատել։ Վազելով գնացի։ 1997 թվականն էր։ Ռադիոյի կարգավիճակը՝ պետական, անվանումը՝ Ազգային։ Տնօրենը Արմեն Ամիրյանն էր։ Մի քանի ամիս աշխատեցի թողարկման բաժնում, մի քանի տարի՝ քաղաքական–հասարակական հաղորդումների խմբագրությունում։
Ես Ռադիոյից դուրս եկա 7-րդ տարում՝ 2004 թիվն էր։ Ռադիոն արդեն Հանրային էր՝ պետական կարգավիճակով, տնօրենը դեռ Արմեն Ամիրյանն էր։ Ասաց՝ երբ կուզես, հետ արի։ 17 տարի անց, երբ նորից գնացի Ռադիո, Ամիրյանն արդեն այնտեղ չէր։ Նրանից հետո եկել էր Արման Սաղաթելյանը, հետո՝ Մարկ Գրիգորյանը, հետո՝ Գարեգին Խումարյանը։ Այսօր՝ Արմեն Քոլոյանը։
Ոչ միշտ է Ռադիոյի ղեկավարի փոփոխությունը պայմանավորված եղել երկրի իշխանության փոփոխությամբ, և երկրի իշխանության ամեն փոփոխություն չէ, որ փոփոխություն է բերել Ռադիոյի ղեկավար կազմում, բայց երկրի իշխանության և Ռադիոյի ղեկավարության միջև օրենսդրական կարգավորումներից եկող ներքին կապվածություն կա, իսկ Կառավության ու Ռադիոյի միջև կա միակողմանի ֆինանսական կախվածություն։ Հանրային ռադիոն ծառայում է հանրությանը, բայց պատկանում է Կառավարությանը, ինչպես, ասենք, Երևանի մետրոպոլիտենը։
Ազդո՞ւմ է սա Ռադիոյի կերպի ու բովանդակության վրա որպես լրատվամիջոցի․ չազդել չի կարող։
100-ամյա Ռադիոն պատմական կառույց է` մշակութային, ռազմավարական, քաղաքական նշանակությամբ։
Առաջին եթերը հեռարձակվել է երկաթուղային կայարանի շենքից՝ վաղ խորհրդային շրջանում՝ 1926-ին։ Այս նախադասությունը հիշեցնում է պատմության դասագրքրերի ինֆորմացիան՝ հեղափոխությունների, պատերազմների ժամանակ կայարանները, կապի հանգույցերը դառնում էին հիմնական թիրախ։
8 տարի առաջ՝ 2018-ի ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով ներխուժեց Հանրային ռադիոյի շենք և ուղիղ եթեր պահանջեց։ Հետաքրքիր է․ եթե էլի նման մի իրավիճակ ստեղծվի, նորից Ռադիոյի ուղիղ եթե՞րը կդառնա թիրախ, թե՞ այն, ինչ պետք է ասել Ռադիոյով, կարելի է հայտարարել նաև ինտերնետային որևէ ակտիվ հարթակից։