Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս
Լուսանկարը՝ Vahid Salemi/AP Photo

Իրանում պատերազմի և բողոքի ցույցերի լուսաբանումը մի կարևոր բան է հիշեցնում․ շատ երկրներում անկախ լրագրությունն այլևս չի ստեղծվում երկրի ներսում։ Այն ձևավորվում է արտաքսման մեջ։

Իրանն այժմ տեղեկատվական բլոկադայի մեջ է։ Ինտերնետի անջատումները, կապի խափանումները և միջազգային լրագրողների մուտքի սահմանափակումները դժվարացնում են իրական ժամանակում տեղի ունեցողը ստուգելը։

Այս պայմաններում միջազգային լուսաբանումը հիմնականում կենտրոնանում է ռազմական զարգացումների և տարածաշրջանային քաղաքականության վրա, իսկ մարդկանց կյանքի վրա դրանց ազդեցությունը հաճախ ստվերում է մնում։

Երբ լրագրությունը հնարավոր է միայն արտաքսումից

Իրանն այս երևույթի ամենավերջին օրինակներից է, բայց ոչ միակը։ Վերջին տարիներին նման իրավիճակներ տեսանելի են տարբեր տարածաշրջաններում։

Ռուսական անկախ մեդիայի մի մասն արդեն մոտ մեկ տասնամյակ արտերկրից է աշխատում, իսկ 2022-ի պատերազմից հետո այդ գործընթացն ավելի է արագացել։ Այսօր ավելի քան 60 ռուսական անկախ մեդիա նախագիծ է գործում 25 երկրում։

Բելառուսում ևս 2020-ի ընտրություններից հետո սկսած ճնշումների հետևանքով շուրջ 400 լրագրող և մեդիա աշխատող է ստիպված եղել լքել երկիրը։

Լատինական Ամերիկայում այս միտումը 2018-ից է նկատվում։ Վենեսուելայում և մի շարք այլ երկրներում մեդիայի նկատմամբ ճնշումների և վերահսկման պատճառով ավելի քան 900 լրագրող է արտաքսվել։

Սիրիայի դեպքում արտերկրից աշխատող լրագրությունը 2011-ից է դարձել անկախ մեդիայի հիմնական ձևերից մեկը։ Թեև 2024-ի քաղաքական փոփոխություններից հետո որոշ լրագրողներ փորձում են վերադառնալ երկիր, սակայն ենթակառուցվածքների վնասված լինելը, անվտանգության խնդիրները և քաղաքական անորոշությունը շարունակում են լուրջ մարտահրավերներ ստեղծել։

Այս օրինակները ցույց են տալիս, որ արտաքսումից աշխատող լրագրությունը (exile journalism) այլևս բացառիկ երևույթ չէ։ Այն ավելի հաճախ դառնում է այն ձևը, որի միջոցով անկախ մեդիան փորձում է շարունակել իր աշխատանքը սահմանափակումներով լի տեղեկատվական միջավայրում։

Իհարկե, նման օրինակներ կային դեռևս 19-րդ դարում, երբ հեղափոխական մամուլի մի մասը գործում էր արտերկրում։ Սակայն այսօր դրա մասշտաբները զգալիորեն մեծ են։

Փաստերի ստուգումը հեռվից

Արտաքսման մեջ աշխատող լրագրողների ամենամեծ խնդիրներից մեկը տեղեկատվության ստուգումն է։

Երկրի ներսում գտնվող աղբյուրների հետ կապը հաճախ վտանգավոր է նրանց համար։ Նրանց կարող են հարցաքննել, սպառնալ կամ ճնշումների ենթարկել պարզապես լրագրողի հետ շփվելու համար։ Այդ պատճառով շատ աղբյուրներ խուսափում են խոսելուց։

Իրանի վերջին ինտերնետային սահմանափակումներն այս խնդիրն ավելի տեսանելի են դարձնում։ ԱՄՆ-ում բնակվող իրանցի լրագրող Նեգար Մորթազավին նշում է, որ ինտերնետի անջատման նպատակը ոչ միայն բողոքի ցույցերի կազմակերպումը դժվարացնելն է, այլև տեղեկատվության հոսքը վերահսկելը։

«Նրանք չեն կարող ամբողջությամբ կանխել, որ տեղեկատվությունը հասնի միջազգային մեդիային, բայց կարող են դանդաղեցնել դրա տարածումը»,- ասում է նա։

Գերմանական Zeit-ի հետ համագործակցող իրանցի լրագրող Օմիդ Ռեզաին էլ նշում է, որ ինտերնետի անջատումների ժամանակ լրագրողները հաճախ կորցնում են կապն իրենց աղբյուրների հետ երկրի ներսում։

«Ես աղբյուրների մեծ ցանց ունեմ ամբողջ երկրով մեկ, բայց ինտերնետի անջատման ժամանակ նրանցից ոչ մեկի հետ չեմ կարողանում կապ հաստատել»,- նշում է նա։

Իրանը լուսաբանող լրագրողները հաճախ են բախվում հաքերային հարձակումների, առցանց հալածանքի, երբեմն նաև ֆիզիկական սպառնալիքների, իսկ իրանցի լրագրողների դեպքում այս ամենին գումարվում է հուզական լարվածությունը։

Ուստի լրագրողները ստիպված են աշխատել սահմանափակ տվյալների պայմաններում՝ օգտագործելով բաց աղբյուրների վերլուծություն (OSINT), արբանյակային պատկերներ, սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ստուգում և թվային այլ գործիքներ։ 

Գործնական կանոններ

Արտաքսման մեջ աշխատող լրագրողները հաճախ ձևավորում են անվտանգության և աշխատանքի հատուկ կանոններ։

Նրանք խուսափում են սովորական հեռախոսային կապից և օգտագործում են կապի կոդավորված հարթակներ։ Զգայուն թեմաների շուրջ քննարկումները հաճախ սահմանափակվում են նվազագույն տեղեկատվությամբ։

Որոշ դեպքերում լրագրողները նվազեցնում են հրապարակային ներկայությունը կամ օգտագործում կեղծանուններ՝ իրենց և աղբյուրներին պաշտպանելու համար։

Միաժամանակ, արտաքսումը փոխում է աշխատանքի ձևը։ Տեղական նորությունների փոխարեն լրագրողները հաճախ անցնում են ավելի երկար հետաքննությունների կամ տարածաշրջանային թեմաների, որոնք հնարավոր է ուսումնասիրել հեռվից։

Տեղեկատվական վակուումի հետևանքները

Երբ փաստերի վրա հիմնված լրագրությունը սահմանափակվում է, տեղեկատվական դաշտն արագ լցվում է այլ դերակատարներով։

Քարոզչությունը և դավադրապաշտական պատմությունները հաճախ ավելի արագ են տարածվում, քան ստուգված տեղեկատվությունը։ Այդ պայմաններում առավելություն են ստանում ոչ թե նրանք, ովքեր աշխատում են փաստերի հետ, այլ նրանք, ովքեր ունեն ավելի մեծ հարթակ կամ ավելի շատ ռեսուրսներ։

Օրինակ, վերջին ինտերնետային անջատումների ընթացքում Իրանի ներսից տեսանյութերն ու տեղեկությունները հաճախ հասնում էին ժամեր, երբեմն նույնիսկ օրեր անց։ Այդ ընթացքում սոցիալական ցանցերում տարածվում էին տարբեր, երբեմն հակասական տեղեկություններ, որոնց իսկությունը ստուգելը դժվար էր։

Աջակցող մեխանիզմներ

Վերջին տարիներին արտաքսման մեջ աշխատող լրագրողների համար սկսել է միջազգային աջակցության համակարգ ձևավորվել։ Օրինակ՝ JX Fund-ը («Արտաքսման մեջ գործող լրագրության եվրոպական հիմնադրամ») աջակցում է արտաքսված լրագրողներին և մեդիա կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց աշխատանքը։

Նման ծրագրեր ունեն նաև միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների»-ն (RSF), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Միջազգային լրատվամիջոցների աջակցություն կազմակերպությունը (IMS), որոնք տրամադրում են ֆինանսական աջակցություն, անվտանգության խորհրդատվություն և մասնագիտական ռեսուրսներ արտաքսման մեջ գտնվող լրագրողների համար։

Այս նախաձեռնությունները կարևոր են, բայց դրանք նաև ցույց են տալիս մեկ այլ իրականություն՝ լրագրությունն ավելի ու ավելի հաճախ է ստիպված լինում շարունակել իր աշխատանքը բնական միջավայրից դուրս։

«Արտաքսման լրագրությունը» իդեալական պայման չէ, բայց հաճախ այն միակ ճանապարհն է պատմելու այն մասին, թե ինչ է տեղի ունենում փակ հասարակությունների ներսում։

Եվ քանի դեռ այդ պատմությունները շարունակում են պատմվել՝ թեկուզ հեռվից, անկախ լրագրությունը շարունակում է գոյություն ունենալ։