Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Գլոբալ հանցավոր աշխարհը ենթարկվել է տեկտոնիկ փոփոխությունների՝ ավանդական մաքսանենգությունից, ռեկետից և այլ հին, լամպային հանցագործություններից անցում կատարելով դեպի սոցիալական ինժեներիայի արդյունաբերական մասշտաբի արտադրության: 

2026 թվականի սկզբի դրությամբ զեղծարարությունները և կիբեռխարդախությունները ներկայացնում են համաշխարհային ֆինանսական համակարգի ամենալուրջ սպառնալիքներից մեկը՝ 2024 թվականին գեներացնելով մոտ 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 1%-ին : Այս զարգացումը ոչ միայն քանակական է, այլև որակական՝ հանցավոր խմբավորումներն այսօր գործում են որպես վերազգային կորպորացիաներ: Անցնել են այն ժամանակները, երբ փոքրիկ, ընտանեկան բիզնեսները զբաղվում էին նիգերիական սպամով։ Այսօր միջազգային մաֆիոզ խմբավորումները կենտրոնացնում են իրենց մոտ ողջ միջազգային սքամի, կիբեր զեղծարարության շուկան, որը սկսում է մրցել թմրադեղերի և զենքի ապօրինի շարժի հետ։

Զեղծարարության կենտրոնների համաշխարհային ճարտարապետությունը

Ժամանակակից զեղծարարության կենտրոնը բնութագրվում է իր «գլոբալ» բնույթով. այն ֆիզիկապես արմատավորված է տեղական իրավասություններում, սակայն օգտագործում է գլոբալ տեխնոլոգիական և ֆինանսական ենթակառուցվածքները: Հետազոտություններն առանձնացնում են երեք հիմնական մոդել:

Հայաստանում, ինչպես նաև, օրինակ, Թուրքիայում և Բալկանների երկրներում, հիմնականում աշխատում է հետևյալ մոդելը. համեմատաբար փոքրածավալ, բարձր շարժունակություն ունեցող միավորներ, որոնք քողարկվում են օրինական ՏՏ ընկերությունների կամ զանգերի կենտրոնների անվան տակ: Վերջին երկու տարվա ընթացքում իրավապահները Հայաստանում վնասազերծել են գրեթե երկու տասնյակի հասնող զանգերի կենտրոններ, որտեղ փաստացի աշխատում էին  հազարավոր ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Սա խոսում է այն մասին, որ Հայասատանը շատ արագ վերածվում է միջազգային զեղծարարության շղթայի մի մասի։ 

Ֆինանսական մեքենան. Կրիպտոարժույթ և «Փողերի լվացումը որպես ծառայություն»

Գլոբալ զեղծարարության շուկան հենվում է պրոֆեսիոնալ փողերի լվացման ինդուստրիայի վրա: USDT-ն (Tether) TRON ցանցում դարձել է զեղծարարության տնտեսության գերիշխող արժույթը՝ շնորհիվ իր կայունության և թվացյալ անոնիմության: 2025թ․-ին զեղծարարության միջին վճարումն աճել է 253%-ով՝ արտացոլելով անցումը դեպի ավելի բարձր արժեք ունեցող թիրախների, ինչպիսիք են, օրինակ, կեղծ ներդրումային սխեմաները:

Հայաստանում և այլուր այս շղթայի կարևորագույն օղակը «փողի ջորիներն» (money mules) են կամ դրոփերնրը՝ խոցելի անձինք, ովքեր բացում են բանկային հաշիվներ կամ թվային դրամապանակներ չնչին միջնորդավճարի դիմաց։ Հաճախ են դեպքերը, երբ մարդիկ հոժար կամքով են մտնում փողերի լվացման սխեմաների մեջ՝ տոկոսի դիմաց։ Սակայն, նույն Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ զեղծարարները մարդկանց ներգրավում են տարբեր «գործընկերային» սխեմաների մեջ, և մարդ ակամայից դառնում է փողերի լվացման շղթայի մի մաս՝ մտածելով, թե ներգրավված է օրինական ներդրումային ծրագրի մեջ։

2025-2026թթ. կիբեռճգնաժամը Հայաստանում

2025 թվականի վերջից Հայաստանը դարձել է բարդ կիբեռգործողությունների թիրախ, որը  համակցում է ֆինանսական և աշխարհաքաղաքական դրդապատճառները: Միանշանակ է, որ զուգահեռ արդեն տարիներ գործող սխեմաների, Հայաստանում ավելի ու ավելի են ակտիվանում բարդ և բազմաքայլ սքամի տարբերակներ։ Հայաստանը գնալով ավելի հրապուրիչ է դառնում զեղծարարների համար։ Բերենք վերջին ամիսներից երկու հետաքրքիր օրինակ.

  1. SS7 արձանագրության շրջանցում և WhatsApp-ի գրավում. 2026-ի հունվար-փետրվար ամիսներին հազարավոր հայաստանյան օգտատերեր դարձան հարձակման թիրախ: Հարձակվողները, ամենայն հավանականությամբ, շրջանցեցին բջջային ցանցերի SS7 արձանագրությունը՝ որսալով SMS հաստատման կոդերը և տիրանալով հաշիվներին. Կամ իրենց հաջողվել էր ներթափանցել երրորդ կողմի SMS մատակարար ընկերությունների ներքին համակարգեր։
  2. ԱԱԾ-ի անվան տակ իրականացվող սխեմաներ. 2025-ի վերջին արձանագրվեց մի բարդ հարձակում, որտեղ զեղծարարները, օգտագործելով անձի կլոնավորում (ամենայն հավանականությամբ, հաղորդակցության մեջ օգտագրծվում էին նաև ԱԲ գործիքներ) և կեղծ ԱԱԾ սպաների կերպարներ, զոհերին վախեցնում էին «ադրբեջանական հանցավոր փոխանցումների» գործով և ստիպում գումարները փոխանցել «անվտանգ հաշիվների»:

Ամփոփելով՝ զեղծարարության գլոբալ շուկան վերածվել է վերազգային, տրիլիոնավոր դոլարների հասնող արդյունաբերության, որը հենվում է սոցիալական ինժեներիայի, կրիպտոարժույթի և մասնագիտացված փողերի լվացման վրա։ Հայաստանը, ցավոք, արագորեն դառնում է այս շղթայի կարևոր հանգույցը՝ գործող բազմաթիվ փոքրածավալ զանգերի կենտրոններով և դրոփերների ցանցերով։ 

Բոլորը գիտակցում են այն վտանգը, որն իրենից ներկայացնում է զեղծարարությունը, որի հետևանքով Հայաստանից հարյուր միլիոնավոր դոլարներ են տարեկան արտահոսում մաֆիոզ խմբերի գրպանները։ Սա իսկապես ազգային անվտանգության մակարդակի խնդիր է արդեն դարձել։ Սակայն, այն որ զեղծարարները նաև բուն են դրել Հայաստանում, սա նույնպես լրջագույն խնդիր է։ 

Հազարավոր երիտասարդներ «նստում են» հեշտ, արագ ու մեծ փողի վրա, որը վաստակվում է ցինիկաբար, օրինակ, թոշակառուների վերջին կուտակված գումարները թալանելով։ Մի քանի տարի նման կյանքով ապրող մարդիկ արդեն դժվարությամբ կկարողանան վերադառնալ օրինական աշխատանքի։ Եթե իհարկե ցանկանան վերադառնալ։