2022.10.05,

Քննադատ

Բարև, Հավաստի Աղբյուր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երկու մասանոց հրապարակումը (սպասելի են նաև այլ մասեր) «Հայկական ժամանակում» շատ մարդ կարդաց ու շատ մարդ մեկնաբանեց՝ նախկին նախագահներից սկսած, պայմանական «տաքսիստներով» վերջացրած։  

Ընդ որում՝ մեծ թվով «տաքսիստներ», այսինքն, մենք բոլորս՝ միջին վիճակագրական քաղաքացիներ, որոնք ունեն խոսքի լիակատար ազատություն ու գրեթե միշտ դեմ են լռելու, երբ խոսելու շանս կա, դա արեցին ամենուրեք՝ սոցցաներից սկսած, համախոհների հետ ինքնամփոփ զրույցներով վերջացրած։ 

ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» որոշեց պատմել անհասկանալի երթուղիների մեջ խճճված տաքսի հիշեցնող Հայաստանի բնակիչներին, թե ինչ ցանկություններ ունեն մեր պետությունից ու Արցախից Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ոզում են, որ ու՞ր գնանք ու ի՞նչ արժե դա։ 

Այդ նյութերը ոչ միայն հղում էին անում հավաստի աղբյուրներին, այլև հենց այդպես էլ ստորագրված էին՝ Հավաստի (անուն) Աղբյուր (ազգանուն)։ Դա կարծես երկակի խաղ էր ու մարքեթինգային քայլ։ 

Մարքեթինգի հետ ամեն ինչ հասկանալի է. վաղուց նիրհող ու ՔՊ քարոզչական թռուցիկ հիշեցնող ՀԺ-ն հանկարծ դարձավ ընթերցվող, քանի որ ասաց մի բան, որն ուրիշները չէին ասում։ Այն էլ Հավաստի Աղբյուրի ստորագրությամբ։ 

Եվ այստեղ շատ հետաքրքիր խաղ է։ 

Եկեք ընդունենք, որ մեծ հաշվով այդ հոդվածներում նորություն չկար։ Բոլորս էլ գիտենք կամ առնվազն կանխազգում ենք պաշտոնական հայտարարություններով ու իրական պատկերին հետևելով, թե ինչ երթուղու տարբերակներ ունենք։ Ասենք, ունենք տաքսու վարորդին կամ դիսպետչերին փոխարինելու տարբերակներ կամ էլ Հայաստանին ուղարկելը կայանատեղի, որտեղ կփոխվեն կենսական դետալները կամ էլ հնարավոր է ամբողջ պետությունը քանդվի պահեստամասերի։ 

Նորությունն այն էր, որ դա ասում է հենց այս պահին ու հենց այս թերթը՝ սեթևեթելով լսարանի հետ, թե միգուցե Հավաստի Աղբյուրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է (լրատվամիջոցի սեփականատերերից Աննա Հակոբյանի ամուսինն ու պետության առաջին դեմքը), այլ նրանից էլ հավաստի մեկը։ Լրատվամիջոցը հանգիստ խղճով կարող է ասել՝ իսկ ո՞վ ասաց, որ հավաստին Փաշինյանն է։ Եվ կլինի ճիշտ։ 

Մանավանդ, որ որքան տեսնում ենք, մի բան ասելը, հաջորդ օրը դա հերքելը, հետո նորից մեջբերելը դարձել է այս անկայուն ժամանակների սիմվոլը։ Երթուղիներն ու գործողությունների քարտեզները փոխվում են սրընթաց, որ իրավիճակն է փոխվում։ Եվ հարկ է մանևրել՝ ձորը չընկնելու կամ բետոնե սյունին ճակատով չխփելու համար։ 

ՀՀ երեք նախկին նախագահները (գումարած կաթողիկոսը) նեղսրտել էին, որ չունեն բավարար ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա ոչ միայն նրանք, այլ բոլորը տեսան, թե ինչ ինֆորմացիա կա բեռնախցիկում։ Իհարկե, դժվար է սպասել, որ դա ամբողջական ինֆորմացիա է (անգամ հաստատ այդպես չէ), բայց կարևոր է, որ այն նետվել է բոլորի առաջ, այլ ոչ թե նեղ շրջանակի։ 

Եվ դրանով դարձել մշտադիտարկման մի գործիք։ Ասենք, հասարակական տրամադրությունների ստուգում այն պայմաններում, երբ ճնշումը Հայաստանի Հանրապետության վրա ուժգնացել է։ Ու ամեն վայրկյան հայտնվում են երթուղիների նոր ծիրեր։ 

Եվ եթե Հավաստի Աղբյուրը որոշել է մտնել մեդիա դաշտ հենց այս ինֆորմացիայով, ապա նրա համար լավագույն ժանրը իրոք սերիալն է, որտեղ ամեն սերիայի սցենարները ընթացքում են փոփոխվում, խմբագրվում ու համալրվում նոր համատեքստով։  

Նոր սերիալներում նոր հերոսների ներգրավումը սպասելի է (Եվրոպա, ԱՄՆ, Իրան, ինչու՞ ոչ՝ Վրաստան)։ Եվ նրանց շարժառիթների բառացի ճիշտ կամ սխալ լինելը անգամ կարևոր չէ, այլ դրան արձագանքելու մեր ունակությունները։  

Դրանք բոլորը պարզապես ինֆորմացիա են՝ մտորելու։ Ի դեպ՝ ընդդիմությունն օրինակ, հայտարարեց, որ դա «արտահոսք» է, ոչ թե ճիշտ կամ թերի թեզեր, այլ հենց արտահոսք, որը հրապարակելը անթույլատրելի է։ Բայց Հավաստի Աղբյուրը իր բարձրությունից ասում է՝ ամեն ինչն էլ թույլատրելի է, քանի դեռ չի հայտնվել ավելի հավաստի աղբյուր՝ ավելի մեծ տառերով։ 

Ու այսպես շարունակ։ Շարունակությունը դեռ չի գրվել, քննարկվում է։ 

Երևի հիմա այն ժամանակն է, երբ ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը ոչ թե իմ ընտանիքն է (ՔՊ-ի տափակ արշավի բառերով), այլ իմ տաքսին։ Կանչել եմ, որ ինձ տեղ հասցնի, բայց տեղը ես պիտի իմանամ, ոչ թե տաքսու վարորդը։ 

Եվ ամեն դեպքում ասում եմ՝ բարև։ 

Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *