Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջագայությունները մարզերում շարունակվում են։ Ռիալիթի շոու հիշեցնող այդ միջոցառումները հնարավորինս անմիջական «իրական ղեկավար, սիրելի ժողովուրդ» քաղաքական PR-ի տեխնոլոգիաների հիմքերից են, որը լիուլի շահագործում է Փաշինյանը և իր թիմին էլ տանում իր հետ՝ տեղում, առանց միջնորդների «հասարակ ժողովրդի ցավերը լսելու» ու հենց այդտեղ լուծումներ տալու համար։
Հետխորհրդային տարածքում դրա լավագույն օրինակը Բելառուսի տիրակալ Ալեքսանդր Լուկաշենկոն է, որն արդեն տասնամյակից ավելի նման ներկայացումներ է անում՝ առօրյա, ոչ պաշտոնական շորերով, նախարարներին ու պետերին հետևից տանելով, մարդկանց հոգսը լսելով, հանձնարարականներ տալով ու պաշտոնյաներին նախատելով։
Մերօրյա քաղաքացիների, ընտրողների համար հաճախ կարևոր է տեսնել «իսկական» քաղաքական գործիչների, որոնք իրենց հոգսերով կապրեն, անմիջական կշփվեն իրենց հետ։ Նրանք փնտրում են առաջնորդների, որոնք «բնական» են, իրական հույզերով ու էմոցիաներով, չեն գործում ըստ նախապես գրված սցենարի ու բեմադրությունների։ Հատկապես ավագ սերնդի համար, Սովետական միության կարգերը, որտեղ հստակ սահման կար իշխանության ու ժողովրդի միջև, այս անմիջական ոճը գրավիչ է։ Սակայն այս ամենը միշտ չէ որ այսպես է եղել, քաղաքական գործիչները միշտ չէ որ «ժողովրդի մեջ» ու «ժողովրդի հետ» են եղել։ Արևմուտքում այսպիսի քաղաքական ու հանրային հաղորդակցության մշակույթը ձևավորվել է մեդիա տեխնոլոգիաների ու ժողովրդավարական, մարդու իրավունքների ոլորտներում տեղի ունեցած մի քանի անշրջելի փոփոխությունների արդյունքում՝ 1990-ականների հեռուստատեսային ռեալիթի շոուների հայտնվելուն զուգահեռ։
Ռիալիթի շոուների ի հայտ գալը միակ դեպքը չէր, երբ մեդիա նորարարությունը, տեխնոլոգիական ու գաղափարական փոփոխությունները ազդում են մարդկանց, սերունդների պատկերացումների վրա, փոխում կյանքի ու շրջապատող աշխարհի մասին նրանց ընկալումները։ Նույնն էր դարեր առաջ Գուտենբերգի գրատպության գյուտի ու լրատվական թերթերի տարածման ժամանակ, երբ մարդիկ ամեն օր էժան, հասանելի թերթեր էին գնում ու կարդում իրենց քաղաքի, երկրի, պետության ու միջազգային իրադրության մասին։ Մարդիկ նույն լուրերն էին կարդում ու երևակայում իրենց պես թերթ կարդացող հայրենակիցներին, ընդհանուր թեմաներ էին գտնում ու հաղորդակցվում՝ հիմք դնելով ժողովրդավարությանը։
Նույն տրամաբանությամբ էլ զանգվածային ֆիլմարտադրությունը, կինոթատրոնները, անձնական հեռուսատացույցը փոխեցին աշխարհն ու մարդկանց։ Հեռուստատեսության տեխնոլոգիական ու իդեոլոգիական զարգացման աստիճաններից մեկը՝ ռիալիթի հեռուստատեսությունը, փոխեց հանրության պատկերացումները «իրականի» մասին։ Հանկարծ էկրաններին հայտնվեցին սովորական մարդիկ, որոնք կիսվում էին իրենց անձնական պատմություններով, հույզերով ու խնդիրներով։ Հեռուստադիտողը սովորեց տեսնել հնարավորինս անկեղծ, կարծես թե չզտված վարքագիծ։ Արդյունքում, հանրությունը սկսեց նույնօրինակ անմիջականություն, առօրեական պահվածք ու «իսկականություն» ակնկալել քաղաքական գործիչներից։
Միաժամանակ, ռեալիթի հեռուստատեսության կայացումնը հնարավոր դարձավ երկու հիմնական գործոնների շնորհիվ։ Առաջինը ժողովրդավարության զարգացումն էր՝ լուսանցքում գտնվող մարդկանց, խմբերի ձայնը լսելի դարձնելը։ Ավանդական հեռուստատեսությունը, հեռուստաալիքները նոր լսարան փնտրելով, ձգտելով մեծացնել իր սփռվածությունն ու եկամուտները, փորձում էր եթերում ներկայացնել այն խմբերին, որոնք նախկինում անտեսված էին, այդ թվում՝ շարքային մարդկանց՝ ոչ միայն հայտնիներին կամ վերնախավին։ Հեռուստատեսությունից հետ չմնացին նաև քաղաքական գործիչները՝ ձգտելով նոր էլեկտորատ, նոր ընտրողներ ձեռք բերել։
Մյուս առանցքային փոփոխությունը տեխնոլոգիական առաջընթացն էր։ Նոր աուդիո-վիդեո տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրին արտադրական գործընթացը։ Անձնական օգտագործման, ոչ գերթանկ, մոբիլ, թեթև ու հեշտ կառավարվող տեսախցիկները կարող էին ձայնագրել ու տեսագրել բարձրորակ տեսանյութեր, իսկ թվային մոնտաժը թույլ էր տալիս պրոդյուսերներին արագորեն խմբագրել կադրերը։
Ժողովրդավարական և տեխնոլոգիական փոփոխությունները միասին նպաստեցին ռեալիթի հեռուստատեսության ստեղծմանը և, ուղղակի կամ անուղղակի փոխեցին ժամանակակից քաղաքականությունը։ Այժմ քաղաքական գործիչներից ակնկալվում է տեսախցիկի առջև մատուցել յուրօրինակ «իսկականություն», և Փաշինյանն ու նրա պես հարյուրավոր ու հազարավոր քաղաքական գործիչներ դեռևս 1990թ սկսած փորձում են դիրքավորվել ռիալիթի շոուների նմանությամբ՝ ցույց տալ իրենց տունը, աշխատատեղը, առօրյան, կենցաղը, ընտանիքի անդամներին, հագնվելը, նմանվել ու սնվել իրենց էլեկտորատի պես։ Նպատակն է համոզել, որ իշխանության ու հասարակ մարդու միջև դիստանցիա չկա, որ իրենք հասարակ են, նրանցից մեկն են ու նրանց ընտրելով մարդիկ իրենք իրենց կընտրեն։