Արևմտյան մեդիայի՝ Իրանի վերաբերյալ լուսաբանումը հաճախ քննադատվում է որպես կարծրատիպային կամ քաղաքականապես կողմնակալ։ Այս քննադատությունները, իհարկե, սխալ չեն։ Բայց նաև ամբողջական չեն։
Խնդիրը միայն այն չէ, որ Արևմտյան մեդիան «սխալ» է ներկայացնում Իրանը՝ այն հաճախ տեղավորելով միայն «ռեժիմ», «սպառնալիք» և «անկայունություն» ձևակերպումների մեջ։
Խնդիրն այն է, որ Իրանի մասին ցանկացած պատմություն արդեն իսկ կառուցվում է սահմանափակումների, միջնորդավորված աղբյուրների և մասնակի գիտելիքի վրա։ Իսկ այդ մասնակիությունը հազվադեպ է բացահայտվում ընթերցողին։
Ինչպես ավելի վաղ գրել եմ «արտաքսման լրագրության» մասին հոդվածում, Իրանի լուսաբանումը հաճախ տեղի է ունենում հեռավորությունից՝ սահմանափակ հասանելիության և անվտանգության ռիսկերի պայմաններում։ Այս պայմանները չեն վերանում, երբ պատմությունը հասնում է Արևմտյան մեդիա։ Ընդհակառակը՝ դրանք բազմապատկվում են։
Հասանելիության պատրանքը
Իրանից ուղիղ ռեպորտաժը հաճախ ընկալվում է որպես «ավելի իրական»։
Բայց չպետք է մոռանալ, որ նույնիսկ այն լրագրողները, որոնք մուտք են ստանում երկիր, աշխատում են խիստ վերահսկվող միջավայրում։ Նրանց ուղեկցում են պետականորեն հաստատված թարգմանիչները, նրանց տեղաշարժը սահմանափակված է, իսկ հանդիպումների շրջանակը՝ վերահսկվող։
Այս պայմաններում տեսանելի իրականությունն արդեն իսկ ֆիլտրված է։
«Տեղում» լինելը չի նշանակում իրականությանը լիարժեք մոտ լինել։ Այն ստեղծում է հասանելիության պատրանք՝ ավելի համոզիչ, բայց ոչ միշտ ավելի ճշգրիտ։
Աղբյուրների խնդիրը
Երբ ուղիղ հասանելիությունը սահմանափակ է, մեդիան դիմում է այլ աղբյուրների՝ առավել հաճախ սփյուռքի ներկայացուցիչներին։
Սա ինքնին խնդիր չէ։ Բայց խնդիր է դառնում այն պահին, երբ այդ ձայները ներկայացվում են որպես ամբողջ երկրի ընդհանրական կարծիք։
Ժամանակի ընթացքում հիմնականում լսելի են դառնում ավելի կտրուկ և երբեմն ծայրահեղ ձայները, քանի որ դրանք ավելի հեշտ են տեղավորվում մեդիայի ձևաչափում։
Արդյունքում ձևավորվում է փակ շրջան. ավելի բարձր ձայները դառնում են ավելի տեսանելի, իսկ բարդ ու հակասական կարծիքները՝ մնում լուսանցքում։
Թվային իրականության պատրանքը
Վերջին ամիսներին հաճախ հղումներ են արվում պարսկերեն սոցցանցերին՝ որպես «իրական» հասարակական տրամադրությունների արտահայտություն։
Սակայն սա ևս վտանգավոր պարզեցում է։
Սոցցանցերը միջնորդավորված իրականություն են ներկայացնում։ Դրանք ձևավորվում են ալգորիթմների, սփյուռքի ակտիվության, ինչպես նաև հնարավոր քարոզչական գործողությունների միջոցով։ Հատկապես պատերազմի և ինտերնետի սահմանափակման պայմաններում գրեթե անհնար է վստահորեն որոշել՝ տվյալ բովանդակությունը որտեղից է գալիս և որքանով է ներկայացուցչական։
Այսինքն, այստեղ ևս գործ ունենք միջնորդավորված իրականության, և ոչ թե «անմիջական» ձայների հետ։
Լեզուն և պատմելու ձևը
Աղբյուրներից բացի, կարևոր է, թե ինչ լեզու են օգտագործում խմբագրությունները։
Լուսաբանման մեջ հաճախ օգտագործվող բառերը՝ «սադրանք», «սպառնալիք», «զսպում», ոչ միայն նկարագրում են իրադարձությունները, այլև ձևավորում են դրանց ընկալումը։ Դրանք որոշում են, թե ով է ներկայացվում որպես պաշտպանվող կողմ և ով՝ որպես ապակայունացնող ուժ։
Իհարկե, այս մոտեցումը միշտ չէ, որ միտումնավոր է։ Այն հաճախ բխում է խմբագրական ավանդույթներից և քաղաքական լեզվից։ Բայց դրա ազդեցությունը իրական է։
Ժամանակի ընթացքում այս ձևակերպումները սովորական են դառնում, իսկ դրանցով ձևավորվող պատկերները՝ ամրապնդվում և վերարտադրվում։
Մարդկային պատմությունները
Իրանի լուսաբանման մեջ գերակշռում է ռազմավարական շեշտադրումը՝ ռազմական օբյեկտներ, տարածաշրջանային կայունություն, էներգետիկ ենթակառուցվածքներ։
Քաղաքացիական կորուստները, առօրյա կյանքի խաթարումը, վախը հաճախ մնում են երկրորդ պլանում կամ ներկայացվում որպես համատեքստ, ոչ թե որպես կենտրոնական պատմություն։
Սա եզակի չէ Իրանի դեպքում։ Այս երևույթը հատկապես տեսանելի է այն երկրներում, որտեղ մեդիայի հասանելիությունը սահմանափակ է, իսկ այդ պայմաններում լուսաբանման անհավասարակշռությունն ավելի ակնհայտ է դառնում։
Խնդիրը ոչ միայն կողմնակալությունն է
Այս բոլոր գործոնները ցույց են տալիս, որ խնդիրն ավելի խորքային է։
Իրանի մասին լուսաբանումը ձևավորվում է միաժամանակ մի քանի սահմանափակումներով՝ վերահսկվող հասանելիություն, միջնորդավորված աղբյուրներ, դժվար ստուգվող թվային բովանդակություն և արդեն ձևավորված պատմողական կաղապարներ։
Խնդիրը միայն այն չէ, որ համակարգը ստեղծում է մասնակի պատկեր, այլ նաև այն, որ այդ մասնակիությունը ներկայացվում է որպես ամբողջական իրականություն։
Վերջաբան
Իրանի լուսաբանումը կշարունակի մնալ բարդ և հակասական։
Բայց հենց այդ պատճառով է, որ լրագրության հիմնական մարտահրավերը ոչ միայն ճշգրտությունն է, այլև թափանցիկությունը։ Թափանցիկությունն այն մասին, թե ինչ գիտենք, և որ ավելի կարևոր է՝ ինչ չենք կարող իմանալ։
Այդ բացակայող շերտը տեսանելի դարձնելը նույնքան կարևոր է, որքան տեսանելիի մասին պատմելը։
Խնդիրը ոչ թե ավելի շատ տվյալներ ունենալն է, այլ ընդունելը, որ տվյալները միշտ մասնակի են։ Եվ այդ մասնակիությունը պետք է ներկայացնել ոչ թե որպես թուլություն, այլ որպես պատասխանատու լրագրության անբաժանելի մաս։