Օրերս, Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։ Ինչպես ցանկացած կարգավորող օրենք, այն ունի թե՛ դրական կողմեր, թե՛ ռիսկեր՝ ցենզուրայից մինչև անորոշ, լողացող ձևակերպումներով դրույթներ, որոնք կարող են դագանակ դառնալ մեդիա արտադրողների, լրատվամիջոցների, լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ։
Անկասկած է, որ օրենքի այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը ՀՀ դեմ ուղղված արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտություն (FIMI: Foreign information manipulation and interference) դեմ պայքարն է։ Օրենքի 2-րդ հոդվածի առաջին կետերը հենց այդ տրամաբանությունն ունեն, ու անփորձ աչքն էլ կնկատի որ դրանք ՌԴ պետական ու մասնավոր հեռուստաալիքների հաղորդավարների, տարատեսակ «Սոլովյովների» ու «Կիսիլյովների» մասին են։ Ըստ օրենքի 2-րդ կետի արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝
1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.
2) բռնություն և դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը։
Բայց, իհարկե, սատանան մանրուքներում է։ Օրենքի 2-րդ հոդվածի 5֊րդ կետը կարող է թե՛ ցենզուրայի, թե՛ դամոկլյան սրի դեր կատարել տվյալ իշխանության համար անցանկալի հեռուստահաղորդումների, մեդիայի ու լրատվության գլխին։ Այն սահմանում է, որ. «օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը»։ Ցանցային օպերատորներից պահանջվում է 24 ժամում դադարեցնել այն ալիքի վերահաղորդումը, որին կպահանջի ՀՌՀ-ն՝ ծանուցելով վարչական վարույթի մասին:
Նախ, ազատ խոսքի պաշտպանության դիտանկյունից սա ամենաառանցքային, ամենախնդրահարույց ու գրաքննության ամենաուժեղ գործիքն է։ Ժամանակակից գլոբալ աշխարհում վաղուց դժվար է մաքուր սահման գծել «դրսի ու ներսի» լրատվության միջև, ուր մնաց «ներքաղաքական կյանքին միջամտություն» սահմանել։ Արդյո՞ք Սոլովյովի ու Կիսիլյովի կողմից ՀՀ ներքաղաքական կյանքի ուղղված կոչերը հավասարապես ներքաղաքական կյանքին միջամտություն չեն, ինչպես ԱՄՆ կամ ԵՄ ղեկավարների հայտարարությունները, որոնք հեռարձակվում են թե արտերկրի և թե ՀՀ ալիքներով։ Ինչով է տարբերվում Կիսիլյովի ու Սոլովյովի կոչերը ընդդեմ Փաշինյանի, ԱՄՆ փոխնախագահ Վենսի, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի, նախագահ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՌԴ նախագահ Պուտինի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի կոչերից։
Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ այս ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական խաղացողների համար թատերաբեմի և դա չեն էլ թաքցնում թե՛ դրսում, թե՛ ներսում։ Իսկ ո՞րն է տարբերությունը, պատասխանեմ ձեզ՝ բացառապես նպատակներն ու էսթետիկ գնահատականները։ Այն որ Վենսն ու Կալլասը մեր «լավի» համար են ասում, նրանք մեր ժողովրդավարական ու ինքնիշխան ապագայի կողմնակիցներն են, նրանք ավելի իրավական ու ազատ երկրի ու քաղաքացու, մարդու իրավունքներ ու ազատություններ հարգող երկրների ու կառույցների ներկայացուցիչներ են, իսկ Սոլովյովն ու Կիսիլյովը՝ ավտորիտար ռեժիմի խոսափողներ։ Սակայն նրանց հայտարությունների միջոցն ու ձևը՝ էության իմաստով, կարող են նույնը գնահատվել, այն է՝ «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության»։
Հիմա, պատկերացրեք սցենար (շատ հավանական), երբ Նիկոլ Փաշինյանը ավտորիտար ռեժիմ է կառուցում, գնում է Բիձինա Իվանիշվիլիի, Լուկաշենկոյի և Օրբանի ճանապարհով, դառնում է ԵՄ ու ԱՄՆ ղեկավարության քննադատության առարկան և արտաքին հեռարձակողների քննադատությունը ՀՌՀ կողմից գնահատվում է որպես «ներքաղաքական կյանքին միջամտություն»։ Եթե կասեք դժվար է պատկերացնել, ապա հիշեք, որ օրենքները գրվում են հենց հավանական հեռանկարների ու փորձի հիմքով, ոչ թե անորոշության մեջ գործելու։
Բացի այդ, այս դրույթը գործնականում այն կարգավորող մարմնին (Հեռուստատեսության և Ռադիոյի Հանձնաժողովին (ՀՌՀ) տալիս է կամայական մեկնաբանության անսահմանափակ հայեցողություն: Ռուսակա՞ն, արևմտյա՞ն, ադրբեջանակա՞ն թե՞ թուրքական ալիք, լրատվություն արգելե՞լ, թե՞ թույլ տալ՝ ամբողջությամբ կախված կլինի ընթացիկ կառավարության ու իշխանության քաղաքական նախընտրությունից ու հայեցողական, կամայական որոշումներից: