Խորեն վարդապետ Հովհաննիսյանը եղել է Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ կաթողիկոսների գավազանակիրը։ Նրա խոսքով՝ ինքը Գարեգին Առաջինի արժեհամակարգն է կրում։ Հիշում է, թե ինչպես էր նա ամեն հինգշաբթի վանքի բնակիչներին հրավիրում պաղպաղակ ուտելու։ Գարեգին Առաջինին համեմատում է Գարեգին Երկրորդի հետ ու հարցնում․ «25 տարի սա որևէ աբեղայի պաղպաղակ հյուրասիրե՞լ է»։
Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը հունիսի 27-ին հարցազրույց է տվել Civic.am-ին և Հանրային հեռուստատեսությանը։
Ամեն իշխանություն ունի իր «Civic.am–ը», և բոլոր իշխանությունները, պայմանական «Civic–ից» բացի, ունեն Հանրային հեռուստատեսություն։ Հ1 ունենալը իշխանությունների համար խնդիր չէ, խնդիր է Հանրայինի համար, որը հատկապես նախընտրական շրջանում, ենթադրվում է, պետք է գտնի կարևոր մի հարցի պատասխան՝ ինչպե՞ս չդառնալ «Civic»:
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչամիջոց Civic.am-ի յություբյան ալիքում Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հարցազրույցը հունիսի 30-ի դրությամբ 79.000 դիտում ուներ, Հ1-ի ալիքում՝ 134.000:
Հասկանալի էր, որ եկեղեցու դիրքորոշումը ներկայացնող որևէ հոգևորական եկեղեցի–ՔՊ լարվածության ֆոնին Civic.am–ի տաղավար չէր գնա, ուստի, Civic-ի եթերում հոգևորական տեսնելը անսպասելի էր, ասելիքը՝ ենթադրելի։ Առաջին նախադասությունից պարզ էր՝ ՀԱԵ–ից հեռացված, կաթողիկոսից դառնացած մեկն է, որը առանց որևէ ներքին կաշկանդման պատրաստ է եթերում կրկնել այն ամենը, ինչ գրվում, խոսվում է եկեղեցու դեմ վերջին ամիսներին․ լրատվամիջոցի ընտրությունն է։
Բայց այն, ինչ կարելի է «Civic»-ին, չի կարելի է Հ1-ին։
Մեկ–երկու ժամ անց նույն մարդը հայտնվեց Հանրային հեռուստատեսության տաղավարում՝ Պետրոս Ղազարյանի մոտ։ Civic-ի հարցազրույցի վերնագիրը՝ «Գարեգինը ԿԳԲ–ի գործակալ է», Պետրոսի տաղավարում հնչում է որպես հարցազրույցի սկիզբ՝ «այսօրվա գահակալը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է»։ «Ձեր ասածը բավական լուրջ մեղադրանք ա, ինչպե՞ս կհիմնավորեք»,-հարցնում է հարցազրուցավարը։ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ասածները կապացուցի դատարանում։ Նրա «հիմնավորումից» հետո Պետրոսն անցնում է հաջորդ հարցին։ Նրա հարցերը քիչ են, կարճ են, նա ընդգծված սակավախոս է ու առաջին անգամ Հանրայինի տաղավարում հայտնված, հանրությանը անհայտ մեկին շատ հարցեր չի տալիս, թողնում է, որ նա սրտի ուզածն ասի։
Պետրոս Ղազարյանի հարցազրույցի վերնագիրը ընդհանուր է՝ «Ի՞նչ են ուզում հոգևորականները»։ Զարմանալի է, որ նա այդ հարցի շուրջ զրուցում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որևէ հոգևորականի հետ, որոնք ձևակերպված հարցի, այսպես ասած, առաջին շահառուներն են, այլ խոսում է Խորեն վարդապետ Հովհաննիսյան ներկայացող անձի հետ, որը, պարզվում է, կարգալույծ է արվել ու, փաստացի, կապ չունի Մայր Աթոռի հետ։
Խորեն վարդապետին կարելի էր գտնել ու Հանրայինի եթեր բերել միայն նպատակային որոնումների դեպքում։
Հասկանալի է, որ ամեն օր եթեր գնացող հաղորդման համար զրուցակից գտնելը հեշտ չէ, հատկապես որ, թվում է՝ բոլոր խոսողները նույն բանն են ասում։ Տեր Եսայի, հայր Ասողիկ, Հովնան Սրբազան․ նրանք ու էլի շատերը, որոնք հարցազրույցներ են տալիս այս օրերին, ներկայացնում են Մայր Աթոռի տեսակետը, պաշտպանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կալանավորված Բագրատ և Միքայել սրբազաններին։ Կարգալույծ արված հոգևորականի խոսքը, որպես երկրորդ կարծիք, կարող էր արժանահավատ ու ընկալելի լինել, եթե նրա դառը փորձառությունը խոսքի մակարդակում վիրավորանք, հերյուրանք, մաղձ, անպատվություն ու զրպարտություն չդառնար, եթե նրա ներկայացրած որոշ «փաստեր» հաջորդ օրն իսկ չհերքվեին, եթե Հ1-ը հյուր կանչելուց առաջ ծանրութեթև աներ՝ ինչո՞ւ է ուզում, որ Հանրայինի տաղավարից Գարեգին Երկրորդի մասին ասվի այն ամենն, ինչ Նիկոլ Փաշինյանը, որպես «շարքային հավատացյալ» գրում է իր ֆեյսբուքյան էջում։
Գարեգին Երկրորդը, անկախ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների գնահատականներից, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է՝ ընտրված ՀԱԵ ժողովական բարձրագույն մարմնի՝ Ազգային-եկեղեցական ժողովի կողմից․ ունե՞ր Հանրային հեռուստատեսությունը իրավունք՝ կարգալույծ հոգևորականի շուրթերով կաթողիկոսի հասցեին ասելու այն, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մեկ «շարքային հավատացյալը»։
Ամեն բան «լմնցավ», երբ Պետրոսը տվեց համլետյան հարցը՝ «Ճի՞շտ է (կաթողիկոսի) կենսաբանական երեխայի մասին ինֆորմացիան»։ Ինչո՞ւ, ինչի՞ց, ինչպե՞ս էր Պետրոս Ղազարյանը հասկացել, որ այդ հարցի ամենաճիշտ հասցեատերը, որից կարելի էր սպառիչ պատասխան ակնկալել, Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիրն էր։
Տրոյական ձի, հրեշ, եռագլուխ հրեշ, գործակալ, չեկիստ, դիկտատոր, կաշառակեր․ սա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչած բառերի ոչ ամբողջական ցանկն է։
Նախկին գավազանակիրը առայժմ ընդգրկված չէ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար Փաշինյանի ստեղծած համակարգող խմբում։ Civic.am-ին ասաց․ «Դեռ դիմում չեմ գրել»։