2023.04.04,

Քննադատ

Աշոտ Փաշինյանի հերքումը, Ալեն Սիմոնյանի գրառումը և Վարդան Ղուկասյանի Տելեգրամը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հերքել է իր վրա հարձակման մասին լուրը։

Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարության տեքստում ասվում է․ «Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»։

Ո՞վ է տարածել վարչապետին որդուն ծեծի ենթարկելու մասին լուրը։ Հայաստանի բազմաթիվ լրատվական կայքերը այդ լուրը գրելիս, որպես տեղեկության աղբյուր նշում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան»,- ԱԺ նախագահի խոսքն էր տարածում news.am-ը։ «Սա կազմակերպված սադրանքների շարք է. Սիմոնյանը հայտնել է, որ երեկ նաև Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ է միջադեպ գրանցվել»,- գրում էր tert.am-ը։ Նմանատիպ վերնագրերի թիվը մեծ է։

Ալեն Սիմոնյանը Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին գրել էր Ֆեյսբուքում։ Հիմա, Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո, ԱԺ նախագահի այդ գրառումը Ֆեյսբուքում անհասանելի է։

Սքրինշոթ news.am-ի՝ «Հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան» հոդվածից

Ու՞մ նկատի ուներ Աշոտ Փաշինյանը, երբ գրում էր «ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում»։ Ալեն Սիմոնյանի՞ն։

Այստեղ պետք է նոր հարց  տանք՝ իսկ ո՞վ էր Ալեն Սիմոնյանի տարածած տեղեկության աղբյուրը։

Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին իր Տելեգրամում գրել էր Վարդան Ղուկասյանը, որն ավելի հայտնի է «Դոգ» մականունով։ «Ծեծել են Աշոտ Փաշինյանին, կապտացրել աչքը եւ մարմնի տարբեր մասեր»,- այսպիսի տեղեկություն էր տարածել  Վարդան Ղուկասյանը ապրիլի 2-ի երեկոյան 21:50-ին: Նույն օրը 23:13 Վարդան Ղուկասյանի ալիքը Աշոտ Փաշինյանի «ծեծի մասին» յություբյան տեսանյութ էր տարածել։ Տեսանյութը հասանելի չէ։ Վարդան Ղուկասյանի ալիքը Յություբում ապրիլի 4-ի, Երևանի ժամանակով 16:30-ի դրությամբ ընդհանրապես հասանելի չէր։

Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին Ալեն Սիմոնյանի Ֆեյսբուքի գրառումը լրատվամիջոցները տարածել են ապրիլի 3-ին՝ հիմնականում ժամը 11-12-ն ընկած ժամանակահատվածում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այդ գրառումը հասանելի չէ և պարզ չէ դրա հրապարակման հստակ ժամը։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ լրատվամիջոցները սոցիալական ցանցերում ԱԺ նախագահի հրապարակումները սովորաբար տարածում են առավելագույնը մեկ ժամվա ընթացքում, ապա կարող ենք ընդունել, որ Վարդան Ղուկասյանը ավելի շուտ է տարածել Աշոտ Փաշինյանի վերաբերյալ տեղեկությունը, քան դա արել է Ալեն Սիմոնյանը։

Ստացվում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ֆեյսբուքում տարածած, բազմաթիվ լրատվամիջոցներում վերահրապարակված ու հետո արդեն հերքված տեղեկության աղբյուրը «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն է։ Ու այդ դեպքում ստացվում է, որ ԱԺ նախագահը այնքան լուրջ է ընդունում Վարդան Ղուկասյանի՝ տեղեկատվական արտահոսքերով և հայհոյանքներով ինֆորմացիոն հոսքը, որ  դրա հիման վրա Ֆեյսբուքյան գրառում է արել։

Այսօր Ալեն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել Աշոտ Փաշինյանի վերաբերյալ իր տարածած, ապա հեռացրած գրառումը։

Այս պատմության մասին երկու կետ կարելի է առանձնացնել։

Ա․ Ըստ բաց աղբյուրներով տարածված տեղեկությունների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցում հանրային գրառում անելու համար հիմք է ընդունել տարբեր տեսակի ու որակի արտահոսքերով հայտնի Վարդան Ղուկասյանի տեղեկությունը։ Եթե Ալեն Սիմոնյանը Վարդան Ղուկասյանից բացի այլ աղբյուր ունի Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին, ապա արժեր հասարակության հետ այդ թեմայով հաղորդակցվել ու ավելի հասկանալի բացատրել սեփական գործողությունները։

Բ․ Հայաստանյան լրատվամիջոցները որպես տեղեկատվական աղբյուր չեն օգտագործում Վարդան Ղուկասյանի գրառումներն ու տեսանյութերը։ Աշոտ Փաշինյանի մասին լուրը մեդիան տարածել է արդեն միջնորդավորված՝ Ալեն Սիմոնյանի գրառումն օգտագործելով։ Ու սա ինքն իրենով արդեն դրական լուր է։ Առնվազն մեդիա դաշտի համար Վարդան Ղուկասյանը սկզբնաղբյուր չէ։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *