2023.10.19,

Քննադատ

Սոցցանցերը Հայաստանում. որտեղ ինչքան մարդ կա 

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Աշուն է, ժամանակն է հաշվել սոցցանցերի օգտատերերին Հայաստանում։ Վերջին անգամ դա արել էինք անցյալ տարվա ավարտին, իսկ հիմա համեմատենք տվյալները տասը  ամիս անց։  

Հարկավոր է նշել, որ տվյալները Հայաստանում հաճախ կախված են իրական կյանքում կատարվողի հետ։ Այսպես, օրինակ, ընտրությունների ընթացքում հաճախ նկատվում է ժամանակավոր արտահոսք Ֆեյսբուքից դեպի Ինստագրամ կամ այլ հարթակներ, քանի որ հանրության մի հատվածի համար նախընտրական քարոզչությունը ձանձրալլի է կամ նյարդայնացնող։ Իսկ ֆեյսբուքը այդ առումով ամենաքաղաքականացված հարթակն է Հայաստանում։  

Սահմանային լարվածությունները, Արցախում իրավիճակի հետ կապված՝ վերջին տարիներին դիտարկվում է կտրուկ աճ Տելեգրամում, Թվիթերում։  

Առաջինի դեպքում այն պատճառով, որ Տելեգրամում գոյություն ունեն բազմաթիվ ալիքներ, որոնք ավելի օպերատիվ, քան շատ լրատվականները, տարածում են տեղեկատվություն։ Իսկ Թվիթերը դարձել է լայնորեն օգտագործվող այն մարդկանց կողմից, ով ցանկանում է Հայաստանի, Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասանելի ոչ-հայաստանյան լսարանի համար, դարձնել ավելի տարածված աշխարհով մեկ, քանի որ տվյալ հարթակի ճարտարապետությունը թույլ է տալիս ավելի լայն, ոչ միայն ընկերների շրջանակում տարածել տեղեկատվությունը։ Այս անգամ նման նպատակների սկսեց ծառայել նաև LinkedIn սոցցանցը, որը մինչ վերջերս Հայաստանում խիստ ապաքաղաքականացված էր։  

Եվ այսպես, սկսենք Հայաստանում ամենամեծ լսարան ունեցող հարթակից։ Ֆեյսբուքում լսարանը կրկին, ինչպես մի քանի տարիների ընթացքում, շարունակում է տատանվել 1,5 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի միջև։ Փաստացի, այստեղ իրավիճակը հասել է իր սահմանակետին և ավելին սպասել Ֆեյսբուքի լսարանի պահով չի լինում։ Իհարկե, կախված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակից, լսարանը կարող է մոտ 10-15% աճել կամ նվազել, սակայն խոսքը նույն թվերի մասին է։  

Ինստագրամում 1,2-1,3 միլոն ամսական ակտիվ օգտատերեր կա Հայաստանից, ինչը ցույց է տալիս մոտ հարյուր հազարի աճ անցյալ տարվա համեմատ։ 

Թվիթերի (ներկայումս X) դեպքում ունենք կտրուկ աճ, որն ինչ-որ չափով, ինչպես նշված էր, ամենայն հավանականությամբ հիմնականում պայմանավորված է Արցախի շուրջ իրադարձություններով։ Եթե անցյալ տարի ակտիվ օգտվողների թիվը հազիվ հասնում էր 100 հազարի, ապա տվյալ պահին դրանց թիվը հասնում է 300 հազարի։ Ինչը աննախադեպ աճ է Հայաստանի սոցցանցերի պատմության մեջ։  

LinkedIn-ի դեպքում կրկին ունենք աճ, սակայն ոչ այդքան տպավորիչ։ Այստեղ աճը կազմել է 320 հազարից մինչև 370 հազար։  

Մնացած սոցցանցերում հստակ տվյալներ կրկին չկան, քանի որ հարթակները կամ այլ երրորդ կողմի կազմակերպությունները չեն տրամադրում հստակ տվյալներ Հայաստանի լսարանի վերաբերյալ։  

Կարելի է միայն նշել, որ վերջին տարիներին Telegram, TikTok հավելվածները շարունակում են մնալ Հայաստանում ամենաներբեռնվողների ցանկում։  

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *