2026 թվականի խորհրդարանական ընտրությունները խոստանում են աննախադեպ լինել տեխնոլոգիական, բովանդակային և կրեատիվ լուծումների տեսանկյունից։ Արհեստական բանականության (ԱԲ) հաղթարշավը, որը սպառնում է նոր արդյունաբերական հեղափոխություն իրականացնել աշխարհում, Հայաստանում ստացել է յուրահատուկ կիրառություն։ Հիմնական ընդդիմության համբավը վաստակած մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» արհեստական բանականության ընձեռած տեխնոլոգիական լուծումներն է կիրառում իրենց առաջնորդի ու կուսակցության PR-ի համար։ Բայց դա, իհարկե, միայն ընդդիմության մենաշնորհը չէ, և ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը, որն աջակցում է իշխանությանը, նույնպես պակաս չէ սոցիալական ցանցերում։
Մի կողմից, հետաքրքրական է, որ Սամվել Կարապետյանի իրավական թիմը, օգտվելով օրենքի բացերից, կարողանում է իրենց առաջնորդի՝ տնային կալանքում գտնվելով հանդերձ, նրա ուղերձները հասցնել հանրությանը։ Թեև Կարապետյանը ունի հանրային խոսքի դատական սահմանափակում, բայց նրա անունից ԱԲ-ով ստեղծված ելույթներ ու տեսահոլովակներ են տարածվում համացանցում։ Առաջին այդպիսի օրինակը նորաբաց կուսակցության համագումարի ժամանակ էր, որն իրենք անվանել էին «Պատմության մեջ առաջին AI ելույթ»։ Տեսանյութը հատուկ մակնշված էր, որ ստեղծված է ԱԲ միջոցով։ Եվ դա միակ դեպքը չէր, հաջորդ տեսանյութը նույնպես ԱԲ-ով էր։
Սամվել Կարապետյանի վերջին ելույթի հետ կապված հրապարակային կասկածներ հնչեցին, որ այն նույնպես ԱԲ-ով էր արված, բայց ապացույցներ չեղան։ Ավելին, Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել էր տեսանյութը մի քանի գործիքներով և պարզել, որ այն, ամենայն հավանականությամբ, ԱԲ չէ, և ոչ մի հիմք չկա այդպիսի պնդում անելու։ Հետո նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանը հաստատել էր, որ այն ԱԲ բովանդակություն չէ, և որ ինքն «անձնամբ է ներկա եղել ուղերձի նկարահանմանը»։
Ընդհանրապես, սոցիալական ցանցերում, հատկապես Տիկտոկում, որտեղ ի տարբերություն Մետային պատկանող Ֆեյսբուքի ու Ինստագրամի` թիրախավորումների, հայհոյախառն նյութերի վերաբերյալ բովանդակության կարգավորումներն ու սահմանափակումները խիստ չեն, ԱԲ-ով գեներացված հայհոյանքներ ու ատելության խոսք պարունակող քարոզչական տեսանյութերը չափազանց շատ են։ Կարելի է անգամ ասել՝ Տիկտոկը հեղեղված է նման տեսանյութերով։ Դրանք իրենց բովանդակությամբ ուղղված են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դեմ։ Երկու կողմն էլ ակտիվ կիրառում է տեխնոլոգիական այդ գործիքները, և ԱԲ-ն ուժեղ զենք է դարձել նախընտրական Հայաստանի հանրային կարծիքի ձևավորման, ուղղորդման գործում։ Եվ դա բնական է․ սկսած գրի գյուտից, պատկերներից, ռադիոյից, հեռուստատեսությունից մինչև համացանց ու ԱԲ` քաղաքական գործիչներն ու կուսակցությունները ակտիվ են եղել նոր տեխնոլոգիաների յուրացման ու կիրառման հարցում։
Եվ որքան էլ պարադոքսալ թվա, նոր տեխնոլոգիաների կիրառումը հատկապես կարևոր է ընդդիմության համար, որի խոսքն ու ելույթը, ըստ սահմանման, նվազ հետաքրքիր է, քան իշխանությանը, և որն իր ռեսուրսների սակավությունը կարող է փոխհատուցել տեխնոլոգիական նորարարություններով, քանի որ կորցնելու բան էլ չունի։
Այդպես, ԱՄՆ նախագահի թեկնածու, երիտասարդ Ջոն Քենեդին հեռուստատեսության գրագետ ու ակտիվ կիրառման շնորհիվ հաղթեց Նիքսոնին: Նման կերպ դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ նախագահներից Բարաք Օբաման սոցցանցերի դարաշրջանի ակտիվ կիրառողն էր։ Եվ դա իսկական ավանդույթ է ԱՄՆ պատմության համար․ նախագահ Էնդրու Ջեքսոնը 1820-ականներին էժան, արագ տարածվող օրաթերթերն էր օգտագործում, Ֆրանկլին Ռուզվելտը՝ ռադիոն։ Արդեն 1930-ականներին թե՛ ձախական, թե՛ աջական քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհում ակտիվ կիրառում էին «ռադիո+ֆիլմեր» կոմբինացիան։ Մեդիան ավելի ու ավելի էր հեռանում տեքստից ու շեշտադրում վիզուալը։
Այլ հարց է, երբ քաղաքական գործիչը ունենում է միայն վիրտուալ, վիզուալ կերպար՝ առանց իրական, անմիջական կապի թե՛ իր ընտրողների, թե՛ հասարակության, թե՛ նույնիսկ իր թիմակիցների հետ։
Ընտրություններին մեկ ու կես ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, նախընտրական մրցավազքն ակտիվ փուլում է, բայց հիմնական ընդդիմության հայտարարած վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը շարունակում է վիրտուալ կերպար մնալ։ Իրավական սահմանափակումների ու տեխնոլոգիական լուծումներով դրանց շրջացման արդյունքում նա վերածվել է ԱԲ թեկնածուի։ Մարդիկ-ընտրողները-հանրությունը հնարավորություն չունեն խոսելու, շփվելու ու ծանոթանալու նրա իրական կերպարին։ Թեև չի սահմանափակվել նրա կուսակցության գրանցումը, սակայն կուսակցության առաջնորդի հանրային խոսքի սահմանափակումը իրավական ու հանրային կազուս է ստեղծել։ Ունենք վիրտուալ քաղաքական գործչի կերպար՝ ռեալ ԱԺ ընտրությունների համար։ Բայց դա վնաս է նախևառաջ ժողովրդավարությանն ու հանրային շահին, քանի որ քաղաքական հայտ ներկայացրած անձը չի մասնակցում բանավեճերի, անմիջական հասանելիություն չունի, մենք՝ ընտրողներս, նրա բնական, չմոնտաժված խոսքը չենք լսել, չգիտենք նրա էմոցիաների ու հույզերի մասին, չգիտենք նրա բանավիճելու, մարդկանց հետ շփվելու ու հանրային գործչի ունակությունների մասին։
Ի վերջո, եթե ՀՀ դատարանը չհանի հանրային խոսքի ու տնային կալանքի սահմանափակումը, և միաժամանակ նրա առաջնորդած ուժը մասնակցի ԱԺ ընտրություններին, ապա ՀՀ քաղաքացի ընտրողը պետք է ընտրի համացանցում ապրող, վիրտուալ ռեժիմով գործող, ԱԲ-ով իր հետ խոսող տեխնոլոգիական կերպարի, որը միաժամանակ թե՛ մեդիայի ու հաղորդակցության ապոֆեոզ է, թե՛ առավելագույնս ներկայացնում է մեր տեխնոլոգիական, համացանցային ժամանակն իր ողջ աբսուրդով։