Նախորդ անգամ անդրադարձել էինք մեդիա դաշտի հնարավոր ձևափոխումներին, որոնք կարող են տեղի ունենալ մոտակա հինգ տարիների ընթացքում։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես կարող է փոփոխվել մեր հայաստանյան մեդիա տիրույթը այդ նույն հինգ տարում։
Իհարկե, այս ամենը անհասկանալի, փոփոխվող ու խառը աշխարհում զուտ մտային վարժանք է։ Եվ իհարկե, Հայաստանում շատ բաներ աշխարհին համահունչ փոփոխվելու են։ Սակայն, կլինեն տեղական և, միգուցե, տարածաշրջանային յուրահատկություններ։
Արտադրության հեղափոխություն. Ավտոմատացումից մինչև ավտոնոմ ձևաչափեր
Արհեստական բանականության ներդրումը խմբագրի ամենօրյա աշխատանքում ամբողջությամբ կփոխի նյութերի ստեղծման շղթան:
- Հայալեզու արհեստական բանականության բեկում. Լայն լեզվական մոդելները (LLM) կհաղթահարեն հայոց լեզվի բարդությունները, որոնք արդեն հաղթահարման ուղղու վրա են: Տեղական մակարդակում վերապատրաստված (trained) համակարգերն իրենց վրա կվերցնեն առօրյա աշխատանքի մինչև 70%-ը՝ միջազգային ամփոփագրերի ակնթարթային թարգմանությունից մինչև մաքուր գրական հայերենով տեքստերի գեներացում: Կհայտնվեն վիրտուալ AI-հաղորդավարներ, որոնք զգալիորեն կնվազեցնեն վիդեո արտադրության (production) ինքնարժեքը:
- Մուլտիմոդալություն և սինթետիկ վերակառուցում. Տեքստի, աուդիոյի և վիդեոյի միջև բաժանումը կվերանա: Տեքստային տվյալները գեներատիվ մոդելների (text-to-video) միջոցով անմիջապես կվերածվեն իրադարձությունների մանրամասն վիզուալ վերակառուցման, որտեղ լրագրողները չեն կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել: Սա, բնականաբար, գլոբալ տենդենց է լինելու։ Սակայն, Հայաստանի մամուլի համար սա կլինի հնարավորությւոն վերջապես դուրս գալ միջագային մակարդակի լուրահավաքի։ Գաղտնիք չէ, որ ներկայումս միջազգային լրահոսը մեր երկրում ձևավորվում է խիստ սահմանափակ մեթոդներով, խմբագրությունները գերադասում են միայն խիստ սահմանափակ ձևաչափով արտատպել արտասահմանյան աղբյուրները։ Նոր տեխնոլոգիաները թույլ կտան միջազգային լրահոսը լսարանին ներկայացնել ավելի փոխկապակցված և՛ տեղական լրահոսի, և՛ անմիջապես լսարանի հետ։
- Ֆինանսական լրագրության ավտոմատացում. Շուկաների առօրյա լուսաբանումը, կորպորատիվ հաշվետվությունների վերլուծությունները, բրոքերային ծառայությունների և տեղական IPO-ների մասին նորությունները կանցնեն մասնագիտացված AI-գործակալներին: Լրագրողներին կմնա պրեմիում փորձագիտությունը՝ հետաքննություններ և ինսայդերական վերլուծություններ, որոնք հասանելի չեն մեքենայական ընթերցման համար: Իհարկե, սա կլինի այն դեպքում, երբ / եթե մի կողմից զարգանա տեղական ֆինասական շուկան։ Մյուս կողմից, վերջապես տնտեսական տիրույթը հետաքրքիր դառնա լսարանին։ Որոշ նախադրյալներ արդեն կան։
Սպառման և ուշադրության տնտեսության տեղաշարժ
Բովանդակության սպառման և դրա մոնետիզացիայի մեթոդները կհեռանան հարթ էկրանների և բաններային գովազդի հնացած մոդելներից:
- Տարածական վեբ և երկխոսային նորություններ. Լսարանը կանցնի խառը իրականության տեխնոլոգիաների կիրառմանը: Ինֆոգրաֆիկան և քարտեզները կտեղակայվեն 3D տարածության մեջ: Երկար տեքստերի (longread) պասիվ ընթերցման փոխարեն օգտատերերը երկխոսության մեջ կմտնեն նորությունների հետ՝ պահանջելով ներկառուցված ԱԲ-ից հոդվածի մանրամասների անհատականացված բացատրություններ: Սա կարող է զարգանալ միայն լավատեսական սցենարում, եթե հասարակությունը չթաղվի տիկտոկյան կարճ տեսանյութերի սպառման մեջ՝ վերջնականորեն կորցնելով ներքին ակտիվությունը մեդիան սպառելու ընթացքում։
- Վստահության տնտեսություն և «մաքուր գոտիներ». Սինթետիկ բովանդակությունից հոգնածությունը պահանջարկ կստեղծի «ստուգված իրականությամբ» հարթակների նկատմամբ: Ընթերցողները պատրաստ կլինեն վճարել այն մեդիայի բաժանորդագրության համար, որը երաշխավորում է թաքնված ԱԲ-գեներացիաների բացակայություն: Սա հոռետեսական սցենարի լավատեսական ենթասցենարն է։ Երբ հասարակության մեծ մասը դառնալու է կարճ տեսանյութերի սպառող թմրամոլ, սակայն վճարունակ փոքրամասնությունը ստեղծելու է նման «մաքուր» գոտիների համար գոյատևելու և զարգանալու համար միջավայր։ Մեծ է հավանականությունը, որ վստահությունը կարող է դառնալ տնտեսության մաս։
Հարավային Կովկասը որպես պոլիգոն. Տեղեկատվական պատերազմներ և տվյալների պաշտպանություն
Տարածաշրջանային առանձնահատկությունը թելադրում է գոյատևման նոր կանոններ: Մեդիան և քաղաքացիական հասարակությունը կհայտնվեն հիբրիդային սպառնալիքների առաջնագծում: Ավելի շուտ՝ արդեն հայտնվել են։ Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանի ուղղությամբ աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացների սրացումը, հիբրիդային գործիքների ավելի մասշտաբային կիրառումը գլոբալ առումով, կարելի է կանխատեսել, որ իրավիճակը սատկանալու է։
- FIMI և հիպերտեղայնացված հարձակումներ. Տեղեկատվության մանիպուլյացիայի և արտաքին միջամտության (FIMI) գործիքները կդառնան ավելի էժան և ճշգրիտ: Սպասվում են տարածաշրջանային բարբառներով թիրախային դիփֆեյքերի (deepfake) ալիքներ և ավտոմատացված բոտ-արշավներ՝ ուղղված հասարակության ակնթարթային բևեռացմանը ցանկացած սահմանային կամ քաղաքական միջադեպի ժամանակ: Ավելին, կարելի է կանխատեսել, որ ԱԲ-ները կօգտագործվեն հասարակական զանգվածների պրոֆիլավորման և ավելի թիրախային ներազդեցության սցենարներ գործածելու համար։
- DFIR-ը որպես լրագրության հիմք. Փաստերի ստուգումը (fact-checking) կվերածվի թվային դատափորձաքննության: DFIR (Digital Forensics and Incident Response) մեթոդների ինտեգրումը խմբագրություններում կդառնա ստանդարտ՝ բնականաբար, որոշ, պատասխանատու խմբագրությունների համար: Նաև թափ կստանան առանձին գործող կազմակերպություններ, որոնք այս գործառույթները կիրականացնեն անկախ մեդիա արտադրությունից։ Մետատվյալների ստուգումը, AI-գեներացիայի արտեֆակտների որոնումը և սպառնալիքների տարածման ցանցերի վերլուծությունը կիրականացվեն մինչև որևէ հնչեղ նյութի հրապարակումը:
- Անվտանգության ստանդարտացում ՀԿ-ների համար. Աղբյուրները և տվյալների բազաները սոցիալական ինժեներիայից պաշտպանելու համար պրոֆիլային հասարակական կազմակերպությունները և մեդիաները կներդնեն թվային անվտանգության խիստ ստանդարտներ: Զրոյական վստահության (Zero Trust) պրակտիկաները և կիբեռհիգիենայի կանոնավոր դասընթացները կդառնան պարտադիր:
- Քրաուդսորս-վավերագրություն. Յուրաքանչյուր սմարթֆոն կդառնա անկախ սենսոր: Ճգնաժամերի ժամանակ խմբագրությունների AI-համակարգերը կհավաքագրեն և մետատվյալներով ավտոմատ կերպով կստուգեն ականատեսների հազարավոր լուսանկարներ ու տեսանյութեր՝ ձևավորելով կատարվածի օբյեկտիվ պատկերը ավելի արագ, քան նկարահանող խմբերի ժամանումը դեպքի վայր: Սա հնարավոր սցենար է, որը ենթադրում է անհատների ներգրավումը կամավոր կամ վճարովի սկզբունքով։ Ենթադրելի է, որ երկու մոդելներն էլ կարող են զարգանալ իրարից անկախ։
Կրկին ընտրություններ
Հարկ է նշել, որ հիգ տարի հետո, եթե բան չփոխվի, Հայաստանում կրկին ընտրական տարի կլինի։ Ինչը նշանակում է, որ մեծ ռեսուրներ կներդրվեն հենց մանիպուլյատիվ մեդիա բովանդակության, ինֆլյուենսերների ներգրավման, ԱԲ-ինֆլյուենսերների ստեղծման և առաջխաղացման մեջ։